Անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ, անգլերեն՝ ACE) պաշարիչներ. ԱՓՖ պաշարիչները կամ ինհիբիտորները լայնացնում են արյունատար անոթները և նվազեցնում արյան ճնշումը, բարելավում սրտի արյունամատակարարումը և կրճատում ձախ փորոքի հետբեռնվածությունը (այն դիմադրությունը, որը կծկվող փորոքը պետք է հաղթահարի արյունն արտամղելիս): Այս խմբի դեղերի օրինակներից են՝ Կապտոպրիլ (Կապոտեն), Էնալապրիլ (Վազոտեկ) և Լիզինոպրիլը (Պրինիվիլ, Զեստրիլ, Զեստորետիկ): Կողմնակի ազդեցություններց է քիչ թվով մարդկանց մոտ առաջացող գրգռիչ չոր հազը:
Անգիոտենզին II ընկալիչների պաշարիչներ (ԱԸՊ, անգլերեն՝ ARB). այս խմբի դեղերը, օրինակ՝ Լոզարտանը (Կոզաար) օժտված են ԱՓՖ պաշարիչների համանման օգտակար ազդեցություններով, սակայն չեն առաջացնում կայուն հազ:
Կալցիումական անցուղիների պաշարիչներ (կալցիումի անտագոնիստներ). այս դեղերը կանխարգելում են կալցիումի մուտքը սրտի և անոթների մկանաբջիջներ, որի արդյունքում անոթները լայնանում են՝ նվազեցնելով արյան ճնշումը: Օրինակներից են Ամլոդիպինը (Նորվազք) և Դիլթիազեմը (Կարդիզեմ, Տիազակ):
Միզամուղներ. թիազիդային միզամուղները կրճատում են արյունատար անոթներում առկա հեղուկների քանակը և նվազեցնում արյան ճնշումը: Օրինակներից են Քլորթիալիդոնը և Հիդրոքլորթիազիդը (Միկրոզիդ):
Բետա-բլոկատորներ. բետա-պաշարիչները, օրինակ՝ Աթենոլոլը (Տենորմին), դանդաղեցնում են սրտազարկը, նվազեցնում արյան ճնշումը և կանխարգելում սթրեսային հորմոնների որոշ վնասակար ազդեցությունները: Այս դեղերը հիպերտենզիայի սկզբնական բուժման մեջ սովորաբար չեն նշանակվում, և բժիշկը կարող է առաջարկել որևէ բետա-բլոկատորի ավելացում, եթե այլ խմբի դեղերը միայնակ բավարար արդյունավետ չեն:
Վիրահատություն կամ այլ միջոցառումներ
Աորտալ փականի սթենոզի բուժումը
Եթե ձախ փորոքի հիպերտրոֆիան զարգացել է աորտալ փականի սթենոզի պատճառով, կարող է առաջանալ նեղացած փականը վերականգնող կամ արհեստական փականով փոխարինող վիրահատության անհրաժեշտություն:
Պատճառային հիվանդությունների բուժումը
Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա. հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի պատճառով զարգացած ձախ փորոքի հիպերտրոֆիան կարելի է բուժել դեղերով, ոչ վիրահատական միջամտություններով, վիրահատությամբ, իմպլանտացվող սարքերով և ապրելակերպի փոփոխություններով:
Ամիլոիդոզ. ամիլոիդոզի բուժումը ներառում է դեղեր, քիմիոթերապիա և, հնարավոր է, ցողունային բջիջների փոխպատվաստում:
Քնի ապնոէ. քնի անոէի բուժումը կարող է նվազեցնել զարկերակային ճնշումը և օգնել ձախ փորոքի գերաճի ետ զարգացմանը, եթե վերջինս պատճառվել է բարձր արյան ճնշմամբ: Այն ներառում է քնած ժամանակ CPAP սարքի օգտագործում և բուժման այլ տեսակներ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։