Skip to main content

Բուժում - Կարմիր տափակ որքին

Եթե ​​ցավ կամ անհանգստություն չունեք, հնարավոր է, որ բուժման կարիք չունենաք:

Մաշկի կարմիր տափակ որքինը հաճախ ամիսներից մինչև տարիների ընթացքում ինքնուրույն մաքրվում է:

Դեղորայքը և բուժման այլ միջոցները կարող են օգնել քորի մեղմացմանը, ցավերի թեթևացմանը և ապաքինման արագացմանը: Խոսեք ձեր բուժաշխատողի հետ՝ քննարկելու բուժման տարբերակների դրական և բացասական կողմերը: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել մեկից ավելի մոտեցում կամ մեթոդ՝ ձեր ախտանիշները վերահսկելու համար:

Եթե ​​հիվանդությունն ազդում է ձեր լորձաթաղանթների և եղունգների վրա, այն ավելի դժվար կլինի բուժել: Նույնիսկ եթե բուժումն օգնում է, ախտանշանները կարող են կրկնվել: Դուք, հավանաբար, առնվազն տարին մեկ անգամ պետք է այցելեք ձեր բժշկին:

Կորտիկոստերոիդներ

Հաճախ մաշկի կարմիր տափակ որքինի բուժման առաջին ընտրությունը կորտիկոստերոիդային նրբաքսուքն է (կրեմ) կամ քսուքը: Սա կարող է օգնել ցավի, այտուցի և բորբոքման մեղմացմանը:

Եթե ​​տեղային ազդեցության կորտիկոստերոիդը չի օգնում և ձեր վիճակը ծանր է կամ հիվանդությունը տարածված է, ձեր բժիշկը կարող է առաջարկել կորտիկոստերոիդային հաբեր կամ ներարկումներ:

Կողմնակի ազդեցությունները տարբեր են՝ կախված օգտագործման եղանակից։ Կորտիկոստերոիդները անվտանգ են, երբ օգտագործվում են ըստ ցուցումների:

Բերանային (օրալ) հակավարակային դեղամիջոցներ

Կարմիր տափակ որքինի համար օգտագործվող այլ բերանային դեղամիջոցներից են հակամալարիային Հիդրօքսիքլորոքինը (Պլաքվինիլ) և հակաբիոտիկ Մետրոնիդազոլը (Ֆլագիլ):

Իմունային պատասխանի դեղամիջոցներ

For more-severe symptoms, you may need prescription medicine that changes your body's immune response. The following drugs have been used with some success but further study is needed:

Ավելի ծանր ախտանիշների դեպքում ձեզ կարող է անհրաժեշտ լինել այնպիսի դեղամիջոցներ, որոնք փոփոխում են ձեր օրգանիզմի իմունային պատասխանը: Հետևյալ դեղամիջոցները որոշ հաջողությամբ օգտագործվել են, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝

  • Ցիկլոսպորին (Սանդիմուն)
  • Ազաթիոպրին (Ազասան)
  • Մեթոտրեքսատ (Տրեքսալ)
  • Միկոֆենոլատ (Ցելսեպտ)
  • Սուլֆասալազին
  • Թալիդոմիդ (Թալոմիդ)։

Հակահիստամինայիններ

Բերանային (օրալ) ընդունվող հակահիստամինային դեղամիջոցը կարող է թուլացնել կարմիր տափակ որքինի պատճառած քորը:

Լուսային թերապիա (ֆոտոթերապիա)

Լուսային թերապիան կարող է օգնել կարմիր տափակ որքինի մաշկային դրսևորումների մաքրմանը: Այս մեթոդը նաև կոչվում է ֆոտոթերապիա։ Մեթոդներից մեկը ներառում է ախտահարված մաշկը մի քանի շաբաթ շարունակ շաբաթական 2-3 անգամ ուլտրամանուշակագույն B ճառագայթների ազդեցությանը ենթարկելը:

Հնարավոր կողմնակի ազդեցություններից մեկը մաշկի գույնի երկարատև փոփոխություններն են (հետբորբոքային հիպերպիգմենտացիա) նույնիսկ մաշկի ապաքինումից հետո:

Ռետինոիդներ

Ձեր բժիշկը կարող է նշանակել որևէ ռետինոիդային դեղամիջոց, որն ընդունվում է բերանով կամ կիրառվում է մաշկի վրա: Օրինակներից մեկը Ացիտրետինն է:

Ռետինոիդները կարող են առաջացնել բնածին արատներ, ուստի այս տեսակի դեղամիջոցը նախատեսված չէ այն կանանց համար, ովքեր հղի են կամ կարող են հղիանալ: Եթե ​​հղի եք կամ կերակրում եք, ձեր բժիշկը կարող է ձեզ առաջարկել հետաձգել ռետինոիդներով բուժումը կամ ընտրել մեկ այլ բուժման տարբերակ:

Հրահրիչ գործոնների կանխարգելում

Եթե ​​ձեր բժիշկը կարծում է, որ ձեր հիվանդությունը կապված է վարակի, ալերգիայի, ձեր ընդունած դեղամիջոցի կամ որևէ այլ հրահրող գործոնի հետ (տրիգեր), ձեզ կարող է անհրաժեշտ լինել այլ բուժում կամ հետազոտություններ՝ այդ խնդիրը լուծելու համար: Օրինակ, ձեզ կարող է անհրաժեշտ լինել փոխել ձեր սովորական դեղամիջոցը կամ ձեր բժիշկը կարող է առաջարկել ալերգենների համար լրացուցիչ հետազոտություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2024
Վերջին վերանայում՝ 24-07-2024