Թոքի քաղցկեղ. պատճառներ
25-06-2018
2 րոպե

Ծխելը համարվում է թոքի քաղցկեղների մեծ մասի պատճառը ինչպես ծխողների, այնպես էլ երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվող մարդկանց շրջանում:
Սակայն թոքի քաղցկեղը նաև հանդիպում է այն մարդկանց շրջանում, ովքեր երբեք չեն ծխել և երբեք չեն ենթարկվել երկրորդային ծխի ազդեցությանը: Երկրորդ իրավիճակում կարող է թոքի քաղցկեղի որևէ հստակ պատճառ չհայտնաբերվել:
Ինչպես է ծխելն առաջացնում թոքի քաղցկեղ
Բժիշկները համակարծիք են, որ ծխելը առաջացնում է թոքի քաղցկեղ, քանի որ վնասում է թոքային օդուղիների լորձաթաղանթի բջիջները։ Երբ ներշնչում եք ծխախոտի ծուխ, որը լի է քաղցկեղածին նյութերով (կանցերոգեններ), գրեթե անմիջապես թոքային հյուսվածքը սկսվում է փոփոխվել:
Սկզբում օրգանիզմը կարողանում է վերականգնել թոքային հյուսվածքի վնասումը: Այնուամենայնիվ, ծխախոտի ծխի յուրաքանչյուր կրկնվող ազդեցությունից հետո թոքային բջիջները հարաճուն կերպով էլ ավելի են վնասվում: Ժամանակի ընթացքում վնասված բջիջները սկսում են գործել ոչ նորմալ և ի վերջո վերածվում են անկառավարելի բազմացող քաղցկեղային բջիջների:
Թոքի քաղցկեղի տեսակները
Թոքի քաղցկեղն ըստ քաղցկեղային բջիջների բաժանվում է երկու հիմնական տեսակի: Բժիշկը բուժման որոշումը կայացնում է հիմնվելով թոքի քաղցկեղի տեսակի վրա:
Թոքի քաղցկեղի երկու հիմնական տեսակներն են՝
- ոչ մանրբջջային թոքի քաղցկեղ (80-85%), որն իր հերթին լինում է տափակ բջջային, ադենոկարցինոմա և խոշոր բջջային կարցինոմա
- մանրբջջային թոքի քաղցկեղ (15-20%), որը գրեթե միշտ հանդիպում է շատ ծխող մարդկանց շրջանում։
Ռիսկի գործոններ
Բազմաթիվ գործոններ կարող են բարձրացնել թոքի քաղցկեղի ռիսկը: Որոշ գործոններ կարելի է փոփոխության ենթարկել, օրինակ՝ ծխախոտից հրաժարվելը: Մյուս գործոնները վերահսկողությունից դուրս են, օրինակ՝ ընտանեկան պատմությունը:
- Ծխախոտի օգտագործում. թոքի քաղցկեղի ռիսկը բարձրանում է օրական ծխած գլանակների թվին և ծխախոտ օգտագործելու տարիներին զուգընթաց։ Ցանկացած տարիքում ծխախոտից հրաժարվելը զգալիորեն նվազեցնում է թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը։
- Երկրորդային ծխի քրոնիկ ազդեցություն. նույնիսկ եթե ծխող չեք, թոքի քաղցկեղի ռիսկը բարձրանում է, եթե մշտապես ենթարկվում եք երկրորդային ծխի ազդեցությանը:
- Նախկին ճառագայթային բուժում. եթե քաղցկեղի այլ տեսակի կապակցությամբ ստացել եք կրծքավանդակի շրջանի ճառագայթային բուժում, թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձրանում է:
- Ռադոն գազի ազդեցություն. ռադոնն արտադրվում է հողում, քարերի և ջրի մեջ առկա ուրանի բնական քայքայումից և կարող է հայտնվել ներշնչվող օդում: Ռադոնի վտանգավոր մակարդակները կարող են կուտակվել շենքերի կամ տների պատերում:
- Ասբեստոզի և այլ քաղցկեղածինների ազդեցություն. աշխատավայրում ասբեստոզի և այլ քաղցկեղածին նյութերի (օրինակ՝ մկնդեղ, քրոմ և նիկել) քրոնիկ ազդեցությանըենթարկվելը կարող է բարձրացնել թոքի քաղցկեղի ռիսկը, հատկապես, եթե ծխող եք:
- Թոքի քաղցկեղի ընտանեկան պատմություն. ընտանիքում թոքի քաղցկեղով հարազատ ունենալը բարձրացնում է նույն հիվանդության ռիսկը:
Հոդվածը վերանայվել է՝ 08-06-2021