Թոքի քաղցկեղը կարող է հանգեցնել տարբեր բարդությունների, այդ թվում՝ կյանքին սպառնացող:
- Շնչարգելություն և հևոց. թոքի քաղցկեղով տառապող մարդիկ կարող են շնչարգելություն զգալ, եթե քաղցկեղն աճում է՝ արգելափակելով հիմնական շնչուղիները: Թոքի քաղցկեղը կարող է նաև առաջացնել հեղուկի կուտակում թոքերի շուրջ, ինչը դժվարացնում է տուժած թոքի ամբողջական ընդլայնումը, երբ դուք ներշնչում եք:
- Արյունով հազ (արյունախխում). թոքի քաղցկեղը կարող է շնչուղիներում առաջացնել արյունահոսություն, ինչը կարող է հանգեցնել արյունային հազի (հեմոպտիզ): Երբեմն արյունահոսությունը կարող է ուժեղանալ: Կան արյունահոսությունը վերահսկելու համար հատուկ բուժումներ:
- Ցավ. թոքի հարաճուն քաղցկեղը, որը տարածվում է թոքերի ծածկող թաղանթի վրա (թոքամիզ կամ պլևրա) կամ օրգանիզմի այլ շրջան, օրինակ՝ ոսկոր, կարող է ցավ պատճառել: Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցավ եք զգում, քանի որ կան բազմաթիվ բուժումներ ցավը վերահսկելու համար:
- Հեղուկ կրծքավանդակում (պլևրալ արտաքիրտ կամ էֆուզիա). թոքի քաղցկեղը կարող է հանգեցնել հեղուկի կուտակման այն տարածության մեջ, որը կրծքավանդակի խոռոչում շրջապատում է ախտահարված թոքը (պլևրալ տարածություն): Կրծքավանդակում կուտակվող հեղուկը կարող է շնչարգելության և հևոցի պատճառ դառնալ։ Հասանելի են բուժման միջոցներ՝ հեղուկը կրծքավանդակից հեռացնելու և պլևրալ հեղուկի կրկնակի առաջացման ռիսկը նվազեցնելու համար:
- Քաղցկեղ, որը տարածվում է մարմնի այլ շրջաններ (մետաստազներ). թոքի քաղցկեղը հաճախ տարածվում է (մետաստազավորում է) դեպի մարմնի այլ շրջաններ, ինչպիսիք են գլխուղեղը և ոսկորները: Քաղցկեղը, որը տարածվում է, կարող է առաջացնել ցավ, սրտխառնոց, գլխացավ կամ այլ գանգատներ և ախտանիշներ՝ կախված նրանից, թե որ օրգանն է ախտահարված: Երբ թոքի քաղցկեղը տարածվել է թոքերի սահմաններից դուրս, այն հիմնականում բուժելի չէ: Բուժումները հասանելի են՝ նվազեցնելու գանգատներն ու ախտանիշները և օգնելու ձեզ, որ ավելի երկար ապրեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024