Skip to main content

Ախտորոշում - Թոքի քաղցկեղ

Թոքի քաղցկեղը հայտնաբերելու կամ ախտորոշելու համար բժիշկներն օգտվում են տարբեր հետազոտություններից։

Առողջ մարդկանց թոքի քաղցկեղի սքրինինգ

Թոքրի քաղցկեղի բարձր ռիսկ ունեցող մարդիկ կարող են դիտարկել թոքերի քաղցկեղի ամենամյա սքրինինգը ցածր դոզավորման համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) միջոցով: Թոքի քաղցկեղի սքրինինգը սովորաբար առաջարկվում է տարեց մարդկանց, ովքեր երկար տարիներ մոլի ծխող են կամ ովքեր թողել են ծխելը վերջին 15 տարվա ընթացքում:

Քննարկեք ձեր բժշկի հետ թոքի քաղցկեղի ռիսկը: Միասին կարող եք որոշել՝ արդյոք թոքի քաղցկեղի սքրինինգը ձեզ ցուցված է:

Թոքի քաղցկեղի ախտորոշիչ թեստեր

Եթե հիմքեր կան կասկածելու, որ դուք կարող եք ունենալ թոքի քաղցկեղ, ձեր բժիշկը կարող է նշանակել մի շարք հետազոտություններ՝ քաղցկեղային բջիջներ փնտրելու և այլ հիվանդությունները բացառելու համար:

  • Պատկերային հետազոտություններ. ձեր թոքերի ռենտգեն պատկերը կարող է հայտնաբերել ոչ նորմալ գոյացություն կամ հանգույց: ԿՏ սքանավորումը կարող է հայտնաբերել ձեր թոքերի փոքր ախտահարումները, որոնք հնարավոր է ռենտգենով տեսանելի չլինեն:
  • Խորխի բջջաբանական քննություն (ցիտոլոգիա). եթե դուք հազում եք և խորխ եք արտադրում, մանրադիտակի տակ խորխի զննումը երբեմն կարող է հայտնաբերել թոքի քաղցկեղային բջիջներ:
  • Հյուսվածքային նմուշ (բիոպսիա). ոչ նորմալ բջիջների նմուշը կարող է հեռացվել մի միջամտությամբ, որը կոչվում է բիոպսիա: Ձեր բժիշկը կարող է բիոպսիա կատարել մի շարք եղանակներով, ներառյալ բրոնխոսկոպիան, որի ժամանակ նա դիտում է ձեր թոքերի ախտահարված շրջանները՝ օգտագործելով լուսավորված խողովակ, որը ձեր կոկորդով ներմուծվում է թոքեր: Մեդիաստինոսկոպիայի ժամանակ (միջնորմի էնդոսկոպիա) փոքր կտրվածք է արվում ձեր պարանոցի հիմքում, և վիրաբուժական գործիքները տեղադրվում են կրծոսկորի հետևում, որ ավշային հանգույցներից հյուսվածքների նմուշներ վերցնեն: Մեկ այլ տարբերակ ասեղային բիոպսիան է (ասեղային ասպիրացիա), որի ժամանակ ձեր բժիշկը օգտագործում է ռենտգեն կամ ԿՏ՝ ասեղը կրծքավանդակի պատի միջով ուղղորդելու և թոքային հյուսվածքից կասկածելի բջիջներ հավաքելու համար: Բիոպսիայի նմուշը կարող է վերցվել նաև ավշային հանգույցներից կամ քաղցկեղի տարածման այլ շրջաններից, օրինակ՝ ձեր լյարդից:

Ձեր քաղցկեղային բջիջների մանրակրկիտ լաբորատոր անալիզը կբացահայտի, թե ինչ տեսակի թոքի քաղցկեղ ունեք: Բարդ թեստերի արդյունքները կարող են ձեր բժշկին տեղեկացնել ձեր բջիջների առանձնահատկությունների մասին, որոնք կարող են օգնել որոշելու ձեր կանխատեսումը (պրոգնոզ) և ուղղորդելու ձեր բուժումը:

Թոքի քաղցկեղի աստիճանը գնահատող հետազոտություններ

Երբ ձեզ մոտ ախտորոշվի թոքի քաղցկեղ, ձեր բժիշկը կաշխատի որոշել ձեր քաղցկեղի աստիճանը (փուլը): Ձեր քաղցկեղի փուլն օգնում է ձեզ և ձեր բժշկին որոշելու, թե որ բուժումն է առավել նպատակահարմար:

Փուլային հետազոտությունները կարող են ներառել պատկերային միջոցառումներ, որոնք թույլ են տալիս ձեր բժշկին ապացույցներ փնտրել, որ քաղցկեղը տարածվել է ձեր թոքերից դուրս: Այս թեստերը ներառում են՝ ԿՏ, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ) և ոսկորների սքանավորում: Ամեն հետազոտություն չէ, որ հարմար է յուրաքանչյուր մարդու համար, այնպես որ խոսեք ձեր բժշկի հետ, թե որ միջոցառումներն են ձեզ համար տեղին:

Թոքերի քաղցկեղի փուլերը նշվում են հռոմեական թվերով, որոնք տատանվում են 0-ից մինչև IV: Ամենացածր փուլերը ցույց են տալիս, որ թոքի քաղցկեղը ընդգրկում է միայն թոքը: IV փուլի քաղցկեղը համարվում է բաց թողնված, որը տարածվել է մարմնի այլ շրջաններ:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2018
Վերջին վերանայում՝ 06-04-2024