Թոքի քաղցկեղի որոշ ինքնօգնության մեթոդներ կարող են օգնել ձեր ինքնազգացողության բարելավմանը:
Շնչառության պակասի և հևոցի հաղթահարում
Թոքի քաղցկեղով հիվանդներից շատերը հիվանդության ընթացքում ինչ-որ պահի ունենում են օդի պակասի նշաններ և հևոց: Բուժման միջոցները, ինչպիսիք են լրացուցիչ թթվածինը և դեղամիջոցները, կարող են օգնել ձեզ, որ ավելի հարմարավետ զգաք, բայց դրանք միշտ չէ, որ բավարար են:
Շնչառության պակասը մեղմացնելու համար կարող եք փորձել հետևյալ միջոցները:
- Փորձեք հանգստանալ. շնչառության պակասի զգացումը կարող է վախեցնել: Բայց վախն ու անհանգստությունը միայն դժվարացնում են շնչելը: Երբ սկսում եք օդի պակաս զգալ, փորձեք կառավարել վախը՝ ընտրելով այնպիսի գործունեություն, որն օգնում է ձեզ հանգստանալ: Լսեք երաժշտություն, պատկերացրեք ձեր սիրելի հանգստի վայրը, մեդիտացիա արեք կամ աղոթք ասեք:
- Գտեք հարմարավետ դիրք. առաջ թեքվելը կարող է օգնել, երբ օդի պակաս եք զգում:
- Կենտրոնացեք ձեր շնչառության վրա. երբ շնչառության պակաս եք զգում, ձեր միտքը կենտրոնացրեք ձեր շնչառության վրա: Թոքերը օդով լցնելու փորձի փոխարեն կենտրոնացեք ստոծանին կառավարող մկանների շարժման վրա: Փորձեք շնչել սեղմված շուրթերով և ներդաշնակեցնեք ձեր շունչը ձեր ակտիվության հետ:
- Խնայեք ձեր էներգիան կարևորի համար. եթե հևում եք, կարող եք հեշտությամբ հոգնել: Կտրվեք ձեր օրվա ոչ կարևոր գործերից, որ կարողանաք խնայել ձեր ուժերն ավելի կարևոր անելիքների համար:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք շնչառության պակաս կամ եթե ձեր ախտանիշները վատթարանում են, քանի որ կան բազմաթիվ այլ բուժումներ՝ ձեր վիճակը թեթևացնելու համար:
Այլընտրանքային բժշկություն
Թոքի քաղցկեղի օժանդակող և այլընտրանքային բուժումները չեն կարող բուժել ձեր քաղցկեղը: Սակայն դրանք հաճախ կարող են զուգակցվել ձեր բժշկի նշանակած բուժան հետ՝ օգնելու ձեր գանգատների և ախտանիշների թեթևացմանը:
Ամերիկյան կրծքային բժիշկների քոլեջն առաջարկում է թոքի քաղցկեղով տառապող մարդկանց որոշակի օգուտ գտնել հետևյալ միջոցներով:
- Ասեղնաբուժություն. ասեղնաբուժության սեսիայի ընթացքում վերապատրաստված պրակտիկանտը բարակ ասեղներ է մտցնում ձեր մարմնի կոնկրետ կետերում: Ասեղնաբուժությունը կարող է թեթևացնել ցավը և մեղմացնել քաղցկեղի բուժման կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են սրտխառնոցն ու փսխումը, բայց ոչ մի ապացույց չկա, որ ասեղնաբուժությունը որևէ ազդեցություն ունի ձեր քաղցկեղի վրա:
- Հիպնոզ. հիպնոզը սովորաբար արվում է թերապևտի կողմից, ով ձեզ առաջնորդում է թուլացման վարժությունների միջոցով և խնդրում է ձեզ հաճելի և դրական մտքեր մտածել: Հիպնոզը կարող է քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ նվազեցնել անհանգստությունը, սրտխառնոցն ու ցավը:
- Մերսում. մերսման ժամանակ մերսող թերապևտը օգտագործում է իր ձեռքերը՝ ձեր մաշկի և մկանների վրա ճնշում գործադրելու համար: Մերսումը կարող է օգնել ազատվելու քաղցկեղով հիվանդ մարդկանց անհանգստությունից և ցավից: Որոշ մերսող թերապևտներ հատուկ պատրաստված են քաղցկեղով հիվանդ մարդկանց հետ աշխատելու համար:
- Մեդիտացիա. մեդիտացիան հանդարտ մտածելու մեթոդ է, երբ դուք կենտրոնանում եք ինչ-որ բանի վրա, օրինակ՝ գաղափարի, պատկերների կամ ձայնի: Մեդիտացիան կարող է նվազեցնել սթրեսը և բարելավել քաղցկեղով հիվանդ մարդկանց կյանքի որակը:
- Յոգա. յոգան համատեղում է մեղմ ձգվող շարժումները խորը շնչառության և մեդիտացիայի հետ: Յոգան կարող է օգնել քաղցկեղով հիվանդ մարդկանց, որ ավելի լավ քնեն:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024