Թոքի քաղցկեղ

Թոքի քաղցկեղն առաջանում է, երբ մեկ կամ զույգ թոքերի բջիջները ձևափոխվում և սկսում են անկառավարելի կերպով կիսվել ու աճել։
Թոքերը ձեր օրգանիզմի շնչառական համակարգի կենտրոնական օրգաններն են։ Դրանք կազմված են տարբեր տրամաչափի շնչուղիներից՝ բրոնխներից, որոնք աստիճանաբար բարակելով վերածվում են բրոնխիոլների և ավարտվում մանր օդապարկերով՝ ալվեոլներով։
Թոքի քաղցկեղը քաղցկեղի ամենահաճախ հանդիպող և ամենածանր ընթացող տեսակներից մեկն է։
Ծխախոտի օգտագործումը համարվում է թոքի քաղցկեղի թիվ մեկ ռիսկի գործոնը. ծխելը «պատասխանատու է» այս քաղցկեղի բոլոր դեպքերի 90%-ի համար։ Թոքի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, որը կարելի է վերագրել նաև տղամարդկանց շրջանում ծխելու ավելի մեծ տարածվածությամբ։
Եթե քաղցկեղը սկսվում է թոքերից, այն կոչվում է «թոքի առաջնային քաղցկեղ»։ Ըստ քաղցկեղային բջիջների տեսակի տարբերում են թոքի առաջնային քաղցկեղի երկու հիմնական տեսակներ, որոնք են՝
- ոչ մանրբջջային թոքի քաղցկեղ (80-85%), որն իր հերթին լինում է տափակ բջջային, ադենոկարցինոմա և խոշոր բջջային կարցինոմա
- մանրբջջային թոքի քաղցկեղ (15-20%)։
Թոքի քաղցկեղի համախտանիշները ներառում են՝
- հազ
- արյունախխում (հազալիս խորխում արյան հետքերի առկայություն)
- կրկնվող բրոնխիտ կամ թոքաբորբ
- ախորժակի կորուստ
- մարմնի կշռի անբացատրելի կորուստ
- օդի պակասի զգացում և հևոց
- կրծքավանդակի ցավեր։
Թոքի քաղցկեղի ախտորոշումը իրականացվում է՝ ելնելով հիվանդի գանգատներից և զննումից, կրծքավանդակի ռենտգենյան հետազոտության, համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) և բրոնխոսկոպիայի արդյունքներից:
Թոքի քաղցկեղը սովորաբար բուժվում է քիմիոթերապիայի, ճառագայթային բուժման և վիրահատության զուգակցմամբ։ Քիմիոթերապիային ավելի հաջող ենթարկվում է մանրբջջային թոքի քաղցկեղը։
Թոքի քաղցկեղով մարդու ապրելիությունը կախված է հիվանդության ախտորոշման պահին քաղցկեղի տարածման աստիճանից (հիվանդության փուլից)։ Ահա թե ինչու վաղ ախտորոշումը կարող է զգալի կերպով նպաստել բուժման արդյունավետության բարձրացմանը։
Հոդվածը վերանայվել է՝ 16-02-2021