Համակարգային կարմիր գայլախտով առաջացած բորբոքումը կարող է ազդել ձեր օրգանիզմի բազմաթիվ շրջանների և համակարգերի վրա:
Կենսականորեն կարևոր օրգան-համակարգերի բարդություններ
- Երիկամներ. գայլախտը կարող է պատճառել երիկամների ծանր ախտահարում (լուպուս նեֆրիտ), իսկ երիկամային անբավարարությունը գայլախտով հիվանդ մարդկանց մահվան հիմնական պատճառներից մեկն է:
- Գլխուղեղ և կենտրոնական նյարդային համակարգ. եթե գլխուղեղն ընդգրկվում է գայլախտային ախտահարման մեջ, զարգանում են գլխացավեր, գլխապտույտ, վարքաբանական փոփոխություններ, տեսողության խնդիրներ և նույնիսկ ինսուլտներ կամ ցնցումներ: Գայլախտով բազմաթիվ մարդիկ կարող են ունենալ հիշողության և իրենց մտքերն արտահայտելու խնդիրներ:
- Արյուն և արյունատար անոթներ. գայլախտը կարող է հանգեցնել արյան հետ կապված խնդիրների, այդ թվում առողջ արյան կարմիր բջիջների քանակի նվազում (սակավարյունություն) և արյունահոսության կամ արյան մակարդման ռիսկի բարձրացում: Գայլախտը նաև կարող է բարդանալ մանր արյունատար անոթների բորբոքմամաբ (վասկուլիտ):
- Թոքեր. գայլախտով հիվանդանալը մեծացնում է կրծքավանդակի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում (պլևրիտ) առաջանալու հավանականությունը, որը կարող է շնչելիս ցավ պատճառել: Հնարավոր են նաև արյունահոսություն թոքերի մեջ և թոքաբորբ (պնևմոնիա):
- Սիրտ. գայլախտը կարող է առաջացնել ձեր սրտի մկանների (միոկարդիտ), զարկերակների կամ սրտի թաղանթի բորբոքում (պերիկարդիտ, էնդոկարդիտ): Զգալիորեն մեծանում է նաև սրտանոթային հիվանդությունների և սրտամկանի ինֆարկտի ռիսկը։
Այլ բարդություններ
- Վարակ. գայլախտով հիվանդ մարդիկ ավելի խոցելի են վարակի նկատմամբ, քանի որ ինչպես հիվանդությունը, այնպես էլ դրա բուժումը կարող են թուլացնել իմունային համակարգը:
- Քաղցկեղ. հավանաբար, գայլախտ ունենալը մեծացնում է քաղցկեղի ռիսկը, սակայն ռիսկը փոքր է:
- Ոսկրային հյուսվածքի նեկրոզ. սա զարգանում է, երբ ոսկրերի արյունամատակարարումը նվազում է` հաճախ հանգեցնելով ոսկորների փոքրիկ կոտրվածքների և ի վերջո՝ ախտաբանական կոտրվածքի:
- Հղիության բարդություններ. գայլախտով կանայք ունեն վիժման ավելի մեծ ռիսկ: Հղի կանանց մոտ գայլախտը նաև բարձրացնում է բարձր արյան ճնշման (պրեէկլամպսիա) և վաղաժամ ծննդաբերության ռիսկը: Այս բարդությունների ռիսկը նվազեցնելու համար բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս հետաձգել հղիությունն այնքան ժամանակ, մինչև ձեր հիվանդությունը վերահսկվի առնվազն վեց ամիս:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024