Համակարգային կարմիր գայլախտի բուժումը կախված է ձեր գանգատներից և ախտանիշներից:
Այն, թե արդյոք դուք պետք է բուժվեք և ինչ դեղամիջոցներ պետ է օգտագործեք, պահանջում է ձեր բժշկի հետ օգուտների և ռիսկերի մանրակրկիտ քննարկում:
Քանի դեռ ձեր գանգատներն ու ախտանիշները բռնկվում և նվազում են, դուք և ձեր բժիշկը կարող են պարզել, որ դուք պետք է փոխեք դեղերը կամ դեղաչափերը: Գայլախտը վերահսկելու համար առավել հաճախ օգտագործվող դեղամիջոցները ներառում են հետևյալը:
- Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ). սովորական ՈՍՀԲԴ-ները, ինչպիսիք են Նապրոքսեն նատրիումը (Ալեվե) և Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն), կարող են օգտագործվել գայլախտի հետ կապված ցավի, այտուցի և ջերմության բուժման համար: Ավելի ուժեղ ՈՍՀԲԴ-ները հասանելի են դեղատոմսով: ՈՍՀԲԴ-ների կողմնակի ազդեցությունները կարող են ներառել ստամոքսի արյունահոսություն, երիկամների հետ կապված խնդիրներ և սրտային խնդիրների ռիսկի բարձրացում:
- Մալարիայի բուժման դեղեր. մալարիայի բուժման համար սովորաբար օգտագործվող դեղամիջոցները, ինչպիսին է Հիդրօքսիքլորոքինը (Պլաքվինիլ), ազդում են իմունային համակարգի վրա և կարող են օգնել գայլախտի բռնկումների ռիսկի նվազեցմանը: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել ստամոքսի խանգարում և, շատ հազվադեպ, աչքի ցանցաթաղանթի վնասում: Այս դեղամիջոցներն ընդունելիս խորհուրդ է տրվում պարբերաբար աչքի հետազոտություններ կատարել:
- Կորտիկոստերոիդներ. Պրեդնիզոնը և կորտիկոստերոիդների այլ տեսակներ կարող են ճնշել գայլախտային բորբոքումը: Ստերոիդների, օրինակ՝ Մեթիլպրեդնիզոլոնի (Մեդրոլը) բարձր դեղաչափերը հաճախ օգտագործվում են ծանր բորբոքումների վերահսկման համար, որոնք ներառում են երիկամները և գլխուղեղը: Կողմնակի ազդեցությունները ներառում են քաշի ավելացում, հեշտ արյունազեղումներ, ոսկորների թուլացում (օստեոպորոզ), բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), դիաբետ և վարակվելու ռիսկի բարձրացում: Կողմնակի ազդեցությունների ռիսկը մեծանում է ավելի բարձր դեղաչափերի և երկարատև բուժման դեպքում:
- Իմունային համակարգն ընկճող դեղեր. դեղամիջոցները, որոնք ճնշում են իմունային համակարգը, կարող են օգտակար լինել գայլախտի ծանր դեպքերում: Օրինակները ներառում են Ազաթիոպրին (Իմուրան, Ազասան), Միկոֆենոլատ (Սելլսեպտ), Մետոտրեքսատ (Տրեքսալ, Քսատմեպ և այլն), Ցիկլոսպորին (Սանդիմմուն, Նեօրալ, Գենգրաֆ) և Լեֆլունոմիդ (Արավա): Հնարավոր կողմնակի ազդեցությունները կարող են ներառել վարակի, լյարդի վնասման, պտղաբերության նվազման և քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացումը:
- Կենսաբանական ակտիվ դեղեր. դեղորայքի մեկ այլ տեսակ՝ ներերակային ներարկվող Բելիմումաբը (Բենլիստա), նույնպես որոշ մարդկանց մոտ մեղմացնում է գայլախտի ախտանիշները: Կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոց, փորլուծություն և վարակներ: Հազվադեպ կարող է առաջանալ դեպրեսիայի վատթարացում: Ռիտուքսիմաբը (Ռիտուքսան, Տրուքսիմա) կարող է օգտակար լինել որոշ մարդկանց համար, որոնց այլ դեղամիջոցները չեն օգնել: Կողմնակի ազդեցությունները ներառում են ներերակային ներարկման և վարակների նկատմամբ ալերգիկ ռեակցիաները:
Կլինիկական փորձարկումներում Վոկլոսպորինը ցույց է տվել, որ արդյունավետ է գայլախտի բուժման համար: Ներկայումս ուսումնասիրվում են գայլախտի բուժման այլ հնարավոր դեղամիջոցներ, այդ թվում՝ Աբատասեպտ (Օրենսիա), Անիֆրոլումաբ և այլն:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024