Եթե ունեք համակարգային կարմիր գայլախտ, քայլեր ձեռնարկեք ձեր օրգանիզմի մասին հոգ տանելու համար:
Պարզ միջոցները կարող են օգնել ձեզ կանխելու գայլախտի սրացումները և, եթե դրանք տեղի ունենան, ավելի լավ հաղթահարեք ձեր գանգատներն ու ախտանիշները:
- Պարբերաբար այցելեք ձեր բժշկին. կանոնավոր ստուգումներ անձնելը, երբ ձեր ախտանիշները վատթարանում են, կարող է օգնել ձեր բժշկին կանխելու սրացումները և կարող է օգտակար լինել առօրյա առողջական խնդիրների լուծման համար, ինչպիսիք են սթրեսը, սննդակարգը և վարժանքները, որոնք կարող են օգտակար լինել գայլախտի բարդությունների կանխարգելման համար:
- Զգուշացեք արևի ճառագայթներից. ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են սրացում առաջացնել, ուստի պաշտպանվեք արևից պաշտպանիչ հագուստով, օրինակ՝ գլխարկ, երկարաթև վերնաշապիկ և երկար տաբատ: Նույն կերպ, ամեն անգամ դուրս գալուց առաջ ձեր բաց մաշկն օծեք արևապաշտպան քսուքով:
- Պարբերաբար վարժանքներ արեք. վարժանքները կարող են օգնել ամուր պահելու ձեր ոսկորները, նվազեցնելու սրտամկանի ինֆարկտի ռիսկը և նպաստելու ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը:
- Մի՛ ծխեք. ծխելը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը և կարող է վատթարացնել գայլախտի ազդեցությունը սրտի և արյունատար անոթների վրա:
- Անցեք առողջ սննդակարգի. առողջ սննդակարգը շեշտը դնում է մրգերի, բանջարեղենի և ամբողջահատիկ ձավարեղենի վրա: Երբեմն դուք կարող եք ունենալ սննդակարգի սահմանափակումներ, հատկապես, եթե ունեք բարձր արյան ճնշում, երիկամների վնասում կամ ստամոքս-աղիքային խնդիրներ:
- Հարցրեք ձեր բժշկին, արդյոք Ձեզ անհրաժեշտ են վիտամին D և կալցիումի հավելումներ. կան որոշ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ գայլախտով հիվանդ մարդիկ կարող են օգտվել հավելյալ վիտամին D-ից: Կալցիումի հավելումը կարող է օգնել ձեզ բավարարելու 1000 միլիգրամից մինչև 1200 միլիգրամ օրական առաջարկվող սննդային չափաբաժինը` կախված ձեր տարիքից, որ ձեր ոսկորները առողջ մնան:
Այլընտրանքային բժշկություն
Երբեմն գայլախտով հիվանդ մարդիկ փնտրում են այլընտրանքային կամ հավելյալ բուժումներ: Չկան այլընտրանքային բուժումներ, որոնք ապացուցված են, որ փոխում են գայլախտի ընթացքը, թեև որոշները կարող են օգնել թեթևացնելու հիվանդության ախտանիշները:
Քննարկեք այս բուժումները ձեր բժշկի հետ, նախքան դրանք ինքնուրույն սկսելը: Նա կարող է օգնել ձեզ կշռադատելու օգուտներն ու ռիսկերը և ասել, թե արդյոք բուժումները բացասաբար կազդեն ձեր ընթացիկ գայլախտի դեղամիջոցների վրա:
Գայլախտի հավելյալ և այլընտրանքային բուժումները ներառում են հետևյալը:
- Դեհիդրոէպիանդրոստերոն (DHEA). այս հորմոն պարունակող հավելումների ընդունումը սովորական բուժման հետ մեկտեղ կարող է օգնել նվազեցնելու գայլախտի սրացումները: DHEA-ն կարող է կանանց մոտ պզուկների առաջացման պատճառ դառնալ:
- Ձկան յուղ. ձկան յուղի հավելումները պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք կարող են օգտակար լինել գայլախտով հիվանդ մարդկանց համար: Նախնական ուսումնասիրությունները որոշակի խոստումնալից արդյունքների են հանգել, թեև ավելի շատ ուսումնասիրություն է անհրաժեշտ: Ձկան յուղի հավելումների կողմնակի ազդեցությունները կարող են ներառել սրտխառնոց, փորկապություն և բերանում ձկան համ:
- Ասեղնաբուժություն. այս թերապիան օգտագործում է բարակ ասեղներ, որոնք տեղադրվում են մաշկի մեջ: Այն կարող է օգնել թեթևացնելու գայլախտի հետ կապված մկանային ցավը:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024