Կարմրուկը խիստ վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է վարակված երեխայի կամ չափահասի քթի խոռոչում և ըմպան-կոկորդում բազմացող վիրուսով:
Կարմրուկի հարուցիչը ՌՆԹ պարունակող պարամիքսովիրուս է, որը պատկանում է միքսովիրուսների ընտանիքի Morbillivirus ցեղին: Հարուցիչն արտաքին գործոնների ազդեցությամբ կորցնում է կայունությունն ու արագ ոչնչանում է (ուլտրամանուշակագույն ճառագայթներ, արևի լույս կամ չոր պայմաններ) :
Բազմանալուց հետո, երբ կարմրուկով ինչ-որ մեկը հազում, փռշտում կամ խոսում է, վարակված կաթիլները տարածվում են օդով, և նույն սենյակում գտվնող այլ մարդիկ կարող են ներշնչել դրանք: Վիրուսը նաև կարող է շենքի մուտքերով, օդափոխության համակարգերով կամ միջանցքներով:
Վարակված կաթիլները նաև կարող են հայտնվել մակերևույթների վրա, որտեղ մի քանի ժամ մնում են ակտիվ և վարակիչ: Դուք կարող եք վարակվել վիրուսով, եթե դիպչեք վարակված մակերեսին, որից հետո մատները մտցնեք բերանը, քիթը կամ տրորեք աչքերը: Այս ուղիով, չի բացառվում, օրինակ, կենցաղային իրերի կամ խաղալիքների միջոցով վիրուսի տարածումը:
Կարմրուկն այն աստիճան վարակիչ է, որ հիվանդ մարդու հետ շփվող չպատվաստված 10 անձից 9-ը վարակվում է:
Կարմրուկն անթրոպոնոզ հիվանդություն է, ինչը նշանակում է, որ հանդիպում է միայն մարդկանց շրջանում և վարակվել հնարավոր է միայն հիվանդ մարդուց: Կարմրուկին նաև բնորոշ է օջախայնությունը (վարակի բռնկում նույն սենյակում գտնվող մարդկանց շրջանում՝ մսուր-մանկապարտեզներ, խնամքի կենտրոններ, դասարաններ և այլն):
Ռիսկի գործոններ
Կարմրուկի ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Չպատվաստված լինելը. եթե չեք ստացել կարմրուկի դեմ պատվաստանյութ, ուրեմն ավելի հավանական է, որ կվարակվեք այս վիրուսով:
- Միջազգային ճանապարհորդություններ. եթե ճանապարհորդում եք զարգացող երկրներում, որտեղ կարմրուկը տարածված է, ենթարկվում եք վարակվելու ավելի բարձր ռիսկին:
- Վիտամին A-ի դեֆիցիտ. սննդով վիտամին A-ի բավարար քանակներ չստանալը բարձրացնում է կարմրուկի ավելի ծանր ընթացքի և բարդությունների զարգացման ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024