Նույն կերպ, կարմրուկի դեմ պատվաստումը չունի բուժական նշանակություն և միայն կանխարգելում է վիրուսով վարակվելը: Այնուամենայնիվ, կան որոշ միջոցառումներ, որոնք կարող են նվազեցնել վիրուսի հնարավոր ազդեցությանը ենթարկված խոցելի համարվող անձանց վարակվելու հավանականությունը:
Հետ-ազդեցության պատվաստում. չպատվաստված մարդիկ, այդ թվում՝ նորածինները, կարող են ստանալ պատվաստանյութ կարմրուկի վիրուսի ազդեցությանը ենթարկվելուց հետո մինչև 72 ժամվա ընթացքում, որը թույլ է տալիս կանխարգելել հնարավոր վարակի զարգացումը: Եթե, այնուամենայնիվ, հիվանդությունը զարգանում է, հետազդեցության պատվաստումից հետո ախտանիշները լինում են ավելի թեթև և տևում են ավելի կարճ:
Շիճուկային իմունոգլոբուլին. վիրուսի ազդեցության ենթարկված հղի կանայք, նորածինները և թուլացած իմունիտետով անձինք կարող են ստանալ իրենից հակամարմին ներկայացնող շիճուկային իմունոգլոբուլինի մեկ ներարկում: Երբ այս իմունոգլոբուլինը ներարկվում է վիրուսի հետ շփումից հետո մինչև 6 օրվա ընթացքում, կանխարգելվում է կարմրուկով հիվանդանալը կամ հիվանդությունն ընթանում է ավելի թեթև ախտանիշներով:
Դեղամիջոցներ
Ջերմիջեցնողներ. կարմրուկային վարակին ուղեկցող բարձր ջերմությունը մեղմացնելու համար բժշկի խորհրդով կարող եք ստանալ կամ երեխային տալ դեղատոմս չպահանջող ջերմիջեցնող դեղամիջոցներ, օրինակ՝ Ացետամինոֆեն (Թայլենոլ, Պարացետամոլ և այլն), Իբուպրոֆեն (Ադվիլ, Մանկական Մոտրին և այլն) կամ Նապրոքսեն (Ալեվե): Կարմրուկի ախտանիշներով երեխաներին կամ անչափահասներին մի՛ տվեք Ասպիրին: Թեև Ասպիրինը հաստատված է 3 տարեկանից բարձր երեխաների շրջանում օգտագործման համար, ջրծաղիկի կամ գրիպանման նշաններով երեխաները երբեք չպետք է ստանան Ասպիրին, քանի որ վերջինս կապված է Ռեյի համախտանիշի հետ (հազվադեպ, սակայն կյանքին սպառնացող հիվանդություն):
Հակաբիոտիկներ. եթե կարմրուկի ընթացքում զարգացել է բակտերիալ վարակ, օրինակ՝ թոքաբորբ կամ ականջի վարակ, բժիշկը կարող է նշանակել որևէ հակաբիոտիկ:
Վիտամին A. վիտամին A-ի ցածր մակարդակով երեխաների մոտ կարմրուկը կարող է ընթանալ ավելի բուռն: Նման իրավիճակներում վիտամին A-ի նշանակմամբ հիվանդության ախտանիշները կարող են մեղմացվել: 1 տարեկանից բարձր երեխաներին վիտամին A-ն սովորաբար նշանակվում է բարձր դեղաչափով՝ 200,000 միջազգային միավոր (ՄՄ, անգլերեն՝ IU)։
Հարթ ընթացքով կարմրուկի բուժումը կազմակերպվում է տնային պայմաններում: Հակառակ վերոնշյալներին, բարդացած կարմրուկի, հատկապես՝ մանկահասակ երեխայի բուժումը ցուցված է կազմակերպել հիվանդանոցային պայմաններում:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։