Կարմրուկի գանգատներն ու ախտանիշները հայտնվում են վիրուսի հետ շփումից 10-14 օր հետո:
Կարմրուկի գանգատներն ու ախտանիշները սովորաբար ներառում են՝
- ջերմություն
- չոր հազ
- քթահոսություն (հարբուխ)
- կոկորդի ցավ
- բորբոքված աչքեր (կոնյուկտիվիտ)
- փոքր աղորիքների դիմաց՝ այտի ներքին լորձաթաղանթի վրա, հազվադեպ՝ նաև շրթունքներին կարմրուկին խիստ բնորոշ մանր սպիտակավուն հանգույցիկներ, որոնք սահմանագծված են կարմրավուն նուրբ պսակով և միմյանց չեն միաձուլվում (Կոպլիկի բծեր)
- հստակ փուլայնությամբ հանգուցիկաբծավոր բնույթի մաշկային ցան, որոնք հաճախ միաձուլվում են միմյանց (սովորաբար սկսվում է հիվանդության 3-5-րդ օրը):
Կարմրուկի փուլերը
Սովորաբար վարակն ընթանում է 2-ից 3 շաբաթ ձգվող 4 փուլով:
- Վարակում և ինկուբացիա (գաղտնի շրջան). վարակվելուց առաջին 10-14 օրվա ընթացքում կարմրուկի վիրուսը տարածվում է մարմնում: Այս ընթացքում կարմրուկի գանգատներ կամ ախտանիշներ չկան:
- Ոչ առանձնահատուկ գանգատներ և ախտանիշներ (նախանշանային (պրեդրոմալ) կամ կատարալ շրջան). կարմրուկը սովորաբար սկսվում է թեթև և չափավոր ջերմությամբ, հաճախ` համառ հազով, քթահոսությամբ (հարբուխ), բորբոքված աչքերով (կոնյուկտիվիտ) և կոկորդի ցավով: Այս համեմատաբար թեթև վիճակը կարող է տևել 2-3 օր:
- Սուր հիվանդություն և ցանավորում (ցանավորման շրջան). ցանը կազմված է փոքր վառ կարմիր հանգուցիկավոր բծերից, որոնցից մի քանիսը մի փոքր բարձրացած են։ Խիտ խմբավորված բծերը և միմյանց միաձուլվող հանգուցիկները մաշկին տալիս են բծավոր կարմիր տեսք: Ցանը կարող է ուղեկցվել չափավոր քորով։ Կարմրուկային ցանը բնորոշվում է փուլայնությամբ: Ցանի առաջին բռնկումը տեղի է ունենում ականջախեցու հետին հատվածի և դեմքի վրա: Հաջորդ մի քանի օրվա ընթացքում ցանը տարածվում է ձեռքերի, կրծքավանդակի և մեջքի վրա, այնուհետև իջնում ազդրեր, սրունքներ և ոտքնաթաթեր: Նույն շրջանում ջերմությունը կտրուկ բարձրանում է՝ հաճախ հասնելով 40° C-ից մինչև 41° C:
- Ապաքինում (ռեկովալեսցենցիայի կամ պիգմենտացիայի շրջան. կարմրուկի ցանը կարող է տևել մոտ յոթ օր: Ցանն աստիճանաբար մարում է, ինչպես առաջացել էր, այն է՝ վերից վար՝ նախ դեմքից, իսկ վերջում՝ ազդրերից և ոտնաթաթերից։ Քանի դեռ հիվանդության մյուս ախտանշանները անհետանում են, հազը և մաշկի մգացումը կամ մանր թեփուկավոր թեփոտմումը, որտեղ եղել էր ցանը, կարող է մնալ մոտ 10 օր:
Ե՞րբ կարող է մարդը տարածել կարմրուկի վիրուսը
Կարմրուկով հիվանդ մարդը կարող է վիրուսը տարածել ուրիշների վրա մոտ ութ օր՝ սկսած ցանի հայտնվելուց չորս օր առաջ և ավարտվում է, երբ ցանն առկա է չորս օր:
Ե՞րբ դիմել բժշկին
Զանգեք ձեր բժշկին, եթե կարծում եք, որ դուք կամ ձեր երեխան կարող եք վարակված լինել կարմրուկի կամ եթե դուք կամ ձեր երեխան կարմրուկին նմանվող ցան ունեք:
Քննարկեք բժշկի հետ ձեր ընտանիքի պատվաստման գրանցումները, հատկապես մինչև երեխայի տարրական դպրոց կամ քոլեջ հաճախելը և միջազգային ուղևորությունները։
Կարմրուկը խիստ վարակիչ է, և ինչպես դուք, այնպես էլ բուժանձնակազմը պետք է ամեն կերպ ձգտեք, որ վարակը չտարածվի և այլ մարդիկ չվարակվեն:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024