Կարմրուկի կանխարգելումը լինում է առանձնահատուկ (սպեցիֆիկ) և ոչ առանձնահատուկ:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) կարմրուկի կանխարգելման համար խորհուրդ են տալիս երեխաներին և չափահասներին ստանալ կարմրուկի պատվաստանյութ:
Երեխաների պատվաստումը
Երեխաների շրջանում կարմրուկը կանխարգելելու համար բժիշկները սովորաբար պատվաստանյութի առաջին դեղաչափը նշանակում են նորածինի 12-15 ամսական տարիքում (միանվագ, ենթամաշկային ճանապարհով՝ կարմրախտի և խոզուկի պատվաստանյութի հետ միասին (կոչվում է ԿԿԽ)), իսկ երկրորդ դեղաչափը՝ տիպիկ դեպքերում 4-6 տարեկանում: Հետպատվաստային ռեակցիաներով երեխաները շրջապատի համար վտանգ չեն ներկայացնում։
Կարմրուկի դեմ լիարժեք պատվաստվելուց հետո 95-98% դեպքերում զարգանում է վիրուսի նկատմամբ կայուն անընկալունակություն (իմունիտետ)։
Հիշեք, որ՝
- եթե ձեր 6-11 ամսական երեխայի հետ միասին ճանապարհորդում եք այլ երկիր, պետք է զրուցել մանկաբույժի հետ, որ երեխան կարմրուկի պատվաստանյութը ստանա նախատեսվածից ավելի շուտ
- եթե երեխան կամ անչափահասը նախատեսված ժամկետներում չի ստացել պատվաստանյութի երկու դեղաչափերը, դրանք կարող է ստանալ 4 շաբաթյա ընդմիջմամբ:
Չափահասների պատվաստումը
Չափահաս մարդիկ կարող են կարմրուկի դեմ պատվաստում ստանալ, եթե՝
- ունեն կարմրուկի նկատմամբ բարձր ռիսկ, օրինակ՝ աշխատում են քոլեջում, դպրոցում, խնամքի կենտրոնում, հիվանդանոցում կամ պատրաստվում են միջազգային ճանապարհորդության և չունեն իմունիտետի տվյալ (պատվաստումների արձանագրություններ, իմունիտետի առկայության լաբորատոր տվյալներ կամ նախկինում հիվանդացած լինելու վերաբերյալ գրանցումներ)
- ծնվել են մինչև 1957 թվականը և չունեն իմունիտետի տվյալ (տե՛ս վերևում):
Եթե համոզված չեք, որ ունեք կարմրուկի դեմ պատվաստման կարիք, զրուցեք բժշկի հետ:
Կարմրուկի կանխարգելումը բռնկումների կամ հայտնի վարակի ընթացքում
Եթե ընտանիքում որևէ մեկն ունի կարմրուկ, ընտանիքի մյուս (հատկապես խոցելի համարվող) անդամներին և ընկերներին վարակից պաշտպանելու համար ձեռնարկեք հետևյալ նախազգուշական միջոցառումները:
- Մեկուսացում (իզոլյացիա). կարմրուկը խիստ վարակիչ է ցանավորմանը նախորդող մոտ 4 օրվա և ցանավորումից հետո մոտ 4 օրվա միջև ընկած ժամանակահատվածում, ուստի կարմրուկով հիվանդ մարդիկ այս ընթացքում չպետք է վերադառնան առօրա գործերին կամ աշխատանքին և չշփվեն այլ մարդկանց հետ: Միևնույն ժամանակ, պատվաստում չստացած ընտանիքի մյուս անդամներին պետք է հեռու պահել վարակված անձից:
- Պատվաստում. համոզվեք, որ կարմրուկի նկատմամբ ռիսկային անձինք, ովքեր չեն ստացել կրկնակի պատվաստումները, դրանք ստանան հնարավորինս շուտ: Խոսքն առաջին հերթին 6 ամսականից մեծ երեխաների և կարմրուկի նկատմամբ իմունիտետի տվյալ չունեցող մինչև 1957 թվականը ծնված չափահասների մասին է:
Նոր վարակների կանխարգելում
Եթե արդեն հիվանդացել եք կարմրուկով, օրգանիզմում ձևավորվում է վարակի դեմ պայքարի կայուն իմունիտետ, որը կանխարգելում է կրկնակի վարակումը: Մինչև 1957 թվականը ԱՄՆ-ում ծնված կամ ապրող մարդկանց մեծ մասն ունի կարմրուկի դեմ իմունիտետ, քանի որ արդեն վարակվել են այս վիրուսով:
Մյուսները կարող են օգտվել կարմրուկի դեմ պատվաստումից, որը կարևոր է՝
- համընդհանուր իմունիտետի խթանման և ապահովման համար
- կարմրուկի կրկնակի բռնկումը կանխարգելելու համար:
Կարմրուկի ոչ սպեցիֆիկ կանխարգելում
Կարմրուկի ոչ սպեցիֆիկ՝ ընդհանուր կանխարգելումը ներառում է հետևյալ քայլերը՝
- հիվանդների վաղ հայտնաբերում և մեկուսացում
- կոնտակտավորների հսկողություն
- հիվանդասենյակի բավարար օդափոխում:
Հիվանդներին մեկուսացնում են ախտանիշների սկզբից մինչև 5-րդ օրը, իսկ թոքաբորբերով բարդացման դեպքում՝ մինչև 10-րդ օրը։
Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024