Դաշտանադադարը բնական երևույթ է, որին պետք է պատրաստ լինեն բոլոր կանայք։
Այն զարգանում է, երբ ձեր ձվարանները սկսում են արտադրել ավելի քիչ էստրոգեն և պրոգեստերոն, որին էլ հաջորդում է ձեր դաշտանների դադարումը։
Ձեր դաշտանադադարի ախտանիշները թեթևացնելու համար բժիշկը կարող է նշանակել որոշ դեղամիջոցներ:
- Հորմոնային փոխարինող բուժում (ՀՓԲ). դաշտանադադարի ախտանիշների դեմ ամենահաճախ նշանակվող տարբերակն է։ Բուժման այս մեթոդի էությունը ձեր օրգանիզմում նվազած էստրոգեն (և երբեմն՝ պրոգեստերոն) հորմոնն արտաքին ճանապարհով ստացվող դեղերով փոխարինելն է։
- Տիբոլոն (Լիվիալ). սա սինթետիկ (արհեստական ճանապարհով ստացված) հորմոն է, որն իր ազդեցությամբ նման է էստրոգենին, պրոգեստերոնին և տեստոստերոնին։
- Հակադեպրեսանտներ. հակադեպրեսանտներ կարող են նշանակվել՝ մեղմացնելու դաշտանադադարին բնորոշ ջերմահորդանքները, հատկապես այն դեպքերում, երբ դուք չեք ցանկանում կամ չեք կարող ընդունել ՀՓԲ կամ ունեք տրամադրության անկում:
Դաշտանադադարի դեղերի վերաբերյալ կարևոր տեղեկատվություն
Բոլոր դեղերն էլ ունեն կողմնակի ազդեցություններ։ Դաշտանադադարի գանգատները մեղմացնող դեղերի մեծ մասի առաջացրած անցանկալի ազդեցություններն, այնուամենայնիվ, լուրջ բնույթ չեն ստանում։ Վերջին տարիների ընթացքում կուտակված տվյալները վկայում են այն մասին, որ առողջ կանանց համար հորմոնային բուժումը կարելի է համարել բավարար արդյունավետ և անվտանգ։
Այունուամենայնիվ, ավելի վաղ իրականացված մի հետազոտությունը ցույց է տվել, որ հորմոնները կարող են որոշ կանանց մոտ քիչ բարձրացնել քաղցկեղի որոշ տեսակների, թրոմբոզների (ստորին վերջույթների կամ թոքերի անոթներում մակարդուկների առաջացում) և ինսուլտի ռիսկը։ Ամենավերջին հետազոտությունների արդյունքների հիման վրա բազմաթիվ փորձագետներ կասկածի տակ են դրել այս հետազոտության արդյունքների կարևորությունը և խորհուրդ են տալիս հորմոններ նշանակել բոլոր այն դեպքերում, երբ դաշտանադադարն ուղեկցվում է կնոջ առօրյա և աշխատանքային կյանքը խաթարող գանգատներով։
Բոլոր դեպքերում, մինչև դաշտանադադարի դեղերն ընդունելը, զրուցեք ձեր բժշկի հետ հետևյալ թեմաներով՝
- դեղի օգուտներ
- դեղի կողմնակի ազդեցություններ
- ինչ կլինի և ինչ անել, եթե դուք բաց թողնեք հերթական դեղաչափը
- ինչ անել, եթե զգաք դեղի կողմնակի ազդեցությունները։
Հիշեք նաև, որ ձեզ նշանակած դեղերի ընդունումն ինքնուրույն դադարեցնելուց առաջ արժի այդ մասին զրուցել ձեր բժշկի հետ։
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024