Ընդհանուր առմամբ, դաշտանադադարն ունի տարբեր պատճառներ:
- Բնականոն նվազող վերարտադրողական հորմոններ. երբ մոտենում եք ձեր ուշ 30-ն անց տարիքին, ձեր ձվարանները սկսում են արտադրել ավելի քիչ էստրոգեն և պրոգեստերոն՝ հորմոններ, որոնք կարգավորում են դաշտանը, և ձեր պտղաբերությունը նվազում է: 40 տարեկանից հետո ձեր դաշտանները կարող են դառնալ ավելի երկար կամ կարճ, ավելի առատ կամ թույլ և ավելի հաճախակի կամ ավելի հազվադեպ, մինչև որ, ի վերջո, միջին հաշվով 51 տարեկանում, ձեր ձվարանները դադարեն ձվաբջիջներ ազատել, և դուք այլևս դաշտան չունենաք:
- Ձվարանների հեռացման վիրահատություն (օոֆորէկտոմիա). ձեր ձվարաններն արտադրում են հորմոններ, ներառյալ էստրոգենը և պրոգեստերոնը, որոնք կարգավորում են դաշտանային ցիկլը: Ձվարանների հեռացման վիրահատությունն հանգեցնում է կտրուկ դաշտանադադարի: Ձեր դաշտանները դադարում են, և դուք, ամենայն հավանականությամբ, կունենաք ջերմահորդանքներ և կզգաք դաշտանադադարի այլ գանգատներ և ախտանիշներ: Դրանք կարող են լինել ծանր, քանի որ հորմոնային փոփոխությունները տեղի են ունենում կտրուկ, այլ ոչ թե աստիճանաբար՝ մի քանի տարիների ընթացքում: Այն վիրահատությունը, որով հեռացվում է ձեր արգանդը, բայց ոչ՝ ձվարանները (հիստերէկտոմիա), սովորաբար անհապաղ դաշտանադադար չի առաջացնում: Չնայած դուք այլևս դաշտան չեք ունենում, ձեր ձվարանները դեռևս ազատում են ձվաբջիջներ և արտադրում էստրոգեն ու պրոգեստերոն:
- Քիմիոթերապիա և ճառագայթային թերապիա. քաղցկեղի այս ոչ վիրահատական բուժումները կարող են հանգեցնել դաշտանադադարի բուժման ընթացքում կամ դրանից հետո շատ չանցած՝ առաջացնելով այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ջերմահորդանքները: Դաշտանի (և պտղաբերության) անդառնալի դադարումը միշտ չէ, որ հետևում է քիմիաթերապիային, ուստի հակաբեղմնավորիչների օգտագործումը դեռ կարող է տեղ գտնել: Ճառագայթային բուժումն ազդում է ձվարանների գործունեության վրա միայն այն դեպքում, երբ ճառագայթումն ուղղված է ձվարաններին: Օրգանիզմի այլ շրջանների, օրինակ՝ կրծքագեղձի հյուսվածքի կամ գլխի և պարանոցի ճառագայթային թերապիան չի ազդի դաշտանադադարի վրա:
- Առաջնային ձվարանային անբավարարություն. կանանց մոտ 1%-ը դաշտանադադար է ունենում մինչև 40 տարեկանը (վաղաժամ կամ վաղ դաշտանադադար): Վաղաժամ դաշտանադադարը կարող է զարգանալ, եթե ձեր ձվարանները չեն արտադրում և չեն ապահովում վերարտադրողական հորմոնների նորմալ մակարդակներ (առաջնային ձվարանային անբավարարություն): Այսպիսի վիճակի պատճառ կարող են լինել գենետիկ գործոնները կամ աուտոիմուն հիվանդությունը: Այնուամենայնիվ, հաճախ վաղաժամ դաշտանադադարի որևէ հստակ պատճառ չի գտնվում: Այս կանանց համար սովորաբար խորհուրդ է տրվում առնվազն մինչև դաշտանադադարի բնական տարիքը ստանալ հորմոնային բուժում, որը թույլ է տալիս պաշտպանել գլխուղեղը, սիրտը և ոսկորները:
Իմացե՛ք ավելին վաղ դաշտանադադարի պատճառների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024