Դաշտանադադարին նախորդող ամիսների կամ տարիների ընթացքում (հարդաշտանադադար կամ պերիմենոպաուզա) դուք կարող եք զգալ այս գանգատներն ու ախտանիշները:
- անկանոն դաշտաններ (երբ դաշտանային ցիկլը դառնում է սովորականից ավելի երկար կամ կարճ)
- հեշտոցային չորություն
- ջերմահորդանք (տաք ալիքներ)՝ դեմքի, պարանոցի և կրծքավանդակի շրջանում հանկարծահաս կարճատև ներքին գերտաքության զգացողություն (որը կարող է հասնել այն աստիճանի, որ շորերը դառնան անտանելի), որն ուղեկցվում է առատ քրտնարտադրությամբ, դողով և մաշկի կարմրությամբ
- դող կամ սարսուռ
- գիշերային քրտնարտադրություն
- քնի հետ կապված խնդիրներ կամ անքնություն
- տրամադրության փոփոխություններ
- քաշի ավելացում և նյութափոխանակության դանդաղում
- նոսրացող մազեր և չոր մաշկ
- կրծքագեղձի լցվածության կորուստ:
Գանգատներն ու ախտանիշները, ներառյալ դաշտանի փոփոխությունները, կանանց կարող են տարբերվել: Ամենայն հավանականությամբ, դուք կզգաք ձեր դաշտաններում որոշակի անկանոնություն՝ մինչև դրանց ավարտը:
Հարդաշտանադադարի շրջանում դաշտաններ բաց թողնելը սովորական և սպասելի երևույթ է: Հաճախ դաշտանային ցիկլերը մի ամիս բացակայում և հետո վերադառնում են կամ մի քանի ամիս բացակայում, որից հետո՝ մի քանի ամիս կրկին վերականգնվում: Դաշտանները նաև հակված են սկսվելու ավելի կարճատև ցիկլերից հետո, ուստի մոտենում են միմյանց: Չնայած անկանոն դաշտաններին, հղիությունը հնարավոր է։ Եթե դուք բաց եք թողել դաշտանը, բայց վստահ չեք, որ սկսել եք դաշտանադադարի անցումը, մտածեք հղիության թեստ անցկացնելու մասին:
Ե՞րբ դիմել բժշկին
Շարունակեք կանոնավոր այցելել ձեր բժշկին ինչպես կանխարգելիչ, այնպես էլ տարբեր առողջական խնդիրների բուժման նպատակով: Բժշկի հետ պահեք մշտական կապ ինչպես դաշտանադադարի ընթացքում, այնպես էլ դրանից հետո:
Կանխարգելիչ այցերը կարող են ներառել խորհուրդ տրվող առողջության սքրինինգային թեստերը, ինչպիսիք են կոլոնոսկոպիան, մամոգրաֆիան և արյան տրիգլիցերիդների թեստը: Ելնելով ձեր առողջական վիճակից և հիվանդության պատմությունից, բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ այլ թեստեր և հետազոտություններ, ներառյալ վահանաձև գեղձի թեստը, կրծքագեղձի և կոնքի հետազոտությունները:
Միշտ դիմեք ձեր բժշկին, եթե դաշտանադադարից հետո ունեք որևէ տեսակի հեշտոցային արյունահոսություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024