Դաշտանադադարը դեղորայքային բուժում չի պահանջում։
Դրա փոխարեն, բուժումները կենտրոնանում են ձեր գանգատներն ու ախտանիշները թեթևացնելու և տարիքի մեծացմամբ պայմանավորված քրոնիկ հիվանդությունների կանխարգելման կամ կառավարման վրա:
Բուժումները կարող են ներառել հետևյալը:
- Հորմոնային բուժում. Էստրոգենային բուժումը դաշտանադադարային ջերմահորդանքների թեթևացման ամենաարդյունավետ բուժման տարբերակն է: Կախված ձեր անձնական և ընտանեկան հիվանդության պատմությունից՝ ձեր բժիշկը կարող է առաջարկել Էստրոգենի ամենացածր դեղաչափերը ամենակարճ ժամանակահատվածի համար, որն անհրաժեշտ է ձեզ ախտանշանները թեթևացնելու համար: Եթե ձեր արգանդը պահպանված է (վիրահատությամբ հեռացված չէ), բացի Էստրոգենից, ձեզ անհրաժեշտ կլինի նաև Պրոգեստին: Էստրոգենը նաև օգնում է ոսկրային հյուսվածքի կորստի կանխմանը՝ օստեոպորոզի կանխարգելմանը: Երկարաժամկետ հորմոնային բուժումը կարող է ունենալ սրտանոթային և կրծքագեղձի քաղցկեղի որոշ ռիսկեր, ուստի ավելի անվտանգ է հորմոնները ստանալ դաշտանադադարի մոտեցման շրջանում և ոչ երկարատև ժամանակաշրջանի ընթացքում: Զրուցեք ձեր բժշկի հետ հորմոնային բուժման առավելությունների և ռիսկերի մասին, և ճշտեք, թե արդյոք դա ձեզ համար անվտանգ ընտրություն է:
- Հեշտոցային էստրոգեն. հեշտոցային չորությունը թեթևացնելու համար էստրոգենը կարող է ուղղակիորեն ներմուծել հեշտոցի մեջ որպես հեշտոցային նրբաքսուք (կրեմ), հաբեր կամ օղակ: Այս բուժումն ազատում է էստրոգենի փոքր քանակություն, որն անմիջականորեն ներծծվում է հեշտոցային հյուսվածքների կողմից: Հեշտոցային էստրոգենը կարող է օգնել հեշտոցային չորության մեղմացմանը, սեռական հարաբերության հետ կապված անհարմարավետության և որոշ միզային ախտանիշների թեթևացմանը:
- Ցածր դեղաչափով հակադեպրեսանտներ. որոշ հակադեպրեսանտներ, որոնք կապված են սերոտոնինի հետընտրական ինհիբիտորներ (SSRIs) կոչվող դեղերի դասի հետ, կարող են նվազեցնել դաշտանադադարի ջերմահորդանքները: Ցածր չափաբաժիններով հակադեպրեսանտը ջերմահորդանքների կառավարման համար կարող է օգտակար լինել այն կանանց համար, ովքեր առողջական պատճառներով չեն կարող ընդունել էստրոգեն կամ ովքեր տրամադրության խանգարման պատճառով ունեն հակադեպրեսանտի կարիք:
- Գաբապենտին (Գրալիզ, Հորիզանտ, Նեյոնտին). Գաբապենտինը հավանության է արժանացել ցնցումները բուժելու համար, սակայն նաև օգնում է ջերմահորդանքների մեղմացմանը: Այս դեղն օգտակար է այն կանանց համար, ովքեր չեն կարող օգտագործել էստրոգենային բուժում, և նրանց, ովքեր նաև ունենում են գիշերային ջերմահորդանքներ:
- Կլոնիդին (Կատապրես, Կապվեյ). Կլոնիդինի դեղահաբը կամ սպեղանին, որը սովորաբար օգտագործվում է բարձր արյան ճնշումը բուժելու համար, կարող է որոշ չափով թեթևացնել ջերմահորդանքները:
- Օստեոպորոզի կանխարգելման կամ բուժման դեղեր. կախված անհատական կարիքներից՝ բժիշկները կարող են դեղորայք առաջարկել օստեոպորոզի կանխարգելման կամ բուժման համար: Կան մի քանի դեղամիջոցներ, որոնք օգնում են ոսկրանյութի կորստի նվազեցմանը և կոտրվածքների ռիսկի կրճատմանը: Ձեր բժիշկը կարող է նշանակել վիտամին D–ի հավելումներ, որոնք կօգնեն ոսկորների ամրացմանը:
Նախքան բուժման որևէ տարբերակի վերաբերյալ որոշում կայացնելը, խոսեք բժշկի հետ ձեր տարբերակների և յուրաքանչյուրի հետ կապված ռիսկերի ու օգուտների մասին: Ամեն տարի վերանայեք ձեր տարբերակները, քանի որ ձեր կարիքները և բուժման տարբերակները կարող են փոխվել:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024