Ստորև ներկայացվում են դաշտանադադարին հաջորդող ամենատարածված խնդիրները:
Սրտի և անոթների (սրտանոթային) հիվանդություն. երբ ձեր էստրոգենի մակարդակները նվազում են, սրտանոթային հիվանդության ռիսկը բարձրանում է: Սրտանոթային հիվանդությունն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում մահվան առաջատար պատճառն է, ուստի կարևոր է, որ պահպանեք առողջ քաշ, ձեր դարձնեք ձեր սնունդն առողջարար և ավելացնեք ֆիզիկական ակտիվությունը: Հարցրեք ձեր բժշկին, թե ինչպես լավագույնս պահպանել սրտի առողջությունը, օրինակ՝ ինչպես նվազեցնել արյան բարձր խոլեսթերինը կամ ինչպես կարգավորել բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա):
Օստեոպորոզ. այս հիվանդության պատճառով ձեր ոսկրերը դառնում են փխրուն և թույլ, որի արդյունքում բարձրանում է կոտրվածքների ռիսկը: Դաշտանադադարին հաջորդող առաջին մի քանի տարվա ընթացքում դուք կարող եք կորցնել ձեր ոսկրերի ամրությունն ավելի արագ տեմպով, որը բարձրացնում է օստեոպորոզի ռիսկը: Հետդաշտանադադարի շրջանում գտնվող և օստեոպորոզ ունեցող կանայք ավելի «խոցելի» են ողնաշարի, ազդոսկրի և դաստակի կոտրվածքների նկատմամբ:
Անմիզապահություն. դաշտանադադարը բերում է հեշտոցի և միզուկի պատերի առաձգականության նվազեցման, որի պատճառով կարող եք նշել հաճախացած, հանկարծակի կամ անզուսպ միզելու ցանկություն, որը ոչ հազվադեպ կարող է ուղեկցվել մեզի ակամա արտահոսքով, այդ թվում՝ հազալիս, ծիծաղելիս կամ ծանրություն բարձրացնելիս (սթրեսային անմիզապահություն): Դաշտանադադարի ընթացքում նաև բարձրանում է միզուղիների վարակի ռիսկը: Կեգելի վարժությունների միջոցով կոնքի հատակի մկանների ամրապնդումը և հեշտոցային էստրոգենը կարող են օգնել անմիզապահության ախտանիշների մեղմացմանը: Միզուղիների և հեշտոցի դաշտանադադարային փոփոխությունների արդյունավետ մոտեցումներից է նաև հորմոնային փոխարինող բուժումը:
Սեռական գործունեության անկում. հեշտոցային արտադրության ընկճմամբ պայմանավորված հեշտոցի չորությունը և հեշտոցի պատերի առաձգականության կորուստը կարող են սեռական հարաբերությունը դարձնել տհաճ ու ցավոտ, ինչպես նաև բերել սեռական ակտին ուղեկցող կամ դրան հետևող հեշտոցային արյունահոսության: Սեռական գրգռման և զգացողությունների թուլացումն իր հերթին կարող է առաջացնել սեռական ցանկության` լիբիդոյի կտրուկ նվազեցում: Նման իրավիճակում բժիշկը կարող է խորհուրդ տալ հեշտոցային խոնավացնող միջոցներ և քսուքներ (լուբրիկանտներ), իսկ ավելի լուրջ դեպքերում՝ էստրոգեն պարունակող հեշտոցային նրբաքսուքներ (կրեմ), հաբեր կամ օղեր:
Քաշի ավելացում. դաշտանադադարի անցման շրջանում և դրանից հետո բազմաթիվ կանայք նշում են քաշի ավելացում, որը բացատրվում է օրգանիզմի նյութափոխանակության դանդաղեցմամբ: Նման իրավիճակում բժիշկը հավանաբար խորհուրդ կա, որ քչացնեք ձեր սնունդը և ավելի շատ ժամանակ տրամադրեք ֆիզիկական ակտիվությանն ու վարժանքներին՝ պարզապես ձեր ընթացիկ քաշը պահպանելու համար:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։