Հոգեկան հիվանդությունները ներառում են տրամադրության, մտածողության կամ վարքաբանական խանգարմամբ ընթացող հոգեկան առողջության վիճակների ու հիվանդությունների լայն շրջանակ։
Բազմաթիվ մարդիկ ժամանակ առ ժամանակ ունենում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Սակայն հոգեկան առողջության խնդիրը դառնում է հոգեկան հիվանդություն, երբ առկա գանգատներն ու ախտանիշները պատճառում են հաճախակի սթրես և ազդում են մարդու գործելու ունակության վրա։
Հոգեկան հիվանդությունները կոչվում են նաև հոգեկան խանգարումներ։ Դրանք բավականին տարածված հիվանդություններ են։
Ավելի հաճախ հանդիպող հոգեկան հիվանդություններն են՝
- դեպրեսիա
- տագնապային խանգարումներ
- թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված հիվանդություններ։
Կան հոգեկան հիվանդությունների բազմաթիվ՝ ավելի քան 300 տեսակներ։ Դրանց հիմնական խմբերից են՝
- տրամադրության խանգարումներ (օրինակ՝ դեպրեսիա կամ բիպոլյար խանգարում)
- տագնապային խանգարումներ
- անձնային խանգարումներ
- փսիխոտիկ խանգարումներ (օրինակ՝ շիզոֆրենիա)
- սնման խանգարումներ
- տրավմայի հետ կապված հիվանդություններ (օրինակ հետտրավմատիկ սթրեսային խանգարում)
- թմրամիջոցների օգտագործման հիվանդություններ։
Հոգեկան հիվանդությունները նաև տարբերվում են իրենց ընթացքով և ծանրության աստիճանով։ Օրինակ, մի դեպքում հիվանդությունը կարող է տևել ընդամենը մի քանի շաբաթ, մյուս դեպքում՝ շարունակվել ողջ կյանքի ընթացքում և բերել ծանր հաշմանդամության։
Հոգեկան հիվանդությունը կարող է ազդել մարդու մտքերի, տրամադրության, վարքագծերի վրա կամ շրջակա աշխարհն ընկալելու ձևի վրա։ Այն կարող է բերել դյուրագրգռության ու զայրույթի, կամ հակառակը՝ ինքնամփոփության ու մեկուսացման՝ բացասաբար ազդելով աշխատավայրում, փոխհարաբերություններում կամ առօրյա գործունակության վրա։
Հոգեկան հիվանդությունը նաև կարող է բերել խարանի (ստիգմա) և խտրականության, որն այս հիվանդության երկու ամենամեծ խնդիրներից մեկն է։ Երկրորդ խնդիրն ինքնասպանությունն է, որին դիմում են միջին հաշվով յուրաքանչյուր 10 հոգեկան հիվանդից մեկը։
Հոգեկան հիվանդությունները բուժելի են, ծայրահեղ դեպքում հնարավոր է ախտանիշները դարձնել վերահսկելի, սակայն խտրականության պատճառով հիվանդների մեծ մասը չի դիմում բուժհաստատություններ։ Հոգեբանական բուժումը (հոգեթերապիա), դողորայքային բուժումը և ապրելակերպի փոփոխությունները կարող են արդյունավետ կերպով մեղմացնել ախտանիշների մեծ մասը։
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024