Միգրենի ախտանիշները սկսվելիս փորձեք հեռանալ խաղաղ և մութ սենյակ:
Փակեք աչքերը և հանգստացեք կամ փորձեք ննջել: Կարող եք ճակատին դնել սրբիչով փաթաթած սառցեպարկ և խմել առատ ջուր:
Հետևյալ մեթոդները նույնպես կարող են մեղմացնել միգրենային ցավը:
- Փորձեք ռելաքսացիոն (թուլացնող) հնարքներ. բիոֆիդբեքը և ռելաքսացիայի այլ մեթոդները կարող են սովորեցնել սթրեսային իրավիճակների հաղթահարման ուղիները, որոնք կարող են օգնել միգրենների քանակի կրճատմանը:
- Մշակեք և ամրապնդեք քնի և սնման օրակարգ. կարգավորեք քունը՝ այն դարձնելով ոչ շատ երկար և ոչ շատ կարճ: Սահմանեք քնի և արթնացման հստակ ժամեր և հետևեք ձեր օրակարգին: Փորձեք նաև կանոնակարգել սննդի ընդունումը՝ մեծ ճաշերի համար սահմանելով օրվա նույն ժամերը:
- Խմեք առատ հեղուկներ. բավարար հեղուկների, մասնավորապես՝ ջրի ընդունումը կարող է օգնել:
- Վարեք գլխացավի օրագիր. ախտանիշների գրանցումը կարող է օգնել հասկանալու, թե ինչ գործոններ են նպաստում միգրենների զարգացմանը և որ բուժումներն են թվում ավելի արդյունավետ: Գլխացավի օրագիրը նաև կօգնի բժշկին, որ ախտորոշի ձեր հիվանդությունը և հետևի այցերի միջև ախտանիշների զարգացմանը:
- Կանոնավոր վարժանքներ արեք. կանոնավոր աերոբիկ վարժանքները մեղմացնում են հոգեկան լարվածությունը և կարող են օգնել միգրենի կանխարգելմանը: Բժշկի խորհրդով ընտրեք ձեզ հաճույք պատճառող որևէ ակտիվ զբաղմունք, օրինակ՝ քայլք, լող կամ հեծանվավարում: Աշխատեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնել աստիճանաբար՝ նախավարժանքից հետո, քանի որ կտրուկ լարվածությունը կարող է նպաստել գլխացավի առաջացմանը: Կանոնավոր վարժանքները նաև կօգնեն, որ ազատվեք ավելցուկային քաշից կամ պահպանեք առողջ քաշ (գիրությունը համարվում է միգրենների գործոն):
Այլընտրանքային միջոցներ
Ոչ ավանդական բուժումները կարող են օգնել քրոնիկ միգրենային ցավերի մեղմացմանը:
- Ասեղնաբուժություն. կլինիկական փորձարկումներով պարզվել է, որ ասեղնաբուժությունը կարող է օգտակար լինել գլխացավերի դեպքում: Բուժման այս տեսակն օգտագործում է բազմաթիվ խիստ բարակ և միանգամյա օգտագործման ասեղներ, որոնք տեղադրվում են մարմնի տարբեր մասերի հատուկ շրջանների մաշկի մեջ:
- Բիոֆիդբեք. այս մոտեցումը հավանաբար կարող է արդյունավետ կերպով մեղմացնել միգրենային ցավերը: Սա հատուկ սարքի օգտագործմամբ ռելաքսացիոն (թուլացնող) մեթոդ է, որը սովորեցնում է, թե ինչպես վերահսկել և կառավարել հոգեկան լարվածության հետ կապված որոշ ֆիզիկական պատասխանները:
- Կոգնիտիվ վարքաբանական թերապիա (ԿՎԹ). ԿՎԹ-ն կարող է օգնել միգրեններով որոշ մարդկանց: Հոգեթերապիայի այս տեսակը սովորեցնում է, թե ինչպես կարող են վարքագծերը և մտքերն ազդել ցավի ընկալման վրա:
- Մեդիտացիա և յոգա. մեդիտացիան կարող է մեղմացնել սթրեսը, որը միգրենի հայտնի նպաստող գործոններից է: Կանոնավոր կերպով կատարվող յոգայի հնարքները նույնպես կարող են կրճատել միգրենների հաճախականությունը և տևողությունը:
- Դեղաբույսեր, վիտամիններ և միներալներ. կան որոշ տվյալներ այն մասին, որ լվածաղիկը (пиретрум) և հազի դեղը (белокопытник) կարող են կանխարգելել միգրենները կամ կրճատել դրանց ծանրության աստիճանը: Երկրորդ բուսատեսակի օգտագործումը խորհուրդ չի տրվում անվտանգությունից ելնելով:
Ռիբոֆլավինի (վիտամին B2) բարձր դեղաչափերը կարող են նվազեցնել գլխացավերի հաճախականությունը կամ ուժգնությունը: Կոէնզիմ Q10-ի հավելումները կարող են կրճատել միգրենների հաճախականությունը, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:
Մագնեզիումի հավելումները օգտագործվել են միգրենների բուժման մեջ, սակայն արդյունքները տարբեր են:
Հարցրեք բժշկին, թե այս բուժումներից որը կարելի է կիրառել ձեր դեպքում։ Եթե հղի եք, մինչև բժշկի հետ խորհրդակցելը մի օգտագործեք որևէ դեղաբույս կամ հավելում:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024