Միգրենները կարող են զարգանալ 4 փուլով՝ նախանշաններ, աուրա, նոպա (գլխացավ) և հետնշաններ:
Այուամենայնիվ, միգրեն ունեցող ոչ բոլոր մարդկանց մոտ են դրսևորվում այս 4 հերթական շրջանները:
Նախանշանների (պրոդրոմալ) փուլ
Միգրենից մեկ կամ երկու օր առաջ կարող են ի հայտ գալ փոփոխություններ, որոնք նախազգուշացնում են մոտակա միգրենի մասին, այդ թվում՝
- փորկապություն
- տրամադրության փոփոխություններ՝ սկսած դեպրեսիայից մինչև էյֆորիա
- սննդային հակումներ
- պարանոցի կարկամություն
- բարձրացած միզարձակություն
- հեղուկների պահում (այտուցներ)
- հաճախակի հորանջումներ:
Աուրա
Որոշ մարդկանց մոտ միգրեններից առաջ կամ ընթանցքում կարող է ի հայտ գալ աուրա: Սա ներառում է դարձելի նյարդաբանական ախտանիշներ, որոնք գլխավորապես տեսողական բնույթի են, սակայն նաև կարող են լինել զգացողական կամ շարժողական: Յուրաքանչյուր ախտանիշ սովորաբար սկսվում է աստիճանաբար, սաստկանում մի քանի րոպեի ընթացքում և կարող է տևել մինչև 60 րոպե: Այնուամենայնիվ, ավելի հաճախ միգրենի նոպան սկսվում է առանց աուրայի։
Միգրենային աուրաների օրինակներից են՝
- տեսողական երևույթներ, օրինակ՝ տեսադաշտում տարբեր ֆիգուրների, լուսավոր կետերի կամ առկայծումների առաջացում, որը կարող է խանգարել է կարդալուն կամ մեքենա վարելուն
- մշուշոտ տեսողություն, տեսադաշտի մի կեսի մթագնում (հեմիանոպսիա) կամ նույնիսկ տեսողության կորուստ
- ձեռքերում կամ ոտքերում ծակծկոցներ
- դեմքի կամ մարմնի մի կեսի թուլություն կամ թմրածություն
- խոսքի խանգարում
- գլխապտույտ:
Գլխացավի նոպա
Չբուժելիս միգրենը սովորաբար տևում է 4-72 ժամ: Տարբեր մարդկանց մոտ միգրենային նոպաների հաճախականությունը կարող է լինել տարբեր: Դրանք կարող են ի հայտ գալ խիստ հազվադեպ կամ անհանգստացնել ամսական կամ երբեմն՝ նաև շաբաթական մի քանի անգամ:
Միգրենի ընթացքում կարող եք նշել՝
- սովորաբար գլխի մի կեսի՝ միակողմանի, սակայն հաճախ՝ երկկողմանի գլխացավեր
- բաբախող կամ պուլսացվող գլխացավեր
- լույսի, ձայնի և երբեմն՝ հոտերի կամ հպման նկատմամբ գերզգայունություն
- ինքնազգացողության վատացում, սրտխառնոց և փսխում:
Հետնշանային (պոստդրոմալ) փուլ
Միգրենային նոպայից հետո կարող եք զգալ մինչև մեկ օր տևող գերհոգնածություն, շփոթվածություն կամ թուլություն: Որոշ մարդկանց մոտ կարող է ի հայտ գալ տրամադրության բարձրացում։ Գլխի կտրուկ շարժումը կարող է կարճատև վերականգնել ցավը:
Միգրենի նոպաների միջև ընկած ժամանակահատվածում ձեզ առողջ եք զգում և որևէ գանգատ չեք ներկայացնում։
Ե՞րբ դիմել բժշկին
Միգրենները հաճախ մնում են չախտորոշված և չբուժված: Եթե ունեք միգրեն հիշեցնող կանոնավոր գանգատներ և ախտանիշներ, լրացրեք նոպաների և դրանց բուժման մեթոդների օրագիր, որից հետո պայմանավորվեք, այցելեք բժշկին և միասին քննարկեք գլխացավերը:
Նույնիսկ եթե բժիշկը տեղյակ է ձեր գլխացավերի մասին, այցելեք կամ տեղեկացրեք նրան, եթե զգում եք դրանց բնույթի փոփոխություններ:
Անհապաղ տեղեկացրեք բժշկին կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե ունեք հետևյալ ախտանիշներից մեկնումեկը, որոնք կարող են վկայել ավելի ծանր առողջական խնդրի առկայության մասին՝
- հանկարծակի սկսված և խիստ սաստիկ գլխացավեր
- գլխացավեր, որոնք ուղեկցվում են ջերմության բարձրացմամբ, պարանոցի կարկամությամբ, ցնցումներով, երկտեսությամբ, մարմնի որևէ շրջանի թմրածությամբ կամ թուլությամբ, որոնք կարող են ահազանգել ինսուլտի մասին
- գլխացավեր, որոնք ի հայտ են եկել գլխի վնասվածքից հետո
- քրոնիկ գլխացավ, որը վատթարանում է հազալիս, լարվելիս, ձգվելիս կամ գլուխը կտրուկ շարժելիս
- 50 տարեկանից հետո ի հայտ եկած նոր գլխացավեր։
Հոդվածը հրապարակվել է՝ 22-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024