Միգրենի բուժման նպատակն ախտանիշների դադարեցումն է և ապագա նոպաների կանխարգելումը:
Մինչ օրս փորձարկվել են միգրենների բուժման բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք բաժանվում են երկու մեծ դասի՝
- ցավը մեղմացնող դեղամիջոցներ, որոնք հայտնի են որպես սուր կամ աբորտիվ բուժում և օգտագործվում են միգրենի նոպաների ժամանակ՝ դրանք դադարեցնելու համար
- կանխարգելիչ դեղամիջոցներ, որոնք ընդունվում են կանոնավոր, հաճախ՝ ամեն օր միգրենների ծանրության աստիճանը կամ հաճախականությունը կրճատելու համար:
Բուժման ընտրությունը կախված է գլխացավերի հաճախականությունից և ծանրության աստիճանից, դրանց ուղեկցող նողկանքի և փսխման առկայությունից, ցավերի ուժգնությունից և այլ առողջական խնդիրների առկայությունից:
Ցավազրկող դեղամիջոցներ
Միգրենային ցավը մեղմացնող դեղամիջոցների ազդեցությունը լավագույնս դրսևորվում է, երբ ընդունվում են սկսվող միգրենի առաջին գանգատներն ու ախտանիշներն ի հայտ գալու պահին:
- Ցավազրկողներ. սրանք ստանդարտ ցավազրկող դեղամիջոցներն են, օրինակ՝ Ասպիրին կամ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն): Տևական ժամանակի ընթացքում օգտագործելիս ցավազրկող դեղամիջոցներն իրենք կարող են առաջացնել դեղամիջոցների գերօգտագործման գլխացավեր, ինչպես նաև ստամոքսաղիքային խողովակի խոցեր և հնարավոր արյունահոսություն:
- Տրիպտաններ. Սումատրիպտանը (Իմիտրեքս, Տոսիմրա) և Ռիզատրիպտանը (Մաքսալտ, Մաքսալտ-MLT) կարող են արգելափակել ուղեղային ցավային ուղիները, ուստի կարող են նշանակվել որպես միգրենի բուժման միջոցներ: Դրանք օգտագործվում են որպես հաբեր, ներարկումներ կամ քթային սփրեյներ և կարող են մեղմացնել միգրենի բազմաթիվ ախտանիշներ: Այնուամենայնիվ, տրիպտաններն անվտանգ չեն, եթե ունեք ինսուլտի կամ սրտամկանի ինֆարկտի բարձրացած ռիսկ:
- Դիհիդրոէրգոտամին (D.H.E. 45, Մինգրանալ). այս դեղամիջոցը մատչելի է քթային սփրեյի կամ ներարկման լուծույթի ձևով և առավել արդյունավետ է, երբ ընդունվում է ավելի քան 24 ժամյա տևողության հակումով միգրենների առաջին ախտանիշները սկսվելուց անմիջապես հետո: Կողմնակի ազդեցություններից են միգրենի հետ կապված փսխման և սրտխառնոցի վատթարացումը: Սրտի իշեմիկ հիվանդությամբ, բարձր արյան ճնշմամբ (հիպերտենզիա), ինչպես նաև երիկամային կամ լյարդային հիվանդությամբ մարդիկ պետք է խուսափեն Դիհիդրոէրգոտամինից:
- Լասմիդիտան (Ռեյվով). սա ավելի նոր ներքին ընդունման (օրալ) հաբ է, որը նախատեսված է աուրայով կամ առանց աուրայի միգրենի բուժման համար: Հետազոտությունները վկայում են, որ Լասմիդիտանը զգալիորեն մեղմացնում է գլխացավը: Այն ունի նաև քնաբեր ազդեցություն և կարող է առաջացնել գլխապտույտ, ուստի խորհուրդ չի տրվում օգտագործել ավտոմեքենա վարելուց կամ ուշադրություն պահանջող այլ գործ անելուց առնվազն 8 ժամ առաջ:
- Ուբրոգեպանտ (Ուբրելվի). սա ներքին ընդունման (օրալ) կալցիտոնինի հետ կապված գենի պեպտիդի (CGRP) ընկալիչի ամենաառաջին սինթետիկ ներհակորդն է (անտագոնիստ), որը հաստատված է չափահասների մոտ աուրայով ընթացող սուր միգրենի բուժման համար: Տարածված կողմնակի ազդեցություններից են՝ բերանի չորություն, սրտխառնոց և ավելցուկային քնկոտություն:
- CGRP ներհակորդներ (անտագոնիստներ). Ուբրոգեպանտը (Ուբրելվի) և Ռիմեգեպանտը (Նուրտեկ ODT) ներքին ընդունման (օրալ) CGRP անտագոնիստներ են, որոնք հաստատված են չափահասների մոտ աուրայով կամ առանց աուրայի սուր միգրենի դեպքում: Ցավերից բացի այս դեղամիջոցները նաև կարող են մեղմացնել միգրենի մյուս ախտանիշները, ինչպիսիք են սրտխառնոցը և լույսի ու ձայնի նկատմամբ գերզգայունությունը: Տարածված կողմնակի ազդեցություններից են բերանի չորությունը, սրտխառնոցը և ավելցուկային քնկոտությունը:
- Օփիոիդային դեղամիջոցներ. սրանք ուժեղ թմրաբեր ցավազրկողներ են, որոնք եզակի դեպքերում կարող են նշանակվել այն մարդկանց, ովքեր չեն կարող ընդունել միգրենի դեմ այլ դեղամիջոցներ: Ելնելով կախվածություն զարգացնելու մեծ ռիսկից, օփիոիդները սովորաբար նշանակվում են, եթե մյուս բոլոր բուժումներն արդյունավետ չեն:
- Հակասրտխառնոցային դեղամիջոցներ. այս դեղամիջոցները կարող են օգնել, եթե ունեք աուրայով միգրեն, որն ուղեկցվում է սրտխառնոցով և փսխումով: Հակասրտխառնոցային դեղամիջոցներից են՝ Քլորպրոմազին, Մետոկլոպրամիդ (Ռեգլան) կամ Պրոքլորպերազին (Կոմպրո): Այս դեղամիջոցները սովորաբար ընդունվում են ցավազրկող դեղամիջոցների հետ միասին:
Վերոնշյալ դեղերի մի մասի օգտագործումը հղիության ընթացքում անվտանգ չէ: Եթե հղի եք կամ պատրաստվում եք հղիանալ, մինչև որևէ դեղամիջոց ընդունելը զրուցեք բժշկի հետ:
Կանխարգելիչ դեղամիջոցներ
Կան դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել հաճախակի դրսևորվող միգրենների կանխարգելմանը: Բժիշկը հավանաբար խորհուրդ կտա կանխարգելիչ դեղամիջոցներ, եթե ունեք հաճախակի, երկարատև կամ ուժեղ գլխացավեր, որոնք լավ չեն պատասխանում բուժմանը:
Կանխարգելիչ դեղամիջոցների նպատակը միգրենի նոպաների հաճախականությունը, ծանրության աստիճանը և տևողությունը նվազեցնելն է:
- Արյան ճնշումը նվազեցնող դեղամիջոցներ. սրանք ներառում են բետա-պաշարիչները, օրինակ՝ Պրոպրանոլոլ (Ինդերալ, ԻննոՊրան XL և այլն) և Մետոպրոլոլ (Լոպրեսոլ): Կալցիումական անցուղիների պաշարիչները, ինչպիսին է Վերապամիլը (Վերելան) կարող են օգտակար լինել աուրայով միգրենների կանխարգելման համար։
- Հակադեպրեսանտներ. եռացիկլիկ հակադեպրեսանտները (օրինակ՝ Ամիտրիպտիլին) կարող են կանխարգելել միգրենները: Այնուամենայնիվ, ելնելով Ամիտրիպտիլինի կողմնակի ազդեցություններից (քնկոտություն և այլն), բժիշկը կարող է նշանակել այլ հակադեպրեսանտներ:
- Հակացնցումային դեղամիջոցներ. Վալպրոատը և Տոպիրամատը (Տոպամաքս և այլն) կարող են օգնել, եթե ունեք նվազ հաճախ դրսևորվող միգրեններ: Հակացնցումայինների տարածված կողմնակի ազդեցություններ են գլխապտույտը, քաշի փոփոխությունները, սրտխառնոցը և այլն։ Այս դեղամիջոցների օգտագործումը խորհուրդ չի տրվում հղի կամ հղիանալ ցանկացող կանանց:
- Բոտոքսի ներարկումներ. ՕնաբոտուլինումտոքսինA-ի (Բոտոքս) յուրաքանչյուր 12 շաբաթը մեկ ներարկումները կարող են օգնել որոշ չափահասների մոտ միգրենների կանխարգելմանը:
- Մոնոկլոնալ հակամարմիններ. Էրենումաբ (Աիմովիգ), Ֆրեմանեզումաբ (Այովի), Գալկանեզումաբ (Էմգալիտի) և Էպտինեզումաբ (Վիեպտի) դեղամիջոցները ԱՄՆ-ի Սննդի և դեղերի գործակալության (FDA) կողմից հաստատված միգրենի բուժման նորագույն դեղամիջոցներ են, որոնք նշանակվում են ամենամսյա կամ եռամսյակային ներարկումներով: Այս դեղամիջոցների ամենատարածված կողմնակի ազդեցությունը ներարկման շրջանի ռեակցիան է:
Հարցրեք բժշկին, թե այս դեղամիջոցներից որոնք կարող են ձեր իրավիճակում առավել օգտակար լինել: Դրանց մի մասը չի կարելի ընդունել հղիության ընթացքում: Ուստի, եթե հղի եք կամ ցանկանում եք հղիանալ, մինչև որևէ դեղամիջոց ընդունելն անպայման խորհրդակցեք բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024