Փորձագետները դեռևս հստակ չգիտեն, թե ինչու որոշ մարդկանց լյարդում սկսում է կուտակվել ճարպ։
Նույն կերպ, քիչ տվյալներ կան այն մասին, թե ինչու է որոշ դեպքերում ճարպային լյարդը բերում բորբոքման, որը կարող է ի վերջո վերաճել ցիռոզի:
Ինչպես լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը (ԼՈԱՃՀ), այնպես էլ ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտը (ՈԱՍՀ) կապված են հետևյալ գործոնների հետ՝
- ավելորդ քաշ կամ գիրություն
- ինսուլինային կայունություն, երբ բջիջները ինսուլինի ազդեցությամբ արյունից չեն վերցնում ու յուրացնում բավարար քանակով շաքար (գլյուկոզ)
- բարձր արյան շաքար (հիպերգլիկեմիա), որը վկայում է նախադիաբետի կամ 2-րդ տիպի դիաբետի մասին
- արյան ճարպերի, մասնավորապես՝ տրիգլիցերիդների բարձր մակարդակ:
Այս համակցված առողջական խնդիրներն ամենայն հավանականությամբ նպաստում են լյարդում ճարպի կուտակմանը: Որոշ մարդկանց մոտ ճարպի այսպիսի ավելցուկը լյարդային բջիջների վրա դրսևորում է թունավոր ազդեցություն՝ առաջացնելով լյարդի բորբոքում և ՈԱՍՀ, որն էլ կարող է բերել լյարդի սպիական կազմափոխման՝ ցիռոզի:
Ռիսկի գործոններ
ԼՈԱՃՀ-ի ռիսկը կարող են բարձրացնել բազմաթիվ տարբեր հիվանդություններ և վիճակներ, ինչպիսիք են՝
- բարձր խոլեստերին
- արյան մեջ տրիգլիցերիդների բարձր մակարդակներ
- մետաբոլիկ համախտանիշ
- գիրություն, հատկապես, երբ ճարպը գերակշռում է որովայնին
- պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
- քնի ապնոէ
- 2-րդ տիպի դիաբետ
- թերակտիվ վահանձև գեղձ (հիպոթիրեոզ)
- թերակտիվ հարվահանաձև գեղձ (հիպոպիտուիտարիզմ):
ԼՈԱՃՀ-ը ավելի հաճախ հանդիպում է հետևյալ խմբերում՝
- մեծ տարիքով մարդիկ
- դիաբետով մարդիկ
- որովայնային գիրությամբ մարդիկ:
Առանց լրացուցիչ հետազոտությունների ԼՈԱՃՀ-ը դժվար է տարբերակել ՈԱՍՀ-ից:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-09-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024