Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության (ԼՈԱՃՀ) զարգացման դանդաղեցմանը կարող են օգնել մի շարք պարզ միջոցառումներ:
- Ազատվեք ավելորդ քաշից. եթե ունեք ավելցուկային քաշ կամ գիրություն, կրճատեք ամեն օր սննդով ստացվող կալորիաները և բարձրացրեք ֆիզիկական ակտիվությունը: Կալորիաների կրճատումն ավելորդ կիլոգրամներից ազատվելու և հիվանդությունը վերահսկելի դարձնելու թիվ մեկ նախապայմանն է: Եթե քաշի կարգավորման նախկին փորձերով զգալի հաջողություն չեք գրանցել, դիմեք բժշկի օգնությանը:
- Ընտրեք առողջ սննդակարգ. անցեք մրգերով, բանջարեղեններով և ամբողջահատիկ մթերքներով հարուստ առողջ սննդակարգին: Վերահսկեք օրվա ընթացքում սննդով ստացած կալորիաները:
- Անցեք կանոնավոր վարժանքներին և դարձեք ֆիզիկապես ավելի ակտիվ. նպատակադրվեք շաբաթվա օրերի մեծ մասն առնվազն 30 րոպե տրամադրել վարժանքներին: Եթե ցանկանում եք քաշ գցել, ավելացրեք օրական վարժանքների տևողությունը: Սակայն, եթե ունեք առողջական խնդիրներ կամ անցյալում ֆիզիկապես ակտիվ չեք եղել, նապախես խորհրդակցեք բժշկի հետ, թե ինչ արագությամբ կարելի է հասնել ֆիզիկական վարժանքների ցանկալի մակարդակին:
- Վերահսկեք դիաբետը. եթե ունեք դիաբետ, խստորեն և հետևողականորեն կատարեք բժշկի բոլոր հրահանգները: Ընդունեք ձեր դեղերն այնպես, ինչպես նշանակված են և մշտապես հետևեք արյան շաքարի մակարդակին:
- Նվազեցրեք արյան խոլեստերինը. առողջ բուսական սննդակարգը, վարժանքները և դեղամիջոցները կարող են օգնել այն խոլեստերինի և տրիգլիցերիդների բարձրացած մակարդակների կարգավորմանը:
- Պաշտպանեք ձեր լյարդը. խուսափե՛ք այնպիսի բաներից, որոնք կարող են լյարդի համար դառնալ հավելյալ ծանրություն: Օրինակ՝ հրաժարվե՛ք ալկոհոլի օգտագործումից, մինչև որևէ դեղամիջոց ընդունելը ծանոթացեք, թե ինչպես է այն ազդում լյարդի վրա: Նույն կերպ զգուշություն դրսևորեք բուսական ծագման միջոցների ընդունման դեպքում, քանի որ ոչ բոլոր դեղաբույսերն են անվտանգ:
Այլընտրանքային միջոցներ
Որևէ այլընտրանքային միջոց չի կարող բուժել ԼՈԱՃՀ-ը, սակայն հետազոտությունները վկայում են, որ որոշ բնական նյութեր կարող են դրսևորել որոշակի օգտակարություն:
- Վիտամին E. տեսականորեն վիտամին E-ն և հակաօքսիդանտներ կոչվող այլ վիտամինները կարող են օգնել բորբոքմամբ պատճառված վնասը չեզոքացնելուն կամ նվազեցնելուն, որն էլ կարող է օգնել լյադի պաշտպանությանը, սակայն գործնական ապացույցները բավարար չեն: Որոշ տվյալներ վկայում են ԼՈԱՃՀ-ով պայմանավորված լյարդի վնասման դեմ վիտամին E-ի հավելումների օգտակարության մասին: Սակայն, վիտամին E-ն կապված է մահացության և տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի բարձրացման հետ:
- Սուրճ. ԼՈԱՃՀ-ով մարդկանց շրջանում անցկացված հետազոտություններով պարզվել է, որ օրական 2 և ավելի գավաթ սուրճ ընդունող անձանց շրջանում լյարդի վնասման ռիսկն ավելի ցածր է, քան օրական մինչև 2 գավաթ ընդունողներին, սակայն նույն հետազոտությամբ նաև կարծիք է ձևավորվում, որ սուրճի բարերար ազդեցությունը կարող է կապված լինել բորբոքման դեմ պայքարում օգտակար ազդեցություն դրսևորող որոշ նյութեր, այլ ոչ թե բուն սուրճի հետ: Եթե օգտագործում եք սուրճ, ապա կարելի է շարունակել առավոտյան մեկ գավաթ սուրճ ընդունելը, սակայն, եթե չեք օգտագործում, ապա կարիք չկա սկսել սուրճ խմել: Զրուցեք բժշկի հետ սուրճի հնարավոր օգտակար ազդեցությունների վերաբերյալ:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-09-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024