Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը (ԼՈԱՃՀ) մեծամասամբ որևէ ախտանիշ չի առաջացնում, ուստի հաճախ արժանանում է բժիշկների ուշադրությանը, երբ լյարդային խնդրի մասին վկայող այլ պատճառներով անցկացվում են լաբորատոր և այլ հետազոտություններ:
Օրինակ, գերձայնային հետազոտությամբ (սոնոգրաֆիա) կարող է գրանցվել լյարդի անսովոր տեսք կամ արյան թեստով հայտնաբերվել լյարդային ֆերմենտների ակտիվության (մակարդակի) բարձրացում:
Հիվանդության ախտորոշմանը և ծանրության աստիճանի գնահատմանը կարող են օգնել տարբեր հետազոտություններ:
Արյան թեստեր
- արյան ընդհանուր հետազոտություն
- լյարդային ֆերմենտներ և լյարդի գործունեության թեստեր
- քրոնիկ վիրուսային հեպատիտների թեստեր (հեպատիտ A, հեպատիտ C և այլն)
- ցելիակայի սքրինինգային թեստ
- քաղցած վիճակում արյան շաքարի թեստ
- գլիկոհեմոգլոբինի թեստ (HbA1c)
- լիպիդային պրոֆիլ, որը չափում է արյան ճարպերի մակարդակները (օրինակ՝ խոլեստերին և տրիգլիցերիդներ):
Պատկերային հետազոտություններ
ԼՈԱՃՀ-ն ախտորոշելիս բժիշկը կարող է առաջարկել հետևյալ հետազոտությունները՝
- որովայնային սոնոգրաֆիա, որը լյարդի հիվանդություն կասկածելիս հաճախ առաջին հետազոտություններից է
- որովայնի համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), որոնցով դժվարությամբ է ԼՈԱՃՀ-ը տարբերակվում ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտից (ՈԱՍՀ), սակայն կարող են նշանակվել մասնավոր դեպքերում
- անցումային էլաստոգրաֆիա, որը լյարդի պնդությունն ու ճկունությունը գնահատող գերձայնային հետազոտության տեսակ է և կարող է օգնել լյարդի ֆիբրոզի կամ սպիացման հայտնաբերմանը
- մագնիսա-ռեզսոնանսային էլաստոգրաֆիա, որը ՄՌՏ պատկերումը զուգակցում է ձայնային ալիքների հետ և արդյունքում արտածում է հյուսվածքների պնդության և ճկունության վիզուալ քարտեզ (էլաստոգրամմա):
Լյարդային հյուսվածքի հետազոտություն
Եթե այլ թեստերի արդյունքները կասկածելի են, բժիշկը կարող է խորհուրդ տալ լյարդային հյուսվածքի փոքր նմուշառում (լյարդի բիոպսիա), որը ենթարկվում է լաբորատոր զննման: Վերջինս թույլ է տալիս հայտնաբերել բորբոքման կամ սպիացման նշաններ:
Լյարդի բիոպսիան իրականացվում է որովայնի պատով դեպի լյարդ ներմուծված ասեղով: Այն թեև ստեղծում է որոշակի անհարմարավետություն, սակայն այսօր դարձել է առավել քիչ վտանգավոր միջամտություն։
Հոդվածը հրապարակվել է՝ 26-09-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024