Թեև մարմնի քաշի վրա ազդում են գենետիկ, վարքագծային, նյութափոխանակային և հորմոնային գործոններ, գիրությունը զարգանում է, երբ դուք ավելի շատ կալորիա եք ընդունում, քան այրում եք սովորական առօրյա գործունեության և ֆիզիկական վարժանքների միջոցով:
Նման դեպքերում ձեր մարմինը կուտակում է այս ավելորդ կալորիաները ճարպի տեսքով:
ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում մարդկանց մեծամասնության սննդակարգը խիստ կալորիական է՝ հաճախ արագ սննդի և բարձր կալորիականությամբ ըմպելիքների պատճառով: Գիրություն ունեցող մարդիկ կարող են ավելի շատ կալորիա ուտել նախքան կուշտ զգալը, ավելի շուտ քաղց զգալ կամ ավելի շատ ուտել սթրեսի կամ անհանգստության պատճառով:
Շատ մարդիկ, ովքեր ապրում են արևմտյան երկրներում, այժմ ունեն աշխատանք, որը պահանջում է շատ ավելի քիչ ֆիզիկական ջանքեր, ուստի հակված չեն աշխատավայրում այդքան շատ կալորիաներ այրել: Նույնիսկ առօրյա գործերը պահանջում են ավելի քիչ կալորիաներ՝ շնորհիվ այնպիսի հարմարությունների, ինչպիսիք են հեռակառավարման վահանակները, շարժասանդուղքները, առցանց գնումները և բանկային հավելվածները:
Ռիսկի գործոններ
Գիրությունը սովորաբար զարգանում է որպես տարբեր պատճառների և նպաստող գործոնների համակցության արդյունք:
Ընտանեկան ժառանգականություն և ազդեցություններ
Ծնողներից ժառանգած գեները կարող են ազդել ձեր մարմնում պահեստավորվող ճարպի քանակի և այդ ճարպի բաշխման վրա: Գենետիկան կարող է նաև դեր խաղալ այն հարցում, թե որքան արդյունավետ է ձեր օրգանիզմը սնունդը վերածում էներգիայի, ինչպես է ձեր օրգանիզմը կարգավորում ձեր ախորժակը և ինչպես է այն վարժանքների ընթացքում այրում կալորիաները:
Գիրությունը հակված է հանդիպելու ընդանիքներում, սակայն սա պայմանավորված չէ միայն ընդհանուր գեներով: Ընտանիքի անդամները սովորաբար ունեն սնունդ ընդունելու և ֆիզիկական ակտիվության համանման սովորույթներ:
Ապրելակերպի ընտրություններ
- Անառողջ սննդակարգ. բարձր կալորիականությամբ, մրգերի և բանջարեղենի պակասով, արագ սննդով լի (ֆասթ ֆուդ) ու բարձր կալորիականությամբ ըմպելիքներով և մեծ չափաբաժիններով հագեցած սննդակարգը նպաստում է քաշի ավելացմանը:
- Հեղուկ կալորիաներ. մարդիկ կարող են շատ կալորիաներ խմել առանց հագեցվածություն զգալու, հատկապես ալկոհոլ օգտագործելիս: Բարձր կալորիականությամբ այլ ըմպելիքները, ինչպիսիք են քաղցրացված զովացուցիչ ըմպելիքները, նույնպես կարող են նպաստել քաշի զգալի ավելացմանը:
- Ֆիզիկական անբավարար ակտիվություն. եթե վարում եք նստակյաց կենսակերպ, հեշտությամբ կարող եք ամեն օր ավելի շատ կալորիա ընդունել, քան ծախսել եք ֆիզիկական վարժանքների և առօրյա գործունեության միջոցով: Համակարգչի, պլանշետի և հեռախոսի էկրանների առաջ ժամեր անցկացնելը նստակյաց զբաղմունք է: Էկրանի դիմաց անցկացրած ժամերի քանակը մեծապես կապված է քաշի ավելացման հետ:
Որոշ հիվանդություններ և դեղամիջոցներ
Որոշ մարդկանց մոտ գիրությունը կարող է պայմանավորված լինել առողջական խնդիրներով, ինչպիսիք են Պրեյդեր-Վիլի համախտանիշ, Քուշինգի համախտանիշ և այլ հիվանդություններ: Առողջական խնդիրները, օրինակ՝ հոդաբորբը (արթրիտ) նույնպես կարող են հանգեցնել ֆիզիկական ակտիվության նվազմանը, ինչը կարող է բերել քաշի ավելացման:
Որոշ դեղամիջոցներ կարող են ավելացնել ձեր մարմնի քաշը, եթե դուք չեք հակակշռում այս կողմնակի ազդեցությունը սննդակարգով կամ ֆիզիկական ակտիվությամբ: Այսպիսի ազդեցությամբ դեղերից են որոշ հակադեպրեսանտներ, հակացնցումային դեղամիջոցները, դիաբետի բուժման դեղամիջոցները, հակափսիխոտիկները, ստերոիդները և բետա-պաշարիչները:
Սոցիալական և տնտեսական խնդիրներ
Սոցիալական և տնտեսական գործոնները կապված են գիրության հետ: Գիրությունից խուսափելը դժվար է, եթե դուք չունեք անվտանգ տարածքներ զբոսանքի կամ վարժանքների համար: Նույն կերպ, հնարավոր է, որ ձեզ չեն սովորեցրել սննդի պատրաստման առողջ եղանակներ կամ դուք չեք կարող օգտվել ավելի առողջ սնունդից: Բացի այդ, այն մարդիկ, ում հետ ժամանակ եք անցկացնում, կարող են ազդել ձեր քաշի վրա. ավելի հավանական է, որ դուք գիրություն ձեռք բերեք, եթե ունեք գեր ընկերներ կամ հարազատներ:
Տարիք
Տարիքի հետ նաև տեղի է ունենում մկանուքի պակասում, որը բերում է նյութափոխանակության կրճատման: Այսպիսի փոփոխությունը նաև կրճատում է կալորիաների կարիքը, որը բերում է ավելցուկային քաշի վերահսկման լրացուցիչ դժվարության:
Գիրություն կարող է զարգանալ ցանկացած տարիքում, նույնիսկ փոքր երեխաների մոտ: Սակայն տարիքի հետ հորմոնային փոփոխությունները և ոչ ակտիվ ապրելակերպը մեծացնում են գիրության ռիսկը: Բացի այդ, ձեր մարմնի մկանների քանակը տարիքի հետ նվազում է: Ընդհանուր առմամբ, մկանային զանգվածի նվազումը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցմանը։ Այս փոփոխությունները նաև նվազեցնում են կալորիաների կարիքը և կարող են դժվարացնել ավելորդ քաշից զերծ մնալը: Եթե դուք գիտակցաբար չեք վերահսկում, թե ինչ եք ուտում և տարիքի հետֆիզիկապես ավելի պասիվ եք դառնում, ամենայն հավանականությամբ կգիրանաք:
Այլ գործոններ
- Հղիություն. հղիության ընթացքում քաշի ավելացումը սովորական երևույթ է: Որոշ կանայք դժվարանում են նիհարել երեխայի ծնվելուց հետո: Քաշի այսպիսի ավելացումը կարող է նպաստել կանանց մոտ գիրության զարգացմանը:
- Ծխախոտից հրաժարում. ծխելը թողնելը հաճախ կապված է քաշի ավելացման հետ, իսկ ոմանց համար դա կարող է հանգեցնել բավականաչափ քաշի ավելացման:
- Հաճախ դա տեղի է ունենում այն մարդկանց մոտ, ովքեր ծխախոտից կախվածությունը փորձում են փոխարինել սննդամթերքով: Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում ծխելը թողնելը ավելի մեծ օգուտ է ձեր առողջությանը, քան այն շարունակելը: Ձեր բժիշկը կարող է օգնել ձեզ կանխելու քաշի ավելացումը ծխելը թողնելուց հետո:
- Քնի պակաս. անբավարար քունը կամ շատ քունը կարող են առաջացնել ախորժակը բարձրացնող հորմոնային տեղաշարժեր: Դուք նաև կարող եք խիստ ցանկանալ կալորիականությամբ և ածխաջրերով հարուստ սնունդ, ինչը կարող է նպաստել քաշի ավելացմանը:
- Սթրես. բազմաթիվ արտաքին գործոններ, որոնք ազդում են տրամադրության և ինքնազգացողության վրա, կարող են նպաստել գիրացմանը: Սթրեսային իրավիճակներում մարդիկ հաճախ ձգտում են ստանալ ավելի բարձր կալորիականությամբ սնունդ:
- Միկրոբիոմա. ձեր աղիքների բակտերիաների վրա որոշակի ազդեցություն է թողնում այն, ինչ ուտում եք: Դրանք կարող են նպաստել քաշի ավելացմանը կամ նիհարելու դժվարացմանը:
Նույնիսկ եթե ունեք այս ռիսկի գործոններից մեկը կամ մի քանիսը, դեռ չի նշանակում, որ ձեզ վիճակված է գիրանալ: Դուք կարող եք հակազդել ռիսկի գործոնների մեծամասնությանը սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և վարժանքների, ինչպես նաև վարքագծային փոփոխության միջոցով:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-07-2018
Վերջին վերանայում՝ 28-04-2024