Իրականում, գիրությունը կարող է «ախտորոշվել» անզեն աչքով՝ որպես մարմնի որոշ շրջաններում ենթամաշկային ճարպային կուտակումների հայտնաբերում։
Գիրություն ախտորոշելու համար ձեր բժիշկը սովորաբար կանցկացնի բուժզննում և խորհուրդ կտա անցնել որոշ հետազոտություններ:
- Հիվանդության պատմության գնահատում. ձեր բժիշկը կարող է հարցեր տալ՝ կապված ձեր մարմնի քաշի ավելացման պատմության, քաշի կորստի ջանքերի, ֆիզիկական ակտիվության և վարժանքներ անելու սովորույթների, սնվելու կարգի և ախորժակի վերահսկմաբ, ձեր ունեցած այլ հիվանդությունների, օգտագործված դեղորայքի, սթրեսի մակարդակի և ձեր առողջության հետ կապված այլ խնդիրների հետ: Ձեր բժիշկը նաև կարող է հետաքրքրվել ձեր ընտանիքի առողջության պատմությամբ՝ ստուգելու որոշ հիվանդությունների նկատմամբ ձեր ժառանգական նախատրամադրվածությունը:
- Ընդհանուր բուժզննում. սա ներառում է ձեր հասակի չափումը, կենսականան նշանների ստուգումը, ինչպիսիք են սրտի կծկումների հաճախականությունը, արյան ճնշումը և ջերմաստիճանը, սրտի և թոքերի լսումը և որովայնի զննումը:
- Ձեր ՄԶԳ հաշվարկը. Ձեր բժիշկը կստուգի ձեր մարմնի զանգվածի գործակիցը (ՄԶԳ, անգելերն՝ BMI): 30 կամ ավելի բարձր ՄԶԳ-ը համարվում է գիրություն: 30-ից բարձր ցուցանիշներն էլ ավելի են մեծացնում առողջության ռիսկերը։ Ձեր ՄԶԳ-ը պետք է ստուգվի առնվազն տարին մեկ անգամ, քանի որ դա կարող է օգնել որոշելու ձեր ընդհանուր առողջական ռիսկերը և համապատասխան բուժումը:
- Իրանի շրջանագծի չափում. գոտկատեղի շուրջ կուտակված ճարպը, որը երբեմն կոչվում է ընդերային (վիսցերալ ճարպ) կամ որովայնի ճարպ, կարող է ավելի մեծացնել սրտային հիվանդության և դիաբետի վտանգը: Ավելի քան 35 դյույմ (89 սանտիմետր) գոտկատեղ (շրջագիծ) ունեցող կանայք և ավելի քան 40 դյույմ (102 սանտիմետր) գոտկատեղ ունեցող տղամարդիկ կարող են ավելի մեծ առողջական ռիսկ ունենալ, քան գոտկատեղի ավելի փոքր չափումներ ունեցող մարդիկ: Ինչպես ՄԶԳ չափումը, գոտկատեղի շրջագիծը պետք է ստուգվի առնվազն տարին մեկ անգամ:
- Այլ առողջական խնդիրների ստուգում. եթե ունեք հայտնի առողջական խնդիրներ, ձեր բժիշկը կգնահատի դրանք: Նա կստուգի նաև այլ հնարավոր առողջական խնդիրները, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը, բարձր խոլեստերինը, թերակտիվ վահանաձև գեղձը, լյարդային խնդիրները և դիաբետը:
Այս տեղեկատվության հավաքումը կօգնի ձեզ և ձեր բժշկին ընտրելու բուժման այն տեսակը, որն առավել արդյունավետ կարող է լինել ձեզ համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-07-2018
Վերջին վերանայում՝ 28-04-2024