Գիրությունը հաղթահարելու ձեր ջանքերը կարող են ավելի արդյունավետ լինել, եթե բուժման ընթացքում հետևեք որոշ միջոցներին:
- Իմացեք ձեր վիճակի մասին ամեն ինչ. գիրության վերաբերյալ գիտելիքները կարող են օգնել, որ հասկանաք, թե ինչու է ձեզ մոտ առաջացել այս վիճակը և ինչ կարող եք անել՝ ազատվելու ավելորդ կիլոգրամներից: Իրազեկվելը ձեզ տալիս է լրացուցիչ շարժառիթ, որ հավատարիմ մնաք ձեր և բժշկի կողմից մշակված նիհարելու ծրագրին: Ծանոթացեք ինքնօգնության տեղեկատվական նյութերին և քննարկեք ձեր բժշկի հետ, թե որ միջոցները կարելի է ավելացնել նախապես մշակված նիհարելու ծրագրին:
- Սահմանեք իրատեսական նպատակներ. երբ կարիք կա ազատվելու մեծ քաշից, ինքնաբերաբար առաջանում է ոչ իրատեսական նպատակներին հասնելու ձգտում: Օրինակ՝ կարճ ժամանակի ընթացքում շոշափելի արդյունքներին հասնելն ավելի շուտ անհավանական է, քան հավանական, ուստի պետք չէ նման նպատակ սահմանել, որից հետո՝ արագորեն հիասթափվել: Պահեք շաբաթական արդյունքների օրագիր և փորձեք մեծ արդյունքի հասնել փոքր քայլերով:
- Մնացեք հավատարիմ ձեր իսկ կազմած բուժման ծրագրին. ապրելակերպի փոփոխություն այնքան էլ հեշտ գործ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այն պահանջում է ժամանակ ու որոշակի ջանքեր, քանի որ դուք աստիճանաբար պետք է հասնեք վարքաբանական և վերաբերմունքի փոփոխության: Ազնիվ եղեք ձեր բժշկի հետ և պատմեք նրան ամեն ինչի մասին՝ չթաքցնելով հնարավոր անհաջողությունները և ձեր կազմած ծրագրից թեկուզ փոքր շեղումները: Երկուսով որոշեք, թե ինչ քայլերի կարելի է դիմել, որ «վրիպումները» դառնան հազվադեպ և մի օր ընդհանրապես վերանան:
- Ակնկալեք աջակցություն. հասեք նրան, որ ձեր ընտանիքի անդամները և ընկերները աջակցեն ձեր բուժման նախաձեռնությանը: Շրջապատեք ձեզ ձեր մտահոգությունները կիսող և աջակից մարդկանցով: Դուք նաև կարող եք միանալ քաշի նվազեցման խմբակներին:
- Պահեք օրագիր. պահեք օրագիր և ամեն օր նշումներ արեք տվյալ օրվա ձեր սննդակարգի և ֆիզիկական ակտիվության վերաբերյալ: Այս միջոցով կարող եք հայտնաբերել բուժմանը խանգարող «անտեսանելի» գործոններ, որոնցից խուսափելը կօգնի «սայթաքումներից» խուսափելուն: Փորձեք այս նպատակի համար ստեղծված բջջային ծրագրեր:
- Հետևեք բժշկի նշանակումներին և ցուցումներին. մի՛ փորձեք կտրուկ փոփոխություններ կատարել ձեր բուժման ծրագրում, առավել ևս, ինքնուրույն մի՛ փոփոխեք նշանակված դեղերը կամ դրանց դեղաչափերը: Ամեն ինչի մասին նախապես խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
Այլընտրանքային բժշկություն
Խանութներում կամ դեղատներում կարող եք տեսնել սննդային հավելումներ, որոնք գովազդվում են որպես ձեր մարմնի քաշն արագորեն կարգավորող «հրաշք-միջոցներ»: Եթե մի տեղ տեսնում եք գովազդ արագ արդյունքների մասին, առանց երկմտելու խուսափեք այդ միջոցից: Իրականում, մեծ հարցականի տակ են նման միջոցների ոչ միայն օգտակարությունը կամ արդյունավետությունը, այլև կասկածելի է դրանց անվտանգությունը:
Նկատի ունեցեք, որ բուսական միջոցները, վիտամինները կամ միներալները, որոնց կարելի է համարել սննդային հավելումներ, չեն անցնում խստապահանջ կանոններով սահմանված այն հետազոտությունները, որոնց ենթարկվում են դեղամիջոցները՝ մինչև համապատասխան կառույցի կողմից հաստատվելը և դեղատանը հայտնվելը: Հիշեք նաև, որ որևէ միջոցի «բնական» մակնանշումը բնավ չի նշանակում, որ այն անվտանգ է և չի կարող առաջացնել կողմնակի ազդեցություններ:
«Ուղեղ-մարմին» թերապիաները, օրինակ՝ ասեղնաբուժությունը, գիտակցվածությունը կամ յոգան, կարող են լրացնել, այլ ոչ թե փոխարինել հիմնական բուժմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024