Գիրության բուժման նպատակն առողջ քաշի հասնելն ու այդ միջակայքում մնալն է:
Սա բարելավում է ընդհանուր առողջությունը և նվազեցնում գիրության հետ կապված բարդությունների զարգացման ռիսկը:
Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի աշխատել բժիշկ–մասնագետների թիմի հետ՝ դիետոլոգ, վարքագծային խորհրդատու կամ գիրության մասնագետ: Նրաք կարող են օգնել ձեզ հասկանալու և փոփոխություններ կատարելոի ձեր սնունդ ընդունելու և ֆիզիկական գործունեության սովորույթներում:
Բուժման նախնական խնդիրը սովորաբար մարմնի քաշի չափավոր՝ ընդհանուր քաշի 5-10%-ոց նվազեցումն է: Սա նշանակում է, որ եթե ձեր մարմնի զանգվածը 91 կգ է և ՄԶԳ-ի չափմամբ համարվում եք գեր, ուրեմն կարիք ունեք կորցնելու ավելցուկային 4,5-9 կգ, որից հետո ձեր առողջական վիճակը կսկսի բարելավվել: Ընդ որում, որքան շատ հավելյալ կիլոգրամներ կորցնեք, այդքան ավելի մեծ օգուտ կստանաք:
Քաշի կորստի բոլոր ծրագրերը պահանջում են ձեր սնման սովորույթների փոփոխություն և ֆիզիկական ակտիվության ավելացում: Ձեզ համար ամենաարդյունավետ և անվտանգ բուժման տարբերակները կախված են ձեր գիրության աստիճանից, ընդհանուր առողջական վիճակից, ինչպես նիհարելու ծրագրին մասնակցելու նաև ձեր ցանկությունից ու պատրաստակամությունից:
Սննդակարգի փոփոխություններ
Կալորիաների կրճատումը և ավելի առողջ սնվելու սովորույթները կենսական նշանակություն ունեն գիրության հաղթահարման համար: Սկզբում դուք կարող եք նիհարել բավականին արագ, սակայն քաշի երկարաժամկետ կայուն նվազեցումը համարվում է նիհարելու ամենաանվտանգ միջոցը և այն կայուն պահելու լավագույն միջոցը:
Քաշի կորստի համար որևէ լավագույն սննդակարգ չկա: Ընտրեք դրանցից մենկումեկը, որը ներառում է առողջ մթերքներ, որոնք, ձեր կարծիքով, ձեզ համար կլինեն արդյունավետ: Գիրության բուժման համար սննդակարգի փոփոխությունները ներառում են հետևյալը:
- Կալորիաների կրճատում. քաշի կորստի բանալին ձեր ընդունած կալորիաների կրճատումն է: Առաջին քայլը ձեր սովորական ուտելու և խմելու սովորույթների վերանայումն է, որ գնահատեք, թե որքան կալորիա եք սովորաբար օգտագործում և որտեղ կարող եք կրճատել: Դուք և ձեր բժիշկը կարող եք որոշել, թե օրական քանի կալորիա պետք է ընդունել նիհարելու համար, սակայն սովորական չափը կազմում է 1200-ից 1500 կալորիա կանանց համար և 1500-ից 1800 կալորիա տղամարդկանց համար:
- Ավելի քչից հագեցվածության զգացում. որոշ մթերքներ, ինչպիսիք են աղցանները, կոնֆետները, ճարպերը և վերամշակված մթերքները, փոքր չափաբաժնում պարունակում են շատ կալորիաներ: Հակառակ սրան, մրգերն ու բանջարեղենը ապահովում են ավելի մեծ չափաբաժիններ՝ ավելի քիչ կալորիաներով: Ավելի քիչ կալորիա պարունակող մթերքների ավելի մեծ չափաբաժիններ ուտելով՝ դուք նվազեցնում եք քաղցի «նոպաները», ավելի քիչ կալորիաներ եք ընդունում և ավելի լավ եք զգում ձեր կերակուրից, ինչը նպաստում է ընդհանուր առմամբ բավարարված լինելուն:
- Ավելի առողջ ընտրություններ. ձեր ընդհանուր սննդակարգն ավելի առողջ դարձնելու համար կերեք ավելի շատ բուսական ծագման մթերքներ, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը և ամբողջահատիկ ձավարեղենը: Նաև ուշադրություն դարձրեք անյուղ սպիտակուցի աղբյուրներին, ինչպիսիք են լոբին, ոսպը, սոյան և ճարպ չունեցող միսը: Եթե ձուկ եք սիրում, փորձեք ձեր սննդակարգում շաբաթական երկու անգամ ձուկ ներառել: Սահմանափակեք աղը և ավելացված շաքարը: Կերեք փոքր քանակությամբ յուղային մթերքներ և ուշադրություն դարձրեք, որ դրանք ստացվել են սրտի համար օգտակար աղբյուրներից, ինչպիսիք են ձիթապտղի, կանոլայի և ընկույզի ձեթերը:
- Որոշ մթերքների սահմանափակում. որոշ սննդակարգեր սահմանափակում են մթերքների որոշակի խմբի չափաբաժինը, ինչպիսիք են ածխաջրերի բարձր պարունակությամբ կամ մեծ յուղայնությամբ մթերքները: Հարցրեք ձեր բժշկին, թե որ սննդակարգային ծրագրերն են արդյունավետ և որոնք կարող են օգտակար լինել ձեզ համար: Շաքարավազով քաղցրացված ըմպելիքներ խմելը, իհարկե, ձեզ «պարգևում է» ավելի շատ կալորիաներ, քան նախատեսված էիք: Այս ըմպելիքների սահմանափակումը կամ դրանք ընդհանրապես բացառելը լավ տարբերակ է կալորիաները կրճատելու համար:
- Սննդի փոխարինում. այս ծրագրերն առաջարկում են մեկ կամ երկու մեծ ճաշերը փոխարինել իրենց բաղադրիչներով, ինչպիսիք են ցածր կալորիականությամբ կոկտեյլները կամ սալիկները, և ուտել առողջ նախուտեստներ և առողջ, հավասարակշռված երրորդ կերակուրը, որը պարունակում է քիչ յուղեր և կալորիաներ: Կարճաժամկետ հեռանկարում այս տեսակի սննդակարգը կարող է օգնել ձեզ նիհարել: Բայց դրանք, հավանաբար, չեն սովորեցնի ձեզ, թե ինչպես փոխել ձեր ընդհանուր ապրելակերպը: Այս առումով, եթե ցանկանում եք պահպանել ձեր քաշը, դուք ստիպված եք մշտապես պահպանել սահմանափակող սննդակարգը:
Զգուշացեք արագ լուծումներից: Դուք կարող եք գայթակղվել մոդայիկ սննդակարգերով, որոնք խոստանում են արագ և հեշտ քաշի կորուստ: Իրականությունը, սակայն, այն է, որ չկան կախարդական մթերքներ կամ արագ լուծումներ: Նորաոճ սննդակարգերը կարող են օգնել կարճաժամկետ հեռանկարում, բայց երկարաժամկետ արդյունքները կարծես թե ավելի լավը չեն, քան մյուս սննդակարգերինը:
Նույն կերպ, դուք կարող եք նիհարել առանց սննդակարգի, բայց, ամենայն հավանականությամբ, կվերականգնեք ձեր նախկին քաշը, երբ դադարեցնեք այն: Քաշը կորցնելու և այն առողջ միջակայքում պահպանելու համար դուք պետք է մշակեք առողջ ուտելու սովորույթներ, որոնք կարող եք պահպանել երկար ժամանակի ընթացքում:
Իմացե՛ք ավելին առողջ սննդակարգի միջոցով քաշի կորստի առանձնահատկությունների մասին:
Վարժանքներ և ֆիզիկական ակտիվություն
Ֆիզիկական ակտիվության կամ վարժանքների ավելացումը գիրության բուժման կարևոր մասն է:
- Վարժանքներ. գիրություն ունեցող մարդիկ պետք է շաբաթական առնվազն 150 րոպե լինեն չափավոր ինտենսիվության ֆիզիկապես ակտիվ՝ հետագա քաշի ավելացումը կանխելու կամ չափավոր քաշի կորուստը պահպանելու համար: Հավանաբար, ձեր դիմացկության և մարզավիճակի բարելավմանը զուգընթաց հարկավոր կլինի աստիճանաբար ավելացնել ձեր վարժանքների քանակը:
- Շարունակեք շարժվելը. թեև կանոնավոր աերոբիկ վարժությունները կալորիաներ այրելու և ավելորդ քաշից ազատվելու ամենաարդյունավետ միջոցն են, ցանկացած լրացուցիչ շարժում օգնում է այրել լրացուցիչ կալորիաներ: Կայանեք խանութի մուտքերից ավելի հեռու և վերելակի փոխարեն բարձրացեք աստիճաններով։ Քայլաչափը կարող է հետևել, թե օրվա ընթացքում քանի քայլ եք կատարում: Շատերը փորձում են հասնել ամեն օր 10000 քայլի: Աստիճանաբար ավելացրեք ձեր ամենօրյա քայլերի քանակն այդ նպատակին հասնելու համար:
Իմացե՛ք ավելին ֆիզիկական ակտիվացման միջոցով քաշի կորստի առանձնահատկությունների մասին:
Վարքագծային փոփոխություններ
Վարքագծի ձևափոխման ծրագիրը կարող է օգնել, որ փոփոխելք ձեր ապրելակերպը, նիհարեք և պահպանեք այն: Ձեռնարկվող քայլերը ներառում են ձեր ընթացիկ սովորույթների ուսումնասիրությունը՝ պարզելու, թե ինչ գործոններ, սթրեսներ կամ իրավիճակներ կարող են նպաստել ձեր գիրացմանը:
- Խորհրդատվություն. հոգեկան առողջության մասնագետի հետ զրուցելը կարող է օգնել լուծելու սննդի հետ կապված հուզական և վարքային խնդիրները: Թերապիան կարող է օգնել ձեզ հասկանալու, թե ինչու եք չափից շատ ուտում և սովորել առողջ ուղիներ՝ հաղթահարելու անհանգստությունը: Դուք կարող եք նաև սովորել, թե ինչպես վերահսկել ձեր սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը, հասկանալ ուտելուն նպաստող գործոնները և հաղթահարել սնունդ ընդունելու ձգտումը: Խորհրդատվությունը կարող է լինել անհատական կամ խմբակային:
- Աջակցող խմբեր. դուք կարող եք ընկերակցություն և փոխըմբռնում գտնել աջակցության խմբերում, որտեղ մյուսները կիսում են գիրության հետ կապված նմանատիպ մտահոգությունները:
Նիհարեցնող դեղամիջոցներ
Բժիշկը կարող է ձեզ նշանակել նիհարեցնող դեղեր, եթե սննդակարգով և վարժանքներով չի հաջողվում նվազեցնել ձեր քաշը, և դուք ունեք 30 և ավելի բարձր ՄԶԳ կամ 27-ից բարձր ՄԶԳ և գիրության որևէ բարդություն, օրինակ՝ դիաբետ, բարձր արյան ճնշում կամ քնի ապնոէ:
Քաշը կորցնելու համար նախատեսված դեղամիջոցները նախատեսված են սննդակարգի, վարժությունների և վարքագծի փոփոխությունների հետ մեկտեղ, այլ ոչ թե դրանց փոխարեն օգտագործելու համար: Նախքան ձեզ համար դեղամիջոց ընտրելը, բժիշկը կքննարկի ձեր հիվանդության պատմությունը, ինչպես նաև հնարավոր կողմնակի ազդեցությունները:
Ամենահաճախ օգտագործվող դեղամիջոցները, որոնք գիրության բուժման համար հաստատվել են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի գործակալության (FDA) կողմից, ներառում են՝
- Բուպրոպիոն-Նալտրեքսոն (Կոնտրավե)
- Լիրագլուտիդ (Սաքսենդա)
- Օրլիստատ (Ալլի, Քսենիկալ)
- Ֆենտերմին-Տոպիրամատ (Քսիմիա):
Նիհարեցնող դեղամիջոցները կարող են ոչ բոլորի համար արդյունավետ լինել, և ազդեցությունը կարող է թուլանալ ժամանակի ընթացքում: Երբ դուք դադարեցնեք քաշը կորցնելու դեղամիջոց ընդունելը, կարող եք վերականգնել կորցրած քաշի մեծ մասը կամ ամբողջը:
Նիհարացման էնդոսկոպիկ միջամտություններ
Այս տեսակի միջամտությունները մաշկի վրա որևէ կտրվածք չեն պահանջում: Անզգայացման ներքո ճկուն խողովակները և գործիքները բերանով ներմուծվում են դեպի ստամոքս: Զրուցեք այս թեմայի շուրջ ձեր բժշկի կամ վիրաբույժի հետ:
Նիհարացման վիրահատություն
Գիրության վիրահատական բուժումը կամ բարիատրիկ վիրաբուժությունը կարող է օգնել ծանր ճարպակալմամբ որոշ մարդկանց, որ նրանք ստամոքսի վիրահատական ձևափոխման հաշվին կորցնեն ավելորդ կիլոգրամներ։
Բարիատրիկ վիրահատությունը սովորաբար առաջարկվում է այն դեպքերում, երբ մարդն ունի խիստ բարձր ՄԶՑ), չի կարողանում այլ միջոցներով կարգավորել մարմնի քաշը, գիրությունն առաջացնում է սրտանոթային կամ այլ վտանգավոր խանգարումներ կամ բացասաբար է ազդում առօրյա գործառույթների վրա։
Իմացե՛ք ավելին բարիատրիկ վիրաբուժության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-07-2018
Վերջին վերանայում՝ 28-04-2024