Գիրություն կամ ճարպակալում ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ առնչվեն մի շարք լուրջ առողջական խնդիրների զարգացման հետ:
- Սրտային հիվանդություն և ինսուլտներ. գիրությունը մեծացնում է բարձր արյան ճնշման և խոլեստերինի բարձր մակարդակների հավանականությունը, որոնք սրտային հիվանդության և ինսուլտի ռիսկի գործոններ են:
- 2-րդ տիպի դիաբետ. գիրությունը կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես է օրգանիզմն օգտագործում ինսուլինը արյան շաքարի մակարդակը վերահսկելու համար: Սա բարձրացնում է ինսուլինակայունության և դիաբետի ռիսկը:
- Որոշ քաղցկեղներ. գիրությունը կարող է բարձրացնել արգանդի, արգանդի վզիկի, էնդոմետրիումի, ձվարանների, կրծքագեղձի, հաստ աղիքի, ուղիղ աղիքի, կերակրափողի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամի և շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:
- Մարսողական խնդիրներ. գիրությունը մեծացնում է այրոցքի, լեղապարկի հիվանդության և լյարդի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը:
- Քնի ապնոէ. գիրություն ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ ունենան քնի ապնոէ՝ պոտենցիալ լուրջ խանգարում, որն ընթանում է քնած ժամանակ շնչառության կրկնվող դադարներով:
- Օստեոարթրիտ. գիրությունը բարձրացնում է ծանրաբեռնվածություն կրող հոդերի վրա դրված լարվածությունը՝ ի լրումն բորբոքման խթանման: Այս գործոնները կարող են հանգեցնել այնպիսի բարդությունների, ինչպիսին է օստեոարթրիտը:
- COVID-19-ի ծանր ախտանիշներ. գիրությունը բարձրացնում է ծանր ախտանիշների առաջացման ռիսկը, եթե դուք վարակվեք COVID-19-ով: COVID-19-ի ծանր դեպքերը կարող են պահանջել բուժում վերակենդանացման բաժանմունքներում:
Կյանքի որակ
Գիրությունը կարող է նվազեցնել կյանքի ընդհանուր որակը: Հնարավոր է, որ դուք չկարողանաք զբաղվել այնպիսի ֆիզիկական գործերով, որոնք նախկինում ձեզ հաճույք էին պատճառում: Դուք նաև կարող եք խուսափել հասարակական վայրերից։ Գիրություն ունեցող մարդիկ կարող են նույնիսկ առնչվել խտրականության խնդիրներին:
Ավելորդ քաշի հետ կապված այլ խնդիրները, որոնք կարող են ազդել ձեր կյանքի որակի վրա, ներառում են՝
- ընկճվածություն (դեպրեսիա)
- անկարողություն
- ամոթի և մեղքի զգացումներ
- սոցիալական մեկուսացում
- աշխատանքային արտադրողականության նվազում:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024