Կպչուն-սևեռուն խանգարում
Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենում ենք անցանկալի մտքեր, սակայն մեծամասամբ կարողանում ենք դրանք «մի կողմ դնել», մոռացության մատնել և առաջ շարժվել:
Սակայն, կան մարդիկ, ում մոտ անցանկալի բացասական մտքերը համառ բնույթ են կրում և սկսում «հսկել» նրանց առօրյա կյանքը: Նման իրավիճակներում հավանաբար խոսք է գնում կպչուն-սևեռուն խանգարման մասին, որի միջազգային անվանումն է «օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում»:
Կպչուն-սևեռուն խանգարումը բավականին տարածված, սակայն բուժելի տագնապի հիվանդություն է, որը սովորաբար զարգանում է ուշ մանկական կամ վաղ դեռահաս տարիքում և ուշադրությունից ու բուժումից դուրս մնալու դեպքում կարող է վերածվել քրոնիկ հիվանդության:
Ինչպես հուշում է անվանումը, հիվանդությունը կազմված է երկու խումբ ախտանիշներից՝
- կպչուն մտքեր (օբսեսիաներ)՝ անցանկալի մտքեր, պատկերներ կամ վախեր, որոնք կրկնողաբար ծագում են մարդու ուղեղում
- սևեռուն գործողություններ (կոմպուլսիաներ)՝ տագնապը մեղմացնելուն ուղղված կրկնվող վարքագծեր կամ արարողակարգեր (ռիտուալներ), որոնց դժվար կամ անհնար է դիմադրելը:
Կոմպուլսիաները կարող են լինել բավականին ժամանակատար՝ ազդելով նորմալ առօրյա գործերի վրա: Օրինակ, կպչուն-սևեռուն խանգարմամբ մարդը կարող է օրվա ընթացքում 20 և ավելի անգամ ստուգել, թե արդյոք արդուկն անջատած է:
Հիվանդների մեծ մասը տեղյակ է իր նմանատիպ վարքագծերի մասին և գիտի, որ դրանք չափազանցեցված գործողություններ են: Շատերը կարող են ամաչել և իրենց այս վիճակը բոլորից գաղտնի պահել:
Այնուամենայնիվ, որքան շուտ ախտորոշվեց կպչուն-սևեռուն խանգարումը և սկսվեց բուժումը, այդքան ավելի կմեծանա կյանքի և առօրյա գործերի վրա վերահսկողության վերահաստատման հավանականությունը։
Առաջարկում ենք նաև դիտել կպչուն-սևեռուն խանգարման վերաբերյալ տեսանյութ
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021