Կպչուն-սևեռուն խանգարումն (ԿՍԽ) ախտորոշելուն օգնող քայլերը կարող են ներառել հետևյալը:
- Հոգեբանական գնահատում. սա ներառում է ձեր մտքերի, զգացմունքների, ախտանիշների և վարքագծի բնույթի քննարկումը՝ որոշելու, թե արդյոք ունեք կպչուն մտքեր կամ սևեռուն վարքագիծ, որը խանգարում է ձեր կյանքի որակին: Ձեր թույլտվությամբ սա կարող է ներառել ձեր ընտանիքի կամ ընկերների հետ խոսելը:
- ԿՍԽ-ի ախտորոշիչ չափորոշիչներ. ձեր բժիշկը կարող է օգտագործել Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի չափորոշիչները (DSM-5), որը հրապարակվել է Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). սա կարող է արվել՝ բացառելու այլ խնդիրները, որոնք կարող են առաջացնել ձեր ախտանիշները և ստուգելու դրա հետ կապված որևէ բարդության առկայությունը:
Ախտորոշիչ չափորոշիչներ
Կպչուն մտքերի (օբսեսիա) ախտորոշման չափորոշիչն է՝
- կրկնվող, համառ և կպչուն մտքեր և գաղափարներ, որոնք հանգեցնում են անհանգստության և տառապանքի, և մտքեր, որոնք անհիմն ու ծայրահեղացված են և չեն կարող անտեսվել:
Սևեռուն վարքագծերի (կոմպուլսիա) ախտորոշման չափորոշիչն է՝
- արարողակարգեր (ծեսեր, ռիտուալներ) և բավակաչափ ժամանակատար այլ վարքագծեր
- կրկնվող ֆիզիկական կամ հոգեկան գործողություններ, օրինակ՝ մտքում համրելու կամ ձեռքերը լվանալու վարքագծեր կամ արարողակարգեր, որոնք կատարվում են, որ մեղմացվեն անհիմն կպչուն մտքերով պատճառված անհանգստւթյունը և տագնապը։
Ախտորոշման դժվարությունները
Երբեմն դժվար է ախտորոշել ԿՍԽ-ն, քանի որ ախտանիշները կարող են նման լինել կպչուն-սևեռուն անձնային խանգարումներին, տագնապային խանգարումներին, դեպրեսիային, շիզոֆրենիային կամ հոգեկան առողջության այլ խանգարումներին: Եվ, հնարավոր է ունենալ ինչպես ԿՍԽ, այնպես էլ հոգեկան առողջության այլ խանգարումներ: Աշխատեք ձեր բժշկի հետ, որ կարողանաք համապատասխան ախտորոշում և բուժում ստանալ:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024