Կպչուն-սևեռուն խանգարում․ ախտանիշներ
09-05-2019
2 րոպե

Կպչուն-սևեռուն խանգարման ախտանիշները հայտնի են որպես կպչուն մտքեր (օբսեսիաներ) և սևեռուն վարքագծեր (կոմպուլսիաներ)։
Կպչուն մտքերը կամ օբսեսիաներն անցանկալի մտքեր են, պատկերներ կամ վախեր, որոնք պարբերաբար «ներխուժում» են մարդու ուղեղ: Սևեռուն վարքագծերը կամ կոմպուլսիաները կրկնվող գործողություններ կամ ռիտուալներ են («արարողակարգեր»), որոնք բխում են կպչուն մտքերից և փորձում են նվազեցնել տագնապը:
Կպչուն-սևեռուն խանգարման ժամանակ զարգանում են տարաբնույթ ախտանիշներ, որոնք կարելի է բաժանել ըստ հիվանդության երկու հիմնական բաղադրիչների՝ կպչուն մտքեր և սևեռուն վարքագծեր։
Կպչուն մտքեր (օբսեսիաներ)
Հաճախ հանդիպող կպչուն մտքերից են՝
- կեղտոտվելու միջոցով միկրոբներով վարակվելու կամ հիվանդանալու վախ
- այլ մարդկանց վնաս պատճառելու վախ, օրինակ՝ ավտովթարի ենթարկվելու և իր երեխաներին վնասելու
- իրերի կամ գործերի հերթականությունը կամ որևէ օրինաչափությունը պահպանելու ավելորդ մտահոգություն
- սեռական կամ պոռնոգրաֆիկ մտքեր կամ նկարներ
- դռները փակելը մոռանալու կամ սարքերը միացած թողնելու կապակցությամբ անհանգստություն
- կրոնական կամ բարոյական հարցերով մտահոգություններ:
Սևեռուն վարքագծեր (կոմպուլսիաներ)
Հաճախ հանդիպող կպչուն գործողություններից են՝
- գերմաքրություն, երբ կեղտոտվելու և միկրոբներով վարակվելու վախից դրդված ձեռքերը չափից դուրս հաճախակի լվացվում են կամ ցնցուղ է ընդունում (կարող է գրգռել ձեռքերի մաշկը և բերել մաշկաբորբի)
- անընդհատ ստուգում, երբ վնասելու վախից բխող կամ կարգն ու սիմետրիան պահպանելու համար սևեռուն պահանջ է առաջանում շարունակաբար ստուգել ծորակները, կողպեքները կամ լույսերի անջատիչները
- շարունակաբար առարկաների համրում, օրինակ՝ զբոսնելիս սալաքարերի հաշվում (նաև՝ մտքում)
- մազերի ձգում և դրանց կորուստ
- մաշկի տրորում
- ոչ պիտանի առարկաների կամ իրերի հավաքում և կուտակում, օրինակ՝ սփամ նամակներ կամ հին թերթեր
- ջանասիրաբար աղոթք
- այլ մարդկանց երաշխավորությունը կամ հաստատումը ստանալու մշտական պահանջարկ և փորձեր:
Եթե դուք կամ ձեր ծանոթներից մեկնումեկը նշում եք, որ առաջացել են վերոնշյալ ախտանիշները և դրանք սկել են ազդել կյանքի որակի վրա, ապա պետք է դիմել բժշկին, որ գնահատվի ձեր հոգեկան առողջությունը։ Կան բազմաթիվ այլ կրկնվող վարքագծեր ևս, որոնք մենք չենք նշել ախտանիշների ցանկում։ Կարևորն այստեղ վարքագծերի կպչուն ծագումն է, որի հիման վրա էլ ախտորոշվում է կպչուն-սևեռուն խանգարումը, այլ ոչ թե բուն վարքագիծը։
Կպչուն-սևեռուն խանգարման հետ սերտորեն կապված այլ վիճակներից են՝
- մարմնի դիսմորֆիկ խանգարում, երբ սեփական մարմնի մասերի նկատմամբ առաջանում է չափազանցեցված մտահոգություն և ձևավորվում է համոզմունք, որ մարմնի հետ մի բան այն չէ
- տրիխոտիլոմանիա, որը մազերը սևեռուն կերպով ձգելն է
- հիպոխոնդրիա, որը որևէ ֆիզիկական հիվանդություն ձեռք բերելու նկատմամբ վախն է
- հնամաշ իրերի սևեռուն կուտակում
- նյարդային անորեքսիա:
Կպչուն-սևեռուն խանգարմամբ մարդկանց մոտ բարձրանում է դեպրեսիայի կամ տագնապի այլ խանգարումների, այդ թվում խուճապի խանգարման կամ սոցիալական տագնապի հավանականությունը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-04-2021