Skip to main content

Օստեոմիելիտի ամենաընդունված բուժումը ոսկրի վարակված կամ մեռուկացած մասերի հեռացման վիրահատությունն է, որին հետևում է ներերակային հակաբիոտիկների նշանակումը:

Վիրահատություն

Կախված վարակի ծանրությունից, օստեոմիելիտի վիրահատությունը կարող է ներառել ստորև ներկայացված միջամտություններից մեկնումեկը կամ մի քանիսը:

  • Վարակված շրջանի դրենավորում (դատարկում). վարակված ոսկրի հարակից շրջանի բացազատումը վիրաբույժին թույլ է տալիս դատարկել որպես վարակի պատասխան կուտակված թարախը կամ հեղուկը:
  • Ախտահարված ոսկրի և հյուսվածքների հեռացում. նեկրէկտոմիա կոչվող միջամտության ժամանակ վիրաբույժը հեռացնում է ոսկրի ախտահարված հատվածը (սեկվեստր) և առողջ ոսկրի նեղ եզրը, որ համոզվի, որ վարակված հյուսվածքնրն ամբողջապես հեռացված են։ Նույն կերպ, վիրաբույժը նաև հեռացնում է ոսկրին հարակից վարակի նշաններով փափուկ հյուսվածքները:
  • Ոսկրի արյան հոսքի վերականգնում. այս միջամտության ընթացքում վիրաբույժը նեկրէկտոմիայից հետո առաջացած ոսկրային կամ մյուս հյուսվածքների դեֆեկտը լրացնում է մարմնի այլ շրջանից վերցրած ոսկրով, մկանով կամ մաշկով:
  • Օտար մարմինների հեռացում. որոշ դեպքերում որպես 2-րդ փուլ կարող են հեռացվել օտար մարմինները, օրինակ՝ նախորդ վիրահատությունից մնացած վիրաբուժական թիթեղները կամ պտուտակները:
  • Վերջույթի անդամահատում (ամպուտացիա). որպես վերջին միջոց, վիրաբույժը կարող է անդամահատել վերջույթը, որ կանգնեցնի վարակի հետագա տարածումը:

Դեղորայքային բուժում

Ոսկրի բիոպսիան կարող է հայտնաբերել վարակ առաջացնող միկրոբի տեսակը, որը բժշկին հնարավորություն է տալիս նշանակել տվյալ վարակի դեմ ամենաարդյունավետ հակաբիոտիկը: Սովորաբար նշանակվում են ներերակային հակաբիոտիկներ մոտ 6 շաբաթվա ընթացքում: Ավելի ծանր վարակների ժամանակ բուժումը կարող է շարունակվել ներքին ընդունման (օրալ) հակաբիոտիկներով:

Եթե ծխող եք, ծխախոտի օգտագործման դադարեցումը կարող է օգնել լավացման արագացմանը: Կարևոր է նաև բուժման ընթացքում վերահսկելի դարձնել առկա քրոնիկ հիվանդությունները, օրինակ, եթե ունեք դիաբետ, անհրաժեշտ է կայունացնել արյան շաքարի մակարդակը թիրախային միջակայքում:

Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024