Ձեր ոսկորները մշտական վերանորգման մեջ են՝ հին ոսկրային հյուսվածքները քայքայվում են և փոխարինվում են նոր ստեղծվածով:
Երբ դուք երիտասարդ եք, ձեր օրգանիզմը նոր ոսկոր ստեղծում է ավելի արագ, քան քայքայում է հին ոսկորը, և ձեր ոսկրային զանգվածն ավելանում է: 20-ական տարեկանների սկզբից հետո այս գործընթացը դանդաղում է, և մարդկանց մեծամասնությունը ոսկրային զանգվածի գագաթնակետին հասնում է մինչև 30 տարեկանը: Մարդկանց տարիքի հետ ոսկրային զանգվածն ավելի արագ է կորչում, քան ձևավորվում է:
Ձեզ մոտ օստեոպորոզի զարգացման հավանականությունը մասամբ կախված է նրանից, թե որքան ոսկրային զանգված եք ձեռք բերել ձեր երիտասարդ տարիներին: Ոսկրային զանգվածի գագաթնակետը մասամբ ժառանգական է: Այն նաև տատանվում է էթնիկ խմբերի միջև: Որքան բարձր է ձեր ոսկրային զանգվածի գագաթնակետը, այնքան ավելի շատ ոսկոր ունեք «բանկում» և այնքան ավելի քիչ հավանական է, որ տարիքի հետ օստեոպորոզով հիվանդանաք:
Ռիսկի գործոններ
Մի շարք գործոններ կարող են մեծացնել ձեր օստեոպորոզի զարգացման հավանականությունը՝ ներառյալ ձեր տարիքը, ռասան, ապրելակերպի ընտրությունը և բժշկական վկճակներն ու բուժումը:
Անփոփոխելի (չձևափոխվող) ռիսկեր
Օստեոպորոզի որոշ ռիսկի գործոններ ձեր վերահսկողությունից դուրս են:
- Ձեր սեռը. կանայք օստեոպորոզով հիվանդանալու շատ մեծ հավանականություն ունեն, քան տղամարդիկ:
- Տարիք. որքան մեծանում եք, այնքան մեծանում է օստեոպորոզի վտանգը:
- Ռասա. դուք օստեոպորոզի ամենամեծ ռիսկի տակ եք, եթե սպիտակամորթ եք կամ ասիական ծագում ունեք:
- Ընտանեկան պատմություն. օստեոպորոզով հիվանդ ծնող կամ եղբայր ունենալը ձեզ ավելի մեծ ռիսկի է ենթարկում, հատկապես, եթե ձեր մայրը կամ հայրը կոտրել են ազդրը:
- Մարմնակառուցվածք. ցածրահասակ և փոքրամարմին կանանց և տղամարդկանց ոսկրային զանգվածն ավելի փոքր է, ուստի բարձրանում է տարիքի հետ ոսկրային հյուսվածքի սահմանային կորստի և օստեոպորոզի ռիսկը:
Հորմոնների մակարդակներ
Օստեոպորոզն ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր իրենց օրգանիզմում ունեն որոշ հորմոնների չափից շատ կամ խիստ քիչ քանակներ: Օրինակները ներառում են հետևյալը:
- Սեռական հորմոններ. սեռական հորմոնների նվազած մակարդակները հակված են թուլացնելու ոսկորները: Դաշտանադադարի ժամանակ կանանց էստրոգենի մակարդակի նվազումը օստեոպորոզի զարգացման ամենաուժեղ ռիսկի գործոններից մեկն է: Շագանակագեղձի քաղցկեղի բուժումը, որը տղամարդկանց մոտ նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը և կրծքագեղձի քաղցկեղի բուժումը, որը կանանց մոտ նվազեցնում է էստրոգենի մակարդակը, հավանաբար արագացնում է ոսկրային կորուստը:
- Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ. վահանաձև գեղձի հորմոնների չափազանց մեծ քանակությունը կարող է հանգեցնել ոսկորների կորստի: Սա կարող է առաջանալ, եթե ձեր վահանաձև գեղձը գերակտիվ է կամ եթե դուք չափից շատ եք վահանաձև գեղձի հորմոնալ դեղամիջոցներ ընդունում՝ վահանաձև գեղձի անբավարար ակտիվությունը (հիպոթիրեոզ) բուժելու համար:
- Այլ գեղձեր. օստեոպորոզը նաև կապված է պարաթիրոիդ (հարվահանաձև գեղձերի) և մակերիկամների գերակտիվության հետ (Քուշինգի համախտանիշ):
Սննդակարգային գործոններ
Օստեոպորոզը ավելի հավանական է, որ առաջանա այն մարդկանց մոտ, ովքեր ունեն հետևյալ սննդակարգային ռիսկի գործոնները:
- Կալցիումի անբավարար ընդունում. ողջ կյանքի ընթացքում կալցիումի պակասը դեր է խաղում օստեոպորոզի զարգացման մեջ: Սննդով անբավարար կալցիումը ընդունումը նպաստում է ոսկրերի խտության նվազմանը, ոսկորների վաղաժամ կորստին և կոտրվածքների ռիսկի բարձրացմանը:
- Սնուցման խանգարումներ. սննդի ընդունման խիստ սահմանափակումը և պակասորդային քաշը թուլացնում են ոսկորներն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:
- Ստամոքս-աղիքային վիրաբուժություն. ձեր ստամոքսի չափսը փոքրացնող կամ աղիների մի մասը հեռացնող (մասնահատման) վիրահատությունները սահմանափակում են սննդանյութերի, ներառյալ կալցիումի ներծծման հասանելի մակերեսը: Այս վիրահատությունները կարող են առաջարկվել ձեր քաշի նվազեցման նպատակով և ստամոքս-աղիքային այլ խանգարումների դեպքում:
Ստերոիդներ և այլ դեղամիջոցներ
Բերանով ընդունվող (օրալ) կամ ներարկային կորտիկոստերոիդ դեղամիջոցների երկարատև օգտագործումը, ինչպիսիք են Պրեդնիզոնը և Կորտիզոնը, ընկճում են ոսկրերի վերականգնման գործընթացը: Օստեոպորոզը նաև կապված է այնպիսի դեղամիջոցների հետ, որոնք օգտագործվում են հետևյալ վիճակների դեմ պայքարելու կամ դրանք կանխելու համար՝
- ցնցումներ
- ստամոքսային ռեֆլյուքս
- քաղցկեղ
- փոխպատվաստված օրգանի կամ հյուսվածքի պոկում:
Հիվանդություններ և վիճակներ
Օստեոպորոզի ռիսկը բարձրացնող հիվանդություններից և առողջական վիճակներից են՝
- ցելիակայի հիվանդություն
- աղիների բորբոքային հիվանդություն
- երիկամային կամ լյարդային հիվանդություն
- քաղցկեղ
- բազմակի միելոմա
- ռևմատոիդ արթրիտ:
Ապրելակերպի ընտրություններ
Որոշ վատ սովորույթներ կարող են մեծացնել օստեոպորոզի վտանգը: Օրինակները ներառում են հետևյալը:
- Նստակյաց ապրելակերպ. մարդիկ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում նստած, ունեն օստեոպորոզի ավելի բարձր ռիսկ, քան նրանք, ովքեր ավելի ակտիվ են: Դիմացկունության ցանկացած վարժանք և ակտիվություն, որը նպաստում է հավասարակշռությանն ու լավ կեցվածքին, օգտակար է ձեր ոսկորների համար, սակայն, հավանաբար առանձնահատուկ օգտակար կարող են լինել քայլելը, վազելը, ցատկելը, պարելը և ծանրությունների բարձրացումը:
- Ալկոհոլի չափից ավելի օգտագործում. օրական երկու չափաբաժնից ավելի ալկոհոլային խմիչքների կանոնավոր օգտագործումը մեծացնում է օստեոպորոզի վտանգը։
- Ծխախոտի օգտագործում. Ծխախոտի օգտագործումը. ծխախոտի ստույգ դերը օստեոպորոզի զարգացման մեջ պարզ չէ, սակայն ապացուցված է, որ ծխախոտի օգտագործումը նպաստում է ոսկորների թուլացմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024