Ձվարանների գերխթանման կամ հիպերստիմուլյացիայի համախտանիշի (ՁԳԽՀ) պատճառը լիովին պարզված չէ:
Որոշակի դեր է խաղում ձեր օրգանիզմի վրա մարդու խորիոնային գոնադոտրոպինի (HCG) բարձր մակարդակը՝ հորմոն, որը սովորաբար արտադրվում է հղիության ընթացքում: Ձվարանների արյունատար անոթները ոչ նորմալ կերպով են արձագանքում HCG-ին և սկսում են հեղուկ արտազատել: Այս հեղուկն առաջացնում է ձվարանների այտուց, իսկ մեծ քանակները երբեմն տեղափոխվում են որովայնի խոռոչ։
Անպտղության բուժման ընթացքում HCG-ն կարող է տրվել որպես «խթանիչ» (տրիգեր), որ հասուն ֆոլիկուլը ազատի իր ձվաբջիջը: ՁԳԽՀ-ը սովորաբար առաջանում է HCG-ի ներարկում ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Եթե բուժման ցիկլի ընթացքում հղիանում եք, ՁԳԽՀ-ը կարող է վատթարանալ, քանի որ ձեր օրգանիզմը սկսում է արտադրել իր սեփական HCG հորմոնը՝ ի պատասխան հղիության:
Անպտղության բուժման ներարկային դեղամիջոցներն ավելի հավանական է, որ առաջացնեն ՁԳԽՀ, քան բերանով ընդունվող (օրալ) Կլոմիֆենով բուժումը:
Երբեմն ՁԳԽՀ-ն առաջանում է ինքնաբուխ և կապված չէ անպտղության բուժման հետ:
Ռիսկի գործոններ
Երբեմն, ՁԳԽՀ առաջանում է կանանց մոտ, ովքեր ռիսկի գործոններ չունեն: Այնուամենայնիվ, կան գործոններ, որոնք հայտնի է, որ մեծացնում են ՁԳԽՀ-ի ռիսկը: Դրանցից են՝
- պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ՝ տարածված վերարտադրողական խանգարում, որն առաջացնում է անկանոն դաշտաններ, ավելորդ մազերի աճ և գերձայնային հետազոտությամբ ձվարանների անսովոր տեսք
- ձվարաններում մեծ քանակությամբ ֆոլիկուլներ
- 35 տարեկանից ցածր տարիք
- ցածր մարմնի քաշ
- մինչև HCG-ի խթանիչ ներարկում ստանալը Էստրադիոլի (էստրոգենի) բարձր կամ կտրուկ աճող մակարդակներ
- ՁԳԽՀ-ի նախորդ դրվագներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024