Ձվարանների գերխթանման կամ հիպերստիմուլյացիայի համախտանիշը (ՁԳԽՀ) սովորաբար ինքնուրույն լավանում է մեկ-երկու շաբաթվա ընթացքում կամ տևում է քիչ ավելի երկար, եթե հղիացել եք:
Բուժումն ուղղված է ձեզ հարմարավետության պահպանմանը, ձվարանների ակտիվության նվազեցմանը և բարդություններից խուսափելուն:
Թեթևից մինչև չափավոր ՁԳԽՀ բուժումը
Թեթև ՁԳԽՀ-ը սովորաբար ինքնուրույն անհետանում է: Միջին ծանրության ՁԳԽՀ-ի ընթացքին հետևելը և բուժումը կարող են ներառել հետևյալը՝
- հեղուկների ընդունման ավելացում
- հաճախակի ֆիզիկական քննություններ (բուժզննումներ) և գերձայնային հետազոտություններ
- ամենօրյա կշռում և գոտկատեղի չափումներ՝ կտրուկ փոփոխությունները ստուգելու համար
- չափումներ, թե օրական որքան մեզ եք արտադրում
- արյան թեստեր՝ ջրազրկման, էլեկտրոլիտների անհավասարակշռության և այլ խնդիրների վերահսկման համար
- ավելորդ որովայնային հեղուկի դատարկում (դրենաժ)՝ որովայնի խոռոչում տեղադրված ասեղի միջոցով
- արյան մակարդուկների (թրոմբ) առաջացումը կանխող դեղամիջոցների՝ հակամակարդիչների ընդունում (հակակագուլանտներ):
Ծանր ՁԳԽՀ բուժումը
Ծանր ՁԳԽՀ-ի դեպքում ձեզ կարող է անհրաժեշտ լինել հիվանդանոցային պայմաններ՝ մանրակրկիտ վերահսկման և ագրեսիվ բուժման, այդ թվում՝ ներերակային հեղուկներ ստանալու համար Ձեր բժիշկը կարող է ձեզ նշանակել Կաբերգոլին կոչվող դեղամիջոց՝ ձեր ախտանիշները մեղմացնելու համար: Երբեմն, բժիշկը նաև կարող է նշանակել այլ դեղամիջոցներ, ինչպիսիք են գոնադոտրոպին ազատող հորմոնի (Gn-RH) անտագոնիստը կամ Լետրոզոլը (Ֆեմարա), որոնք կօգնեն գերխթանված ձվարանների ակտիվության թուլացմանը:
Լուրջ կամ ծանր բարդությունները կարող են պահանջել լրացուցիչ բուժումներ, օրինակ՝ վիրահատություն՝ ձվարանների պատռված կիստայի դեպքում կամ լյարդային կամ թոքային բարդությունների ինտենսիվ բուժում: Ձեզ նաև կարող են նշանակվել հակամակարդիչներ՝ ձեր ոտքերում արյան մակարդուկների ձևավորման ռիսկը կրճատելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024