Ձվարանների գերխթանման կամ հիպերստիմուլյացիայի համախտանիշի (ՁԳԽՀ) զարգացման ձեր ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ կլինի անպտղության դեղամիջոցներով բուժումն անցնել անհատականացված ծրագրով:
Ուստի, ակնկալեք, որ ձեր բժիշկն ուշադիր կհետևի ձեր բուժման յուրաքանչյուր ցիկլին, այդ թվում, կնշանակի հաճախակի գերձայնային հետազոտություններ՝ ստուգելու ձեր ձվարաններում ֆոլիկուլների զարգացումը և արյան թեստեր՝ վերահսկելու ձեր հորմոնների մակարդակները:
ՁԳԽՀ-ի կանխարգելմանը նպաստող մոտեցումները ներառում են հետևյալը:
- Դեղամիջոցների և դրանց դեղաչափերի կարգավորում. ձեր ձվարանները և ձվազատումը խթանելու համար բժիշկն ամենայն հավանականությամբ կնշանակի գոնադոտրոպինների ամենացածր հնարավոր դեղաչափերը:
- Դեղորայքի ավելացում. որոշ դեղամիջոցներ, հավանական է, որ նվազեցնում են ՁԳԽՀ-ի ռիսկը՝ չազդելով հղիության հավանականության վրա: Դրանցից են՝ ցածր դեղաչափերով Ասպիրին, դոպամինի ագոնիստներ, ինչպիսիք են Կարբերգոլինը կամ Քինոգլոիդը և կալցիումի ներարկումներ: Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ ունեցող կանանց մոտ Մետֆորմինը (Գլումեցա) ձվարանների խթանման ընթացքում կարող է օգնել գերխթանման կանխարգելմանը:
- Բուժման ընդմիջում. եթե ձեր էստրոգենի մակարդակը բարձր է կամ ունեք մեծ թվով զարգացած ֆոլիկուլներ, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դադարեցնեք ներարկային դեղամիջոցներով բուժումը և մի քանի օրով հետաձգեք ձվազատումը խթանող HCG ստանալը:
- HCG-ի խթանիչ ներարկումից խուսափում. ՁԳԽՀ-ը հաճախ զարգանում է HCG-ի խթանիչ ներարկումից հետո, ուստի մշակվել են HCG-ի խթանման այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ գոնադոտրոպին ազատող հորմոնի (Gn-RH) ագոնիստները, ինչպիսին է Լեյպրոլիդը (Լուպրոն), որը կարող է կանխարգելել կամ սահմանափակել ՁԳԽՀ-ի զարգացումը:
- Սաղմերի (էմբրիոնների) սառեցում. եթե անցնում եք արտամարմնային բեղմնավորում, ՁԳԽՀ-ի հավանականությունը նվազեցնելու համար բոլոր ֆոլիկուլները (հասուն և ոչ հասուն) կարող են հեռացվել ձեր ձվարաններից: Հասուն ֆոլիկուլները բեղմնավորում և սառեցվում են, որը ձեր ձվարաններին հանգստանալու ժամանակ է ապահովում: Դուք կարող եք վերսկսել արտամարմնային բեղմնավորման գործընթացն ավելի ուշ, երբ ձեր օրգանիզմը պատրաստ լինի:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024