Ձվարանների գերխթանման կամ հիպերստիմուլյացիայի համախտանիշի (ՁԳԽՀ) գանգատներն ու ախտանիշները հաճախ սկսվում են ձվազատումը (օվուլյացիան) խթանելու համար ներարկային դեղամիջոցներ օգտագործելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում, թեև երբեմն ախտանիշները կարող են ի հայտ գալ երկու շաբաթ անց կամ ավելի ուշ:
Ախտանիշները կարող են տարբերվել՝ ստանալով թեթևից մինչև ծանր ընթացք կամ կարող են ժամանակի հետ վատթարանալ կամ բարելավվել:
Թեթևից մինչև չափավոր ՁԳԽՀ
Թեթևից մինչև չափավոր ընթացքով ՁԳԽՀ-ի ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- որովայնի ոչ նորմալ փքվածություն կամ իրանի չափերի մեծացում
- սրտխառնոց
- փսխում
- փորլուծություն
- ձվարանների շրջանի ցավոտություն:
Որոշ կանայք, ովքեր օգտագործում են պտղաբերության ներարկային դեղամիջոցներ, կարող են նշել ՁԳԽՀ-ի թեթև ընթացք: Սա սովորաբար անհետանում է մոտ մեկ շաբաթ անց: Սակայն, եթե հղիությունը տեղի ունենա, ՁԳԽՀ-ի ախտանիշները կարող են վատթարանալ և տևել մի քանի օրից մինչև շաբաթներ:
Ծանր ՁԳԽՀ
Ծանր դեպքերում դուք կարող եք ունենալ՝
- մարմնի քաշի արագ ավելացում՝ ավելի քան 1 կիլոգրամ 24 ժամվա ընթացքում
- ուժեղ որովայնային ցավեր
- ծանր, կայուն սրտխառնոց և փսխումներ
- արյան մակարդուկներ (թրոմբ)
- միզարձակման քչացում
- շնչարգելություն և հևոց
- որովայնի պնդացում կամ մեծացում:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ստանում եք անպտղության դեմ բուժումներ և ձեզ մոտ նկատում եք ՁԳԽՀ-ի ախտանիշներ, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին: Նույնիսկ թեթև ձևերի դեպքում ձեր բժիշկը կարող է ցանկանալ վերահսկել ձեր վիճակը՝ ստուգելու քաշի հանկարծակի ավելացումը կամ ախտանիշների վատթարացումը:
Անմիջապես կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ձեզ մոտ անպտղության բուժման ընթացքում զարգանում են շնչառական խնդիրներ և ոտքերում ցավեր: Այս նշանները կարող են վկայել արագ բժշկական օգնություն ստանալու անհրաժեշտության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024