Եթե ունեք շտապ միզելու անսովոր պահանջներ, ձեր բժիշկը կստուգի, որ համոզվի, որ ձեր մեզի մեջ վարակ կամ արյուն չկա:
Նա նաև կարող է ցանկանալ համոզվելու, որ դուք միզելիս ամբողջությամբ դատարկում եք միզապարկը:
Ձեր բժիշկը կփնտրի հուշող նշաններ, որոնք նաև կարող են վկայել նպաստող գործոնների մասին: Ձեր այցելությունը հավանաբար կներառի՝
- ձեր հիվանդության պատմության քննարկում (անամնեզ)
- ֆիզիկական քննություն (բուժզննում), որը կարող է ներառել ուղիղաղիքային (ռեկտալ) մատնային քննություն, իսկ կանանց մոտ՝ գինեկոլոգիական քննություն (ներզզնում)
- մեզի թեստ՝ ստուգելու վարակը, արյան հետքերը կամ այլ շեղումները
- թիրախավորված նյարդաբանական քննություն, որը կարող է հայտնաբերել զգացողական կամ ռեֆլեկտոր խնդիրներ:
Միզապարկի գործունեության թեստեր
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետազոտություններ՝ գնահատելու, թե որքան լավ է գործում ձեր միզապարկը և դրա կայուն և ամբողջությամբ դատարկվելու ունակությունը (ուրոդինամիկ թեստեր): Այս թեստերը սովորաբար պահանջում են ուղեգրում մասնագետի մոտ, թեև դրանք կարող են և անհրաժեշտ չլինել ախտորոշման կամ բուժումը սկսելու համար: Ուրոդինամիկ թեստերը ներառում են հետևյալը:
- Միզապարկի մեջ մնացած (մնացորդային) մեզի չափում. այս թեստը կարևոր է, եթե միզելիս միզապարկն ամբողջությամբ դատարկելու ունակության վերաբերյալ կա կասկած: Միզապարկի մեջ մեզի մնացորդը (հետդատարկման մնացորդային մեզ) կարող է առաջացնել ախտանիշներ, որոնք նման են գերակտիվ միզապարկի ախտանիշներին: Միզելուց հետո մնացորդային մեզը չափելու համար ձեր բժիշկը կարող է նշանակել ձեր միզապարկի գերձայնային սքանավորում: Գերձայնային հետազոտությունը ձայնային ալիքները վերածում է պատկերի՝ ցույց տալով, թե միզելուց հետո որքան մեզ է մնացել միզապարկում: Որոշ դեպքերում ձեր միզուկով միզապարկի մեջ կարող է անցկացվել բարակ խողովակ (կաթետեր)՝ մնացորդային մեզը դատարկելու համար, որն այնուհետև կարող է չափվել:
- Մեզի հոսքի արագության չափում. ձեր միզարձակման ծավալը և արագությունը չափելու համար ձեզ կարող են խնդրել միզել հատուկ սարքի մեջ (ուրոֆլուոմետր): Ուրոֆլուոմետրիան ընդունում և չափում է մեզը և տվյալները վերածում է ձեր միզելու հոսքի արագության փոփոխությունների գրաֆիկի:
- Միզապարկային ճնշումների թեստավորում. ցիստոմետրիան թեստ է, որը չափում է ձեր միզապարկի և հարակից շրջանի ճնշումը, երբ ձեր միզապարկը լցվում է: Այս թեստի ընթացքում ձեր բժիշկը օգտագործում է բարակ խողովակ (կաթետեր)՝ ձեր միզապարկը տաք հեղուկով դանդաղ լցնելու համար: Ճնշումը չափող սենսորով մեկ այլ կաթետեր տեղադրվում է ուղիղ աղիքում կամ կանանց մոտ՝ հեշտոցում: Սենսորը ցույց է տալիս, թե որքան ճնշում պետք է գործադրի ձեր միզապարկը՝ այդ հեղուկն ամբողջությամբ դատարկելու համար: Այս միջացառումը կարող է պարզել, թե արդյոք ունեք ակամա մկանային կծկումներ կամ կոշտացած միզապարկ, որն ի վիճակի չէ մեզը պահել ցածր ճնշման տակ:
Ձեր բժիշկը կհամադրի ձեր բոլոր հետազոտության արդյունքները և կառաջարկի բուժման մոտեցում:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024