Գրադարան
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ․ պատճառներ

3 րոպե
Դեռևս պարզ չէ,, թե ինչն է առաջացնում ենթաստամոքսային գեղձի կամ պանկրեատիկ քաղցկեղ:
Բժիշկները հայտնաբերել են որոշ գործոններ, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի այս տեսակի ռիսկը, ներառյալ ծխելը և որոշակի ժառանգական գենային մուտացիաների առկայությունը:
Ենթաստամոքսային գեղձի գործառույթը
Ձեր ենթաստամոքսային գեղձի (պանկրեասի) երկարությունը մոտ 15 սանտիմետր է և ունի կողքի վրա շրջված տանձի տեսք: Այն ներզատում է հորմոններ, ներառյալ ինսուլինը, որ օգնի ձեր օրգանիզմին յուրացնելու ձեր կերած մթերքներում առկա շաքարը: Եվ այն արտադրում է մարսողական հյութեր, որոնք օգնում են ձեր օրգանիզմին մարսել սնունդը և ներծծել սննդանյութերը:
Ինչպե՞ս է առաջանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն առաջանում է, երբ ենթաստամոքսային գեղձի բջիջների ԴՆԹ-ում զարգանում են փոփոխություններ (մուտացիաներ): Բջջի ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ, որոնք բջջին ասում են, թե ինչ անել: Այս մուտացիաները բջիջներին ստիպում են անվերահսկելի աճել և շարունակել ապրել, երբ նորմալ բջիջները մահանում են: Այս կուտակվող բջիջները կարող են առաջացնել ուռուցք: Չբուժվելու դեպքում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները կարող են տարածվել մոտակա օրգաններ և արյունատար անոթներ, ինչպես նաև օրգանիզմի հեռավոր շրջաններ:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մեծ մասը սկսվում է ենթաստամոքսային գեղձի ծորանները ծածկող բջիջներում: Քաղցկեղի այս տեսակը կոչվում է ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոմա կամ ենթաստամոքսային գեղձի էկզոկրին քաղցկեղ: Ավելի հազվադեպ քաղցկեղը կարող է ձևավորվել հորմոն արտադրող բջիջներում կամ ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին բջիջներում: Քաղցկեղի այս տեսակները կոչվում են ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքներ, կղզյակային բջիջների ուռուցքներ կամ ենթաստամոքսային գեղձի էնդոկրին քաղցկեղ:
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք կարող են մեծացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկը, ներառում են՝
- ծխելը
- շաքարային դիաբետ
- ենթաստամոքսային գեղձի քրոնիկ բորբոքում (պանկրեատիտ)
- գենետիկ համախտանիշների ընտանեկան պատմություն (անամնեզ), որոնք կարող են մեծացնել քաղցկեղի ռիսկը, ներառյալ BRCA2 գենի մուտացիան, Լինչի համախտանիշը և ընտանեկան ատիպիկ խալ-չարորակ մելանոմայի (FAMMM) համախտանիշը
- ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ընտանեկան պատմություն
- գիրություն
- ավելի մեծ տարիք, քանի որ մարդկանց մեծ մասը ախտորոշվում է 65 տարեկանից հետո:
Մեծածավալ մի հետազոտությամբ ցույց է տրվել, որ ծխելու, երկարատև դիաբետի և վատ սննդակարգի համադրությունն ավելի է մեծացնում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը, քան այս գործոններից միայն որևէ մեկն՝ առանձին վերցրած:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-06-2021 վերանայվել է՝ 21-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: