Կյանքին սպառնացող հիվանդության մասին տեղեկանալը կարող է թողնել հիասթափեցնող, հուսալքող և ընկճող մեծ ազդեցություն:
Նման վիճակում հայտնվելիս հետևյալ խորհուրդները կարող են օգնել հոգեկան ճնշված վիճակի հաղթահարմանը:
- Ձեր հիվանդության մասին իմացեք այն ամենը, ինչի կարիքն ունեք. ձեր քաղցկեղի մասին բավարար իմացությունը կարող է օգնել, որ բուժման և խնամքի վերաբերյալ ճիշտ իրազեկված որոշումներ կայացնեք: Խնդրեք բժշկին, որ ձեր քաղցկեղի և բուժման տարբերակների մասին ներկայացնի մանրամասներ: Հարցրեք լրացուցիչ առցանց տեղեկատվության վերաբերյալ հուսալի աղբյուրների մասին:
- Ստեղծեք աջակցող միջավայր. խնդրեք ձեր ընկերներին և ընտանիքին, որ օգնեն ձեր շուրջ աջակցող ցանցի ստեղծմանը: Նրանք ևս կարող են հուսալքվել և անորոշ վիճակի մեջ հայտնվել՝ տեղեկանալով ձեր ախտորոշման մասին: Որևէ հարցով ձեզ օգնելն ու աջակցելը կարող է նրանց հոգեկան բավարարվածություն պատճառել: Միաժամանակ, ձեր հոգսերը կթեթևանան: Հուշեք նրանց, թե ինչ հարցերով կարող են ձեզ օգտակար լինել, օրինակ՝ ճաշի պատրաստում և այլն:
- Գտեք ինչ-որ մեկին, ում հետ կարող եք ազատորեն զրուցել. անկասկած, ընկերները և ընտանիքն ամենահուսալի զրուցակիցներն են, սակայն նրանք կարող են դժվարությամբ հաղթահարել ձեր ախտորոշման հետ կապված շոկային վիճակը: Որոշ իրավիճակներում խորհրդատուի, սոցիալական աշխատողի, քահանայի կամ այլ հոգևորականի հետ անկաշկանդ զրույցը կարող է օգտակար լինել:
- Կապ հաստատեք քաղցկեղով այլ մարդկանց հետ. քաղցկեղ ունեցող այլ մարդկանց հետ շփվելը կարող է որոշակի հարմարավետություն պատճառել երկու կողմերին: Արևմտյան զարգացած երկրներում կան քաղցկեղով մարդկանց ինքնօգնության խմբեր, որոնք անցկացնում են պարբերական հանդիպումներ:
- Հոսպիս. հոսպիսային խնամքը հարմարավետություն և աջակցություն է տրամադրում ծանր հիվանդության վերջին փուլն անցկացնող մարդկանց և նրանց հարազատներին: Հոսպիսային ծառայությունը նաև այդ մարդկանց և նրանց հարազատներին հուզական, սոցիալական և հոգևոր աջակցության վայր է:
Այլընտրանքային բժշկություն
Որոշ ինտեգրատիվ և այլընտրանքային բժշկության մոտեցումներ կարող են օգնել այն գանգատների և ախտանիշների դիմակայմանը կամ մեղմացմանը, որոնք դուք զգում եք ձեր քաղցկեղի կամ քաղցկեղի բուժման պատճառով:
Սթրեսի դիմակայմանն օգնող բուժումներ
Քաղցկեղ ունեցող մարդիկ հաճախ հոգեկան մեծ լարվածություն ունեն: Որոշ հետազոտություններով պարզվել է, որ սթրեսն ավելի տարածված է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, քան քաղցկեղի այլ տեսակներով մարդկանց շրջանում:
Մշտական սթրեսը կարող է բերել քնի խանգարման, քանի որ գլխուղեղը մշտապես զբաղված է քաղցկեղի վերաբերյալ մտածմունքներով և պրպտումներով: Այն նաև կարորղ է առաջացնել զայրույթ կամ խոր տխրություն:
Խոսեք ձեր բժշկի հետ այս և համանման զգացումների մասին: Մասնագետները կարող են օգնել, որ տարբերակեք տարբեր հյուծող զգացումները և դրանց դիմակայման ուղիները: Որոշ իրավիճակներում բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ:
Սթրեսի դիմակայման հարցում կարող են օգնել ինչպես դասական, այնպես էլ այլընտրանքային միջոցները: Այլընտրանքային միջոցներից են՝
- ասեղնաբուժություն
- արթ-թերապիա
- վարժանքներ
- մերսում
- մեդիտացիա
- երաժշտության թերապիա
- ռելաքսացիոն վարժանքներ
- հոգևոր վարժանքներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024