Գրադարան
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ․ բարդություններ

2 րոպե
Տարածվող ենթաստամոքսային գեղձի կամ պանկրեատիկ քաղցկեղը կարող է առաջացնել տարբեր բարդություններ:
- Քաշի կորուստ. ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով մարդկանց մոտ մի շարք գործոններ կարող են առաջացնել քաշի կորուստ: Քաշի կորուստը կարող է կապված լինել նրա հետ, որ քաղցկեղը սպառում է օրգանիզմի էներգիան: Քաղցկեղի բուժման հետևանքով առաջացած սրտխառնոցն ու փսխումը կամ ստամոքսը ճնշող ուռուցքը կարող է դժվարացնել սննդի ընդունումը: Կամ ձեր օրգանիզմը կարող է դժվարությամբ յուրացնել սննդանյութերը, քանի որ ձեր ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ մարսողական հյութեր չի արտադրում:
- Դեղնուկ. ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որը փակում է լյարդի լեղածորանը, կարող է դեղնուկի պատճառ դառնալ: Ախտանիշները ներառում են դեղին մաշկը և աչքերը, մուգ գույնի մեզը և գունզրկված կղանքը: Դեղնուկը սովորաբար առաջանում է առանց որովայնի ցավի: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ պլաստմասե կամ մետաղական խողովակ (ստենտ) տեղադրվի լեղուղիների ներսում՝ այն բաց պահելու համար: Դա արվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (ԷՌԽՊ, ERCP) կոչվող միջամտությամբ: ԷՌԽՊ-ի ժամանակ էնդոսկոպն անցնում է ձեր կոկորդով, ստամոքսի միջով դեպի բարակ աղու վերին հատված՝ տասներկումատնյա աղի: Այնուհետև գունանյութ (կոնտրաստ) է ներարկվում ենթաստամոքսային գեղձի և լեղուղիների մեջ բարակ խողովակի (կաթետերի) միջոցով, որն անցնում է էնդոսկոպով: Վերջում, կատարվում է ծորանների պատկերային հետազոտություն:
- Ցավ. աճող կամ մեծացող ուռուցքը կարող է ճնշում գործադրել որովայնի նյարդերի վրա՝ առաջացնելով ցավ, որը կարող է դառնալ ուժեղ: Ցավազրկող դեղամիջոցները կարող են օգնել ձեզ, որ ավելի հարմարավետ զգաք: Բուժումները, ինչպիսիք են ճառագայթումը և քիմիոթերապիան, կարող են օգնել դանդաղեցնելու ուռուցքի աճը և որոշակիորեն թեթևացնել ցավը: Ծանր դեպքերում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ալկոհոլի ներարկում այն նյարդերի մեջ, որոնք վերահսկում են որովայնի ցավը (պարանոցային հյուսակի բլոկադա): Այս միջամտությունն արգելափակում է նյարդերից դեպի ձեր գլխուղեղ ցավային ազդանշանների հաղորդումը:
- Աղիների խցանում (անանցանելիություն). ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որն աճում է կամ ճնշում է բարակ աղու սկզբնական հատվածի՝ տասներկումատնյա աղու վրա, կարող է արգելափակել մարսված սննդի հոսքը դեպի աղիքներ: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ձեր բարակ աղիքում խողովակ (ստենտ) տեղադրվի՝ այն բաց պահելու համար: Որոշ իրավիճակներում կարող է օգնել վիրահատությունը, երբ տեղադրվում է սնուցման ժամանակավոր խողովակ կամ ստամոքսը միացվում է աղիների այն ստորին կետին, որը խցանված չէ քաղցկեղով:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-06-2021 վերանայվել է՝ 21-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: