Գրադարան

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ․ ախտորոշում

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ․ ախտորոշում

Time Read 2 րոպե

Եթե ձեր բժիշկը կասկածում է ենթաստամոքսային գեղձի կամ պանկրեատիկ քաղցկեղ, նա կարող է ձեզ առաջարկել հետևյալ հետազոտություններից մեկը կամ մի քանիսը:

  • Պատկերային հետազոտություններ. այս հետազոտություններմ օգնում են ձեր բժիշկներին դիտել ձեր ներքին օրգանները, ներառյալ՝ ենթաստամոքսային գեղձը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշման համար օգտագործվող մեթոդները ներառում են գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա), համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորումը, մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) և, երբեմն, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ):
  • Էնդոսկոպիկ գերձայնային հետազոտություն (էնդոսկոպիկ սոնոգրաֆիա). էնդոսկոպիկ գերձայնը (ԷԳՁ, EUS) օգտագործում է գերձայնային տվիչ՝ ձեր ենթաստամոքսային գեղձի պատկերները որովայնի ներսից ստանալու համար: Տվիչը անցկացվում է բարակ, ճկուն խողովակի միջով (էնդոսկոպ) ձեր կերակրափողով դեպի ստամոքս:
  • Հետազոտման համար հյուսվածքային նմուշի հեռացում (բիոպսիա). բիոպսիան միջամտություն է, որով մանրադիտակային հետազոտության համար նմուշառվում է հյուսվածքային փոքր նմուշ: Առավել հաճախ հյուսվածքը նմուշառվում է էնդոսկոպիկ գերձայնային միջոցառման ընթացքում, էնդոսկոպի խողովակով ներմուծված հատուկ գործիքով: Բիոպսիայի ամենահազվադեպ կիրառվող տարբերակը բարակ ասեղային ասպիրացիան է, երբ բժիշկը որովայնի պատով ասեղը մտցնում է մինչև ենթաստամոքսային գեղձ և ներարկիչով ներքաշում հյուսվածքային նմուշ:
  • Արյան թեստեր. ձեր բժիշկը կարող է ստուգել ձեր արյունը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջների կողմից արտազատվող հատուկ սպիտակուցների (ուռուցքային մարկերների) համար: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար օգտագործվող ուռուցքային մարկերի թեստը կոչվում է CA19-9: Դա կարող է օգտակար լինել հասկանալու համար, թե քաղցկեղն ինչպես է արձագանքում բուժմանը: Սակայն թեստը միշտ չէ, որ վստահելի է, քանի որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդ որոշ մարդկանց մոտ CA19-9-ի մակարդակը բարձրացած չէ, ինչը թեստը դարձնում է ավելի քիչ օգտակար:

Եթե ձեր բժիշկը հաստատում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշումը, նա փորձում է որոշել քաղցկեղի աստիճանը (փուլը): Օգտագործելով պատկերային հետազոտություններից ստացված տեղեկատվությունը, ձեր բժիշկը սահմանում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի փուլերից մեկը, որն օգնում է որոշել, թե որ բուժումներն են, որ կարող են առավել հավանական օգուտ բերել ձեզ:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի փուլերը նշվում են հռոմեական թվերով, որոնք տատանվում են 0-ից մինչև IV: Ամենացածր փուլերը ցույց են տալիս, որ քաղցկեղը սահմանափակված է ենթաստամոքսային գեղձով: IV փուլով քաղցկեղը տարածվել է մարմնի այլ շրջաններում:

Քաղցկեղի փուլավորման համակարգը շարունակում է զարգանալ և ավելի բարդ է դառնում, քանի որ քաղցկեղի ախտորոշման և բուժման մեթոդները մշտապես բարելավվում են:

Հարցրեք ձեր բժշկին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշման իր փորձի մասին: Եթե կասկածներ ունեք, ստացեք երկրորդ կարծիք։

Հոդվածը տեղադրվել է՝ 09-06-2021 վերանայվել է՝ 13-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով