Գրադարան

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ․ բուժում

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ․ բուժում

Time Read 4 րոպե

Ենթաստամոքսային գեղձի կամ պանկրեատիկ քաղցկեղի բուժումը կախված է քաղցկեղի փուլից և տեղակայումից, ինչպես նաև ձեր ընդհանուր առողջական վիճակից և անձնական նախասիրություններից:

Մարդկանց մեծամասնության համար ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման առաջին նպատակը հնարավորության դեպքում քաղցկեղը վերացնելն է: Երբ դա տարբերակ չէ, բուժմումը կարող է կենտրոնանալ ձեր կյանքի որակի բարելավման վրա և քաղցկեղի աճը կամ ավելի շատ վնաս պատճառելը սահմանափակելը:

Բուժումը կարող է ներառել վիրահատություն, ճառագայթում, քիմիոթերապիա կամ դրանց համակցությունը: Երբ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը տարածված է, և այս բուժումները, ամենայն հավանականությամբ, օգուտ չեն տալիս, ձեր բժիշկը կկենտրոնանա ախտանիշների թեթևացման վրա (պալիատիվ խնամք)՝ հնարավորինս երկար ժամանակ ձեզ առավելագույն հարմարավետ պահելու համար:

Վիրահատություն

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով մարդկանց մոտ օգտագործվող վիրահատությունները ներառում են հետևյալը:

  • Ենթաստամոքսային գեղձի գլխիկի ուռուցքի վիրահատություն. եթե քաղցկեղը տեղակայված է պանկրեասի գլխիկի վրա, բժիշկը կարող է առաջարկել Ուիպլի (Whipple) միջամտություն (պանկրեատիկոդուոդենէկտոմիա): Սա տեխնիկապես խիստ բարդ վիրահատություն է, որի ընթացքում հեռացվում են ենթաստամոքսային գեղձի գլխիկը, 12-մատնա աղին, լեղապարկը, լեղածորանի մի մասը և մոտակա ավշային գեղձերը, որոշ դեպքերում՝ նաև ստամոքսի և հաստ աղու մի մասը, որից հետո վերամիացնում գեղձի մնասցած մասը, ստամոքսը և աղիները, որ հնարավորինս պահպանվի սննդի մարսողությունը:
  • Ենթաստամոքսային գեղձի մարմնի և պոչի ուռուցքի վիրահատություն. ենթաստամոքսային գեղձի ձախ կողմի (մարմին և պոչ) վիրահատական հեռացումը նաև կոչվում է դիստալ պանկրեատէկտոմիա: Վիրաբույժը նաև կարող է հեռացնել փայծաղը:
  • Ամբողջական ենթաստամոքսային գեղձի հեռացում. որոշ իրավիճակներում կարող է ցուցված լինել ամբողջական գեղձի հեռացման վիրահատություն, որը կոչվում է տոտալ պանկրեատէկտոմիա: Դուք կարող են հարաբերականորեն նորմալ ապրել առանց ենթաստամոքսային գեղձի, սակայն պետք է ողջ կյանքի ընթացքում ստանաք ինսուլին և պանկրեատիկ ֆերմենտներ:
  • Ուռուցքով ախտահարված մոտակա արյունատար անոթների վիրահատություն. տարածված քաղցկեղով բազմաթիվ մարդկանց համար Ուիպլի կամ այլ վիրահատությունները ցուցված չեն, եթե ուռուցքը ներաճել է դեպի մոտակա արյունատար անոթներ: Նման իրավիճակներում բարձր մասնագիտակցված կենտրոններում կարող են առաջարկել ենթաստամոքսային գեղձի հարակից ախտահարված անոթների հեռացում և ռեկոնստրուկցիա:

Այս վիրահատություններից յուրաքանչյուրն ունի է արյունահոսության և վարակի ռիսկ: Վիրահատությունից հետո որոշ մարդիկ ունենում են սրտխառնոց և փսխում, եթե ստամոքսը դժվարությամբ է դատարկվում (ստամոքսի հետաձգված դատարկում): Ակնկալեք երկարաժամկետ վերականգնում այս միջամտություններից որևէ մեկից հետո: Դուք մի քանի օր կանցկացնեք հիվանդանոցում, իսկ հետո մի քանի շաբաթ կվերականգնվեք տանը:

Լայնածավալ հետազոտությունները ցույց են տալիս, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վիրահատությունը հակված է ավելի քիչ բարդություններ առաջացնել, երբ իրականացվում է բարձր փորձառու վիրաբույժների կողմից այն կենտրոններում, որոնք կատարում են այս վիրահատություններից շատերը: Մի երկմտեք հարցնելու ձեր վիրաբույժի և հիվանդանոցի փորձի մասին՝ կապված ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վիրահատության հետ: Եթե կասկածներ ունեք, ստացեք երկրորդ կարծիք։

Քիմիոթերապիա

Քիմիոթերապիան օգտագործում է դեղամիջոցներ, որոնք օգնում են քաղցկեղի բջիջների ոչնչացմանը: Այս դեղերը կարող են ներարկվել երակի մեջ կամ ընդունվել բերանով: Դուք կարող եք ստանալ մեկ քիմիաթերապիայի դեղամիջոց կամ մի քանի դեղերի համակցություն:

Քիմիոթերապիան նաև կարող է զուգակցվել ճառագայթային թերապիայի հետ (քիմիոռադիացիա): Քիմիոռադիացիասովորաբար օգտագործվում է քաղցկեղի բուժման համար, որը ենթաստամոքսային գեղձից չի տարածվել այլ օրգաններ: Մասնագիտացված բժշկական կենտրոններում այս համակցությունը կարող է օգտագործվել վիրահատությունից առաջ՝ օգնելու ուռուցքի փոքրացմանը: Երբեմն այն օգտագործվում է վիրահատությունից հետո՝ նվազեցնելու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կրկնվելու ռիսկը:

Ենթաստամոքսային գեղձի տարածված քաղցկեղով և մարմնի այլ մասերում մետաստազային քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ քիմիոթերապիան կարող է օգտագործվել քաղցկեղի աճը վերահսկելու, ախտանիշները թեթևացնելու և ապրելիությունը երկարացնելու համար:

Ճառագայթային թերապիա

Ճառագայթային թերապիան քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար օգտագործում է բարձր էներգիայի ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյան և պրոտոններից ստացված ճառագայթները: Դուք կարող եք ճառագայթային թերապիա ստանալ քաղցկեղի վիրահատությունից առաջ կամ հետո, հաճախ՝ քիմիոթերապիայի հետ համատեղ: Կամ ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ճառագայթային և քիմիաթերապիայի թերապիաների զուգակցում, երբ ձեր քաղցկեղը հնարավոր չէ բուժել վիրահատական ճանապարհով:

Ճառագայթային թերապիան սովորաբար իրականացվում է մի սարքով, որը շարժվում է ձեր շուրջը՝ ուղղելով ճառագայթումը ձեր մարմնի կոնկրետ կետերին (արտաքին փնջային ճառագայթում): Մասնագիտացված բժշկական կենտրոններում ճառագայթային թերապիան կարող է իրականացվել վիրահատության ժամանակ (ներվիրահատական ճառագայթում):

Ավանդական ճառագայթային թերապիան քաղցկեղի բուժման համար օգտագործում է ռենտգենյան ճառագայթներ, սակայն որոշ բժշկական կենտրոններում առկա է պրոտոնների օգտագործմամբ ճառագայթման ավելի նոր ձև: Որոշ իրավիճակներում պրոտոնային թերապիան կարող է օգտագործվել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար, և այն կարող է ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունենալ՝ համեմատած ստանդարտ ճառագայթային թերապիայի հետ:

Պալիատիվ խնամք

Պալիատիվ խնամքը մասնագիտացված բժշկական օգնություն է, որը կենտրոնանում է ցավից և ծանր հիվանդության այլ ախտանիշներից ազատվելու վրա: Պալիատիվ խնամքը նույնը չէ, ինչ հոսփիսային խնամքը կամ կյանքի վերջի խնամքը: Պալիատիվ խնամքն իրականացվում է բժիշկների, բուժքույրերի, սոցիալական աշխատողների և հատուկ պատրաստված այլ մասնագետների թիմերի կողմից: Այս թիմերը նպատակ ունեն բարելավել քաղցկեղով հիվանդ մարդկանց և նրանց ընտանիքների կյանքի որակը:

Պալիատիվ խնամքի մասնագետները աշխատում են ձեր, ձեր ընտանիքի և ձեր մյուս բժիշկների հետ՝ տրամադրելու լրացուցիչ աջակցություն, որը լրացնում է ձեր ընթացիկ բժշկական օգնությունը: Այն հաճախ օգտագործվում է ագրեսիվ բուժում անցնելիս, ինչպիսիք են վիրահատությունը, քիմիոթերապիան և ճառագայթային թերապիան:

Երբ պալիատիվ խնամքն օգտագործվում է այլ համապատասխան բուժումների հետ միասին, հատկապես ախտորոշումից անմիջապես հետո, քաղցկեղով հիվանդ մարդիկ կարող են իրենց ավելի լավ զգալ և ավելի երկար ապրել:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-06-2021 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով