Պարկինսոնի հիվանդությունը հաճախ ուղեկցվում է հետևյալ լրացուցիչ խնդիրներով, որոնք որոշ դեպքերում բուժելի են:
- Մտածողության դժվարություններ. դուք կարող եք առնչվել ճանաչողական խնդիրների (դեմենցիա) և մտածողության դժվարությունների հետ: Դրանք սովորաբար ի հայտ են գալիս Պարկինսոնի հիվանդության վերջին փուլերում: Նման ճանաչողական (կոգնիտիվ) խնդիրները սովորաբար չեն մեղմանում դեղամիջոցներով:
- Դեպրեսիա և հուզական փոփոխություններ. դուք կարող եք ունենալ դեպրեսիա, երբեմն՝ շատ վաղ փուլերում: Դեպրեսիայի համար բուժում ստանալը կարող է հեշտացնել Պարկինսոնի հիվանդության մյուս դժվարությունների դիմակայումը: Դուք նաև կարող եք ունենալ այլ հուզական փոփոխություններ, ինչպիսիք են վախը, անհանգստությունը կամ շարժառիթների կորուստը: Բժիշկները կարող են ձեզ դեղորայք տալ այս ախտանիշները բուժելու կամ մեղմացնելու համար:
- Կուլ տալու խնդիրներ. ձեզ մոտ կարող են զարգանալ կուլ տալու հետ կապված դժվարություններ, երբ հիվանդությունը հարաճուն զարգանում է: Դանդաղ կուլ տալու պատճառով թուքը կարող է կուտակվել բերանում՝ հանգեցնելով թքահոսության:
- Ծամելու և ուտելու հետ կապված խնդիրներ. Պարկինսոնի հիվանդության վերջին փուլը ազդում է բերանի մկանների վրա՝ դժվարացնելով ծամելը: Սա կարող է հանգեցնել վատ սնվելու կամ խեղդամահության:
- Քնի հետ կապված խնդիրներ և քնի խանգարումներ. Պարկինսոնի հիվանդությամբ մարդիկ հաճախ ունենում են քնի հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ ողջ գիշեր հաճախակի արթնանալը, վաղ արթնանալը կամ օրվա ընթացքում քնելը: Կարող են նաև զարգանալ աչքերի արագ շարժման փուլի քնի խանգարում: Դեղորայքը կարող է բարելավել ձեր քունը:
- Միզապարկի հետ կապված խնդիրներ. Պարկինսոնի հիվանդությունը կարող է առաջացնել միզապարկի հետ կապված խնդիրներ, ներառյալ մեզի վերահսկման անկարողություն կամ միզելու դժվարություն:
- Փորկապություն. Պարկինսոնի հիվանդությամբ բազմաթիվ մարդկանց մոտ առաջանում է փորկապություն, որը հիմնականում պայմանավորված է մարսողական խողովակի դանդաղացած գալարակծկանքներով:
Դուք կարող եք ունենալ նաև այս խնդիրները:
- Արյան ճնշման փոփոխություններ. դուք կարող եք արյան ճնշման հանկարծակի անկման պատճառով գլխապտույտ կամ ուշագնաց լինելու զգացում ունենալ, երբ կանգնում եք (օրթոստատիկ հիպոթենզիա):
- Հոտառության խանգարում. դուք կարող եք խնդիրներ ունենալ ձեր հոտառության հետ, օրինակ՝ դժվարություններ ունենալ որոշ հոտերի զգացողության կամ հոտերը միմյանցից տարբերելու հարցում:
- Հոգնածություն. Պարկինսոնի հիվանդությամբ բազմաթիվ մարդիկ կորցնում են ներուժը և հոգնածություն են զգում, հատկապես օրվա ընթացքում: Պատճառը միշտ չէ, որ հայտնի է:
- Ցավ. Պարկինսոնի հիվանդությամբ որոշ մարդիկ ցավ են զգում կամ իրենց մարմնի որոշակի հատվածներում կամ ամբողջ մարմնում:
- Սեռական դիսֆունկցիա. Պարկինսոնի հիվանդությամբ որոշ մարդիկ նկատում են սեռական ցանկության կամ գործունեության նվազում:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024