Պարվովիրուսով վարակված մարդկանց մեծամասնությունը գանգատներ կամ ախտանիշներ չունի:
Երբ ախտանշանները հայտնվում են, դրանք զգալիորեն տարբերվում են՝ կախված նրանից, թե քանի տարեկանում եք վարակվել այս վիրուսով:
Պարվովիրուսի ախտանիշները երեխաների մոտ
Երեխաների մոտ պարվովիրուսային վարակի վաղ գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- ջերմություն
- ստամոքսի խանգարում
- գլխացավ
- քթահոսություն (հարուխ):
Բնորոշ դիմային ցան
Վաղ ախտանիշների ի հայտ գալուց մի քանի օր հետո ձեր երեխայի դեմքին, սովորաբար՝ երկու այտերի վրա կարող է հայտնվել վառ կարմիր ցան, որը նաև կոչվում է ապտակի ախտանիշ (ապտակված այտեր): Ի վերջո, այն կարող է տարածվել ձեռքերի, իրանի, ազդրերի և հետույքի վրա, որտեղ ցանն ունի վարդագույն, ժանյակավոր, մի փոքր բարձրացած տեսք: Ցանը, հատկապես ոտնաթաթերի ներբանների վրա, կարող է հարուցել քոր։
Ցանը սովորաբար հայտնվում է հիվանդության ավարտին մոտ: Հնարավոր է պարվովիրուսային ցանը շփոթել այլ վիրուսային ցանի կամ դեղամիջոցի հետ կապված ցանի հետ: Ցանը կարող է առաջանալ և շարունակվել մինչև երեք շաբաթ և ավելի տեսանելի դառնալ, երբ ձեր երեխան ենթարկվում է տաքության ազդեցությանը կամ ժամանակ է անցկացնում արևի տակ:
Պարվովիրուսի ախտանիշները չափահասների մոտ
Չափահասների մոտ սովորաբար ապտակի ախտանիշ չի առաջանում: Դրա փոխարեն, չափահասների շրջանում պարվովիրուսային վարակի առավել դիտարժան ախտանիշը հոդացավն է, որը տևում է օրերից մինչև շաբաթներ: Առավել հաճախ ախտահարվում են ձեռքերի, դաստակների, ծնկների և կոճերի հոդերը:
Ե՞րբ դիմել բժշկին
Ընդհանուր առմամբ, պարվովիրուսային վարակի համար բժշկին այցելելու կարիք չկա: Սակայն, եթե դուք կամ ձեր երեխան ունեք որևէ այլ հիվանդություն կամ առողջական խնդիր, որը կարող է մեծացնել բարդությունների ռիսկը, պայմանավորվեք ձեր բժշկի հետ արտահերթ այցի համար: Նմանատիպ խնդիրներից են՝
- մանգաղաբջջային սակավարյունություն (անեմիա)
- թուլացած իմունային համակարգ
- հղիություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024