Ձեր բժիշկը կաշխատի ձեզ հետ՝ գտնելու ձեր երեխայի քնի ապնոէի համար ամենահարմար բուժումը:
Բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Դեղեր. տեղային ազդեցության քթային ստերոիդները, ինչպիսիք են Ֆլյուտիկազոնը (Ֆլովենտ HFA, Քսհանս և այլն) և Բուդեսոնիդը (Ռինոկորտ, Պուլմիկորտ Ֆլեքսհոլեր և այլն), կարող են թեթևացնել քնի ապնոէի ախտանիշները որոշ երեխաների մոտ, ովքեր ունեն թեթև քնի օբստրուկտիվ ապնոէ: Ալերգիա ունեցող երեխաների համար Մոնտելուկաստը (Սինգուլյար) կարող է օգնել թեթևացնելու ախտանիշները, երբ օգտագործվում է առանձին կամ քթային ստերոիդների հետ զուգակցված:
- Նշագեղձերի և ադենոիդների հեռացում. միջին և ծանր քնի ապնոէի դեպքում ձեր երեխայի բժիշկը կարող է ձեր երեխային ուղղեգրել մանկական քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվությա, ով կարող է քննարկել ձեր երեխայի նշագեղձերը և ադենոիդները հեռացնելու հարցը: Ադենոտոնզիլեկտոմիան կարող է բարելավել քնի օբստրուկտիվ ապնոէն՝ բացելով շնչուղիները: Կարող են նաև առաջարկվել վերին շնչուղիների վիրահատության այլ ձևեր՝ ելնելով երեխայի վիճակից:
- Շնչուղիների դրական ճնշման թերապիա. շնչառուղիների շարունակական դրական ճնշման (CPAP) և երկաստիճան դրական շնչուղիների ճնշման (BPAP) դեպքում փոքր սարքերը օդը փչում են խողովակի միջով, որն ամրացված է ձեր երեխայի քթին կամ քթին ու բերանին ամրացված դիմակին: Սարքն օդային ճնշում է ուղարկում ձեր երեխայի կոկորդի հետևի մասում՝ ձեր երեխայի շնչուղիները բաց պահելու համար: Մանկական քնի օբստրուկտիվ ապնոէն հաճախ բուժվում է շնչուղիների դրական ճնշման թերապիայի միջոցով, երբ դեղամիջոցները կամ ադենոիդների և նշագեղձերի հեռացումը արդյունավետ չեն: Դիմակի ճիշտ տեղադրումը և երեխայի աճի հետ մեկտեղ դրա փոփոխությունը կարող են օգնել երեխային, որ հաղթահարի քնած ժամանակ դիմակի մշտական առկայությունը:
- Բերանային (օրալ) հարմարանքներ. ձեր երեխայի բժիշկը կարող է առաջարկել բերանի խոռոչի համար նախատեսված հարմարանքներ, ինչպիսիք են ատամնաբուժական միջոցները: Դրանք օգնում են ընդլայնելու քիմքը և քթային անցուղիները։ Այս հարմարանքները նաև կարող են ձեր երեխայի ստորին ծնոտը և լեզուն առաջ ուղղել՝ նրա վերին շնչուղիները բաց պահելու համար: Միայն որոշ երեխաներ են օգուտ ստանում այս հարմարանքներից:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024