Գրադարան
Պերիկարդիտ

3 րոպե
Պերիկարդիտը սիրտն արտաքինից ծածկող պարկանման թաղանթի՝ պերիկարդի բորբոքումն է:
Պերիկարդիտները հաճախ ուղեկցվում են կրծքավանդակի ցավերով, իսկ երբեմն՝ նաև այլ ախտանիշներով:
Պերիկարդիտի առկայությունը պահանջում է մշտական հսկողություն և արդյունավետ բուժում, որ մեղմացվեն գանգատները և կանխարգելվեն հնարավոր բարդությունները: Բարդություններ զարգանալու դեպքում կարող է առաջանալ վիրահատական բուժման անհրաժեշտություն:
Պերիկարդիտի տեսակները
Պերիկարդիտի հիմնական տեսակներն են՝
- սուր պերիկարդիտ, երբ ախտանիշները սկսվում են հանկարծակի, բայց երկար չեն տևում
- քրոնիկ պերիկարդիտ, երբ ախտանիշները զարգանում են աստիճանաբար, ստանում են երկարատև ընթացք կամ կայունանում են սուր պերիկարդիտից հետո
- կրկնվող (ռեկուրենտ) պերիկարդիտ, որն իրենից ներկայացնում է ժամանակ առ ժամանակ կրկնվող սուր պերիկարդիտ:
Պերիկարդիտի պատճառները
Սովորաբար պերիկարդիտի պատճառը մնում է անհայտ: Հաճախ կասկածվում է վիրուսային վարակի դերը, որը սակայն դժվար է հաստատել:
Պերիկարդիտը կարող է զարգանալ նաև սրտամկանի ինֆարկտից հետո։ Ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից են աուտոիմուն հիվանդությունները (օրինակ՝ համակարգային կարմիր գայլախտ, ռևմատոիդ արթրիտ), բակտերիալ վարակի բարդությունը, սրտի կամ կրծքավանդակի վնասվածքները:
Պերիկարդիտի ախտանիշները
Պերիկարդիտի ամենահիմնական ախտանիշը կրծքավանդակի սուր ցավերն են, որոնք տեղակայված են ձեր կրծոսկրի կենտրոնում կամ կրծքավանդակի ձախ կեսում: Ցավը կարող է ճառագայթվել դեպի պարանոց կամ թիակներ, սաստկանալ շարժվելիս և զգալի կերպով մեղմանալ իրանն առաջ թեքելիս ու ձեռքերին հենվելիս:
Պերիկարդիտի պատճառից կախված, կարող են գրանցվել նաև՝
- ջերմության ոչ կտրուկ բարձրացում
- սրտխփոցի զգացում
- շնչարգելություն
- ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
- սրտխառնոց
- չոր հազ
- ծանր դեպքերում՝ ոտնաթաթերի կամ որովայնի այտուցվածություն:
Պերիկարդիտի բարդությունները
Պերիկարդիտի բարդությունները ներառում են հետևյալը:
- Կոնստրիկտիվ պերիկարդիտ, երբ պերիկարդիումն անդառնալի կերպով հաստանում և սպիանում է՝ խոչընդոտելով սրտի նորմալ աշխատանքը և առաջացնելով սրտային անբավարարություն (ոտնաթաթերի և որովայնի այտուցվածություն):
- Սրտի տամպոնադա, որը կյանքին սպառնացող վիճակ է, քանի որ պերիկարդի տակ հավաքված հեղուկը սեղմում է սիրտը՝ խաթարելով վերջինիս աշխատանքը (սուր սրտային անբավարարություն) և բերելով արյան ճնշման կտրուկ անկման (կտրուկ հիպոտենզիա և կոլապս):
Պերիկարդիտի ախտորոշումը
Բժիշկը կզրուցի ձեզ հետ, ստետոսկոպով կլսի ձեր սիրտը, ըստ անհրաժեշտության կնշանակի արյան թետեր և այլ հետազոտություններ, և եթե ձեզ մոտ կասկածի պերիկարդիտ, կավելացնի կրծքավանդակի ռենտգեն՝ ստուգելու ձեր սրտի չափերը և ձևը։ Որոշ դեպքերում կարող է առաջանալ նաև համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) կամ մագինսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտության անհրաժեշտություն:
Պերիկարդիտի ժամանակ բավականին օգտակար տվյալներ կարող է տրամադրել նաև էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ):
Պերիկարդիտի բուժումը
Բուժումը կախված է պերիկարդիտի տեսակից: Այն կարող է ներառել՝
- ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ)՝ բորբոքումն ու այտուցը նվազեցնելու համար
- հակաբիոտիկներ, եթե առկա է բակտերիալ վարակ
- Կոլխիցին, որը հաճախ նշանակում են ռեկուրենտ պերիկարդիտի բուժման մեջ
- սովորական ցավազրկողներ:
Եթե հայտնաբերվում է պերիկարդիտի պատճառը, առանձին բուժում է տարվում նաև դրա դեմ:
Բուժումից հետո ձեզ կարող են որոշ ժամանակ պահել մշտական հսկողության ներքո՝ վերահսկելու հնարավոր բարդությունները:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-05-2018 վերանայվել է՝ 11-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: